loading...

Ինչ է խոսել պայմանագրային զինծառայողը եղբոր հետ մահից առաջ տեղի ունեցածն առեղծված է դարձել



Դիտումներ ` 2438
Ինչ է խոսել պայմանագրային զինծառայողը եղբոր հետ մահից առաջ տեղի ունեցածն առեղծված է դարձել

Լոռու մարզի Քարկոփ գյուղում այսօր հողին հանձնեցին հուլիսի 28-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի սահմանագոտում գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով հայտնաբերված պայմանագրային զինծառայող 1984թ-ին ծնված Արկադի Լևոնի Ղամբարյանի դին: 

Պայմանագրային զինծառայողի եղբայրը՝ Համլետ Ղազարյանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ նա առաջին անգամ էր դիրքեր բարձրացել. «Բարձրացավ պոստ, հաջորդ օրը զանգեց, ասեց՝ ախպե′ր, լավ եմ: Ասեցի՝ պոստեր ա, զգույշ կլինես: Հաջորդ օրը զանգեցին, թե՝ ախպերդ չկա: Թե ով ա խփել, ոնց` դեռ պարզ չի: Հակառակորդի կողմից կրակոց չի եղել, ինչ եղել ա, եղել ա իրանց մեջ»,- ասել է եղբայրը` հավելելով, որ դեպքի պահին Արկադին քնած է եղել: Հարազատներին հայտնել են, թե դիրքում գտնվող ծառայակից ընկերները զենքի հետ անփույթ են վարվել, ինչի արդյունքում զենքը կրակել է, ու փամփշուտը կպել է Արկադիին: Պայմանագրային զինծառայողին ճանաչող Օլեգ Դուլգարյանը սոցցանց իր էջում Արկադիին բնորոշել է համեստ ու աշխատող երիտասարդի, իսկ դեպքը ըստ Դուլգարյանին հասած լուրերի՝ սպանություն է. «Ծառայության ընթացքում սպանվել է պայմանագրային զինծառայող Արկադի Ղամբարյանը` ՀՀ Լոռու մարզի Քարկոփ գյուղից: Լուրեր են հասնում, որ Արկադի Ղամբարյանը սպանվել է հայ ծառայակցի կողմից արձակված կրակոցից: Արկադի Ղամբարյանին անձամբ ճանաչել եմ, համեստ, աշխատող, հասնող, սովորական տղա էր, սոցիալապես անապահով, երեք անչափահաս երեխաների հայր: Շատ էր մտահոգվում հիվանդ երեխայի և կնոջ առողջականով: Անընդհատ ուզում էր գումար աշխատել, որ բուժման տանի կնոջը, և դրա համար բոլորովին վերջերս պայմանագրային զինծառայության անցավ: 

Այդպիսի համեստ տղային սպանեն վեճի հողի վրա լրիվ հավանական է, եթե հաշվի առնենք, որ պայմանագրային զինծառայողների մի հատված կա, որոնք առօրյա կյանքում ոչնչով չեն զբաղվում, ֆիզիկական աշխատանքը իրենց համար չէ: Քաղաքացիական կյանքում ամբողջ օրը խմում են, վեճեր ու դեբոշներ սարքում: Իրենք հաճախ են անցնում զինվորական ծառայության` այլընտրանք չունենալով, գտնելով դա որպես փող աշխատելու հեշտ տարբերակ և շատ դեպքերում իրենց քաղաքացիական կյանքում դրսևորած բարքերը տեղափոխում են ծառայության վայր»: 

ArmLur.am-ին դեռ դեպքի օրը տեղեկություններ հասան, որ կատարվածը սպանություն է. «Իրար հետ կռվել են պոստերում, ու գլխից խել է»,- ասել էր մեր աղբյուրը` հավելելով, որ ինչ-որ մարդիկ ցանկանում են սպանությունը ներկայացնել որպես կամ հակառակորդի արձակած կրակոց, կամ էլ՝ դժբախտ պատահար: Թե որքանով են մեզ հասած տեղեկությունները հավաստի՝ ճշտել չհաջողվեց: Փաստացի այսօր արդեն հերքվեց հակառակորդի արձակած կրակոցի վարկածը, հիմա էլ փաստորեն քննարկվում է դժբախտ պատահարի սցենարը: 

 


loading...

Փակել