Երեկ ողջ գիշեր Ադրբեջանում լույս չի եղել: Պաշտոնական վարկածն այն է, որ սաստիկ շոգերի պատճառով ՋԷԿ-ի տրանսֆորմատորը խափանվել է: Մի քանի ժամ անց էլեկտրամակտարարումը վերականգնվեց, բայց Բաքվում եւ այլ քաղաքներում իսկական քաոս էր: Զտիչ կայաններում էլեկտրականության բացակայության պատճառով դադարեցվել է ջրամատակարարումը, չեն աշխատել տրանսպորտը, բջջային օպերատորները, խափանվել է կապը:
Կենսական գործառույթները վերականգնվել են միայն օրվա կեսին: Այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ Իլհամ Ալիեւը հանձնաժողով է ստեղծել, որ պարզի վթարի պատճառները:
Ադրբեջանական լրատվամիջոցները հղում են անում պաշտոնական վարկածին, սակայն միեւնույն է այլ պատճառներ են փնտրում: Նրանք հայտնում են, որ էներգամատակարարման համակարգի կատարելագործման վրա վերջին տարիներին 4 միլիարդ դոլար է ներդրվել, եւ հիմա փոքր վթարը ոչ միայն հոսանքազրկել է ողջ հանրապետությունը, այլ նաեւ կաթվածահար է արել մյուս ոլորտները:
Վերջերս այդպիսի դեպքեր եղան Ղրիմում, ինչպես նաեւ Ուկրաինայում: Ընդ որում, մի շարք փորձագետներ կարծիք են հայտնել, որ էլեկտրոնային միջամտության համակարգ է փորձարկվել: Այլ խոսքով, քանի որ հիմա բոլոր համակարգերը տեղափոխվում են «ամպ» եւ գործում էլեկտրոնային ցանցում, փորձառու հաքերը կարող է կաթվածահար անել դա:
Վթարից հետո Ադրբեջանում փորձագետներն սկսել են խոսել այդ երկրի ենթակառուցվածքների խոցելիության մասին: Բոլոր ձվերը մի զամբյուղում են դրել, ասում են բլոգերները: Բավական է գտնել հիմնական կետը, եւ կարելի է շարքից հանել ողջ ենթակառուցվածքները, գրում են նրանք:
Ալիեւի հանձնաժողովը հավանաբար կպարզի ով էր մեղավոր՝ շոգը, թե հաքերները, սակայն այդպիսի խոցելիության պայմաններում Ադրբեջանի գնած ժամանակակից սպառազինությունը վտանգավոր է դառնում նախ եւ առաջ Ադրբեջանի բնակչության համար: