loading...

Ինչ է կատարվում Նախիջևանում և ինչու է անհանգստանում հայկական կողմը



Դիտումներ ` 1605
Ինչ է կատարվում Նախիջևանում և ինչու է անհանգստանում հայկական կողմը

Հայաստանի իշխանություններն ուշադրության տակ են պահում Նախիջևանի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանը: Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության և ՀՀ արտաքին գործերի նախարարներ Դավիթ Տոնոյանը և Զոհրապ Մնացականյանն այցելել են ՀՀ հարավ-արևմտյան առաջնագիծ՝ Նախիջևանի ուղղությամբ։

«Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին, երկու նախարարները զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկությունները։ Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարեց լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում»,– տեղեկացրել է նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ուշագրավ է, որ մայիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր այցելել Նախիջևան, որտեղ մանկավարժական ինստիտուտի իր հանդիպումների ընթացքում ասել էր. «Վերջին տարիներին մենք շատ բան ենք արել ադրբեջանական բանակի ուժեղացման համար, ձեռք բերված ժանամանակակից ռազմական տեխնիկան նույնպես ուղղվել է Նախիջևան: Նախիջևանում տեղակայված ժամանակակից սպառազինությունը, այդ թվում՝ հեռահար հրթիռները, ի զորու են ոչնչացնելու թշնամու ցանկացած ռազմական թիրախ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Տոնոյան-Մնացականյան նախարարական կազմով այցը ՀՀ հարավ-արևմտյան սահման որոշ հարցեր է առաջացնում` ինչու է Պաշտպանության նախարարին միացել ԱԳ նախարարը, արդյոք իրավիճա՞կ է փոխվել Նախիջևանում, ի՞նչ սադրանքի մասին է խոսում Դավիթ Տոնոյանը, և ի՞նչ անվտանգության սպառնալիքներ ունի ներկայումս Հայաստանը Նախիջևանի ուղղությունից:

 



168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի այս հատվածը վերջին տարիներին տարածաշրջանային նշանակություն է ձեռք բերել: Ըստ նրա, բացի այն, որ սա Հայաստան-Ադրբեջան սահմանն է, որը խաղաղ չէ, ինչպես ղարաբաղաադրբեջանական շփման գիծն ու հայ-ադրբեջանական սահմանի մյուս հատվածները, սա նաև ՀԱՊԿ-Ադրբեջան սահմանն է, այն գոտին, որի ուղղությամբ սադրանքները նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի և ռազմաբազայի պատասխանատվության տիրույթում են, սա նաև այն հատվածն է, որտեղ հայկական ուժերի հակառակ կողմում նաև թուրքական զորամիավորումներ կան, ինչն էլ անուղղակիորեն վերաբերում է ՆԱՏՕ-ին:

«Այսինքն` սա բավականին հետաքրքիր իրադրություն է: Ես բնավ զարմանալի չեմ համարում հայկական կողմի ուշադրությունը սահմանի այս հատվածին, քանի որ հայկական կողմը նկատում է, որ Ադրբեջանը վերջին 5 տարիների ընթացքում հատկապես մեծ ուժեր է կենտրոնացրել Նախիջևանում, սահմանի այս հատվածում առաջին սադրանքները եղան 2014 թվականին, եթե չեմ սխալվում, և ժամանակի ընթացքում այս ուղղությամբ կրակահերթերը դարձան կայուն երևույթ, կարծես ընդլայնելով Ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը, այստեղ որոշ իրադարձություններ եղան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան ևս այցելեց այս սահման տարիներ առաջ, քանի որ իրավիճակն իսկապես մտահոգիչ էր:

Ներկայումս ևս մտահոգիչ է, քանի որ կա տեխնիկայի և ուժերի գերկենտրոնացում, հաճախակի զորավարժություններ, ուժի ցուցադրություն, նոր ուժերի տեղակայում, ուսուցում, թուրքական նորանոր մասնագետների ներգրավում այս աշխատանքներում:

 


Այսինքն` բավականին լուրջ աշխատանք է տարվում այս ուղղությամբ: Այս ուղղությունը զարգացվում է՝ և քաղաքական, և ռազմական նպատակներից ելնելով: Խոսեմ ռազմականի մասին, սա հարմար ուղղություն է պատերազմական գործողությունների վերսկսման պարագայում հայկական կողմին ճնշելու տեսանկյունից, բայց ես, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Ադրբեջանն այս հատվածից լուրջ գործողություններ նախաձեռնելու ցանկություն և վստահություն կունենա՝ շատ լավ հասկանալով, որ այստեղ գործ է ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի հետ, Ռուսաստանն իր հերթին, բացի Ադրբեջանից, նկատում է նաև Նախիջևանում ամրապնդվելու միջոցով Հարավային Կովկասում ազդեցությունն ընդլայնելու Թուրքիայի փորձերը:

Այստեղ ցանկացած գործողություն Ադրբեջանին է դնելու վտանգի տակ, քանի որ սա ըստ էության ՀԱՊԿ-Ադրբեջան սահման է, ցանկացած հարված կդիտարկվի՝ հարված ՀԱՊԿ-ին, հատկապես՝ Ռուսաստանին: Բայց հասկանալի է, որ սա ռազմավարություն է, հայտարարությունները ճնշումներ են հայկական կողմի նկատմամբ:

Կարծում եմ` էական զարգացումներ այստեղ չեն լինի: Բայց այն, որ նախարարները ծանոթանում են իրավիճակին, կարևոր է, քանի որ զենքի կուտակումը, նոր միջոցների տեղակայումն անհանգստացնող հանգամանք է, որի մասին պետք է տեղյակ լինի և գլխավոր դիվանագետը, և պաշտպանության նախարարը»,- ասաց Ֆելգենգաուերը:

Խոսելով հայաստանյան փորձագիտական համայնքի կողմից տարածվող տեղեկությունների մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է գրոհել Նախիջևանի կողմից, Ֆելգենգաուերն ասաց, որ փորձագետները ելնում են այն հանգամանքից, որ այստեղ մեծ ուժեր են կուտակվել: «Բայց ես իրական գործողությունները քիչ հավանական եմ համարում»,- ասաց նա:

https://168.am/2018/05/19/953760.html


loading...

Փակել