loading...

Ինչ է կատարվել Իրանում. Հայաստանի համար վտանգավոր տարբերակը



Դիտումներ ` 1507
Ինչ է կատարվել Իրանում. Հայաստանի համար վտանգավոր տարբերակը

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը

Ինչպե՞ս եք գնահատում դեկտեմբերի 28-ից Իրանում սկսված հակակառավարական ընդվզումը: Որքանո՞վ այն ունի ներքին և արտաքին դրդապատճառ:

Իրանից ստացվող տեղեկատվությունը բավական կցկտուր է, այնուամենայնիվ, որոշ  հետևություններ կարելի է փորձել այսօր արդեն անել։ Ընդհանրապես, զանգվածային բողոքները արդի Իրանի համար կարելի է ասել պարբերական բնույթ ունեն։ Նախորդ մեծ ալիքը եղավ 2009 թվին, այն ուներ հետընտրական բնույթ։ 1999-ին ծավալվեց ուսանողական մեծ շարժում։ Էլ չասած, որ 20-րդ դարի ընթացքում Իրանը երկու հեղափոխոթյուն է ապրել՝ 1905-1911 և 1978-1979 թվերին։ Բողոքների ներկայիս ալիքը կարծես տարբերվում է, օրինակ, 2009 և 1999 թվերից նրանով, որ այս անգամ բողոքները չունեն հստակ արտահայտված առաջնորդներ և քաղաքական օրակարգ։ Կա տպավորություն, որ բողոքների հիմնական պատճառը սոցիալական է։ Իրանում մեծ սպասումներ կային, որ Իրանի հանդեպ պատժամիջոցները հանելուց հետո սոցիալ-տնտեսական կյանքը կկարգավորվի, բայց այդպես չեղավ։

Դրան գումարվում են հակասությունները Իրանի իշխող էլիտայի տարբեր հատվածների միջև։ Իրանն ունի շատ յուրահատուկ քաղաքական համակարգ, որը կարելի է բնութագրել որպես ավտորիտարիզմ՝ ամբողջատիության և ժողովրդավարության որոշակի տարրերով։ Այստեղ ամբողջ ժամանակ ընթանում է պայքար այսպես կոչված պահպանողականների (կամ կղերականների) և չափավորների (կամ ազատականների) միջև։ Կա կարծիք, որ բողոքները սկսվեցին, երբ պահպանողականները կազմակերպեցին ակցիաներ ներկա նախագահ, չափավոր ազատական համարվող Ռուհանիի դեմ։ Սակայն, ինչպես դա հաճախ է լինում, իրադարձությունները դուրս եկան դրանք կազմակերպած ուժերի վերահսկողությունից։ Այս վարկածի օգտին խոսում է նաև այն փաստը, որ բողոքները սկսվել են պահպանողական համարվող Մեշհեդ և Ղոմ քաղաքներից։ Այժմ որոշ տեղերում ցուցարարները հանդես են գալիս ամբողջ քաղաքական համակարգի և գերագույն առաջնորդ Խամենեիի դեմ։ Լսվում են նաև արտաքին քաղաքականության հետ կապված պահանջներ՝ ուղղված արաբական երկրներում կոնֆլիկտներին Իրանի մասնակցության դեմ։ Որոշ դեպքերում ցուցարարները վանկարկում էին կոչեր՝ ուղղված միապետության, այսինքն՝ շահի իշխանության վերականգնմանը։ Որոշ վայրերում լսվում են անջատողական կոչեր։ Ընդհանուր առմամբ, որքան հասկանում եմ, բողոքներին տարբեր վայրերում մասնակցում են շատ տարբեր մարդիկ և չի կարելի ասել, որ նրանք ունեն ինչ-որ հստակ քաղաքական ծրագիր։

Ինչպե՞ս Իրանի ընդվզումները կազդեն Հայաստանի վրա:

Ինչ էլ տեղի ունենա Իրանում, Հայաստանին ձեռնտու չէ քաղաքական անկայունությունն այդ երկրում։ Հայաստանի համար ամենաբացասական զարգացումն այն կլինի, եթե բողոքները վերածվեն երկարատև քաղաքացիական կռիվների և քաոսի, ինչպես տեղի ունեցավ Սիրիայում։ Նաև մեզ համար ձեռնտու չէ, եթե այս ամենի հետևանքով ուժեղանան անջատողական շարժումները, հատկապես թյուրքաբնակ նահանգներում։ Բայց սա, կարծում եմ, քիչ հավանական տարբերակներ են։ Ամենայն հավանականությամբ, դրանք շուտով կճնշվեն, գուցե նաև մասնակի զիջումներ կարվեն։

 

 


Կարճաժամկետ կտրվածքով, Հայաստանին ձեռնտու է, որ Իրանում հնարավորինս շուտ վերականգնվի կայունությունը։ Իսկ երկարաժամկետ կտրվածքով Հայաստանին ձեռնտու է Իրանի քաղաքական համակարգի բարեփոխումը, քանի որ, ինչպես ցույց են տալիս այս իրադարձությունները, քանի դեռ Իրանում պահպանվում է ներկա քաղաքական համակարգը, այնտեղ կա պայթյունի մշտական վտանգ։ Բացի այդ, Իրանի հակամարտությունը Արևմուտքի հետ Հայաստանի համար խիստ բացասական հետևանքներ ունի։ Մեզ ձեռնտու է Իրանի ներքին քաղաքական համակարգի աստիճանական բարեփոխումը և Արևմուտքի հետ Իրանի հարաբերությունների բարելավումը, քանի որ դա հնարավորություն կտա ավելի ակտիվ համագործակցել Իրանի հետ։ Սակայն այսօր այդ ամենի մասին խոսելը վաղ է։

Արդյոք այս ամենը կապ ունի Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Որքանո՞վ սա կարող է հանգեցնել տարածաշրջանային ապակայունացման:

Անշուշտ կապ կա, բայց մեզանում, ցավոք, այդ կապը շատ պարզունակ է ընկալվում։ Շատերը կարծում են, որ ցանկացած զանգվածային բողոք կամ հեղափոխության փորձ հրահրվում է Արևմուտքի կամ մեկ այլ երկրի գաղտնի ծառայությունների կողմից։ Իրանի իշխանություններն էլ են մեղադրում հակառակորդ երկրների գործակալներին, ինչպես դա անում են նմանատիպ իրավիճակում հայտնված ցանկացած երկրի իշխանությունները։ Այո, Արևմուտքը, Իսրայելը և Սուդյան Արաբիան շահագրգռված են, որ Իրանում անկայունություն հաստատվի, սակայն առայժմ մենք չենք տեսել որևէ ապացույց, որ նրանք իրոք ինչ-որ կապ ունեն այս բողոքների հետ։ Ընդհանրապես աշխարհում որևէ գաղտնի ծառայություն չի կարող ստիպել, որ հազարավոր մարդիկ դուրս գան փողոց և իրենց կյանքը վտանգելով կռիվ տան իշխանությունների դեմ։ Առավել ևս, որ Իրանը բավական փակ երկիր է, որտեղ հասարակությունը գտնվում է ուժայինների խիստ հսկողության տակ և դժվար է պատկերացնել, որ այլ երկրների գաղտնի ծառայությունները կարող էին հրահրել նման բողոքի ալիք։ Թրամփը արդեն իր աջակցությունը հայտնեց Իրանի բողոքավորներին, սակայն դա եթե ինչ-որ ազդեցություն էլ ունենա զարգացումների վրա, ապա միայն կօգնի իշխանություններին՝ բողոքները ներկայացնել իբրև դրսից հրահրված, և ճնշել դրանք։

Իրականում խնդիրն այլ է։ Իրանը ընդգրկվել է Մերձավոր Արևելքում մի խաղի մեջ, որը պահանջում է մեծ ռեսուրսներ, իսկ Իրանի տնտեսական ռեսուրսները սահմանափակ են։ Այսօր իր տնտեսական ցուցանիշներով Իրանը բավական հետ է մնում ոչ միայն Արևմուտքից, ինչը բնական է, բայց նաև այնպիսի երկրներից, ինչպիսիք են, օրինակ, Չինաստանը, Ռուսաստանը, Բրազիլիան կամ Թուրքիան, առավել ևս նավթ արտահանող այնպիսի երկրներից, ինչպես օրինակ Սաուդյան Արաբիան։ Իրանցիներից շատերի կարծիքով, դրա պատճառը Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունն է։ Այսօր Իրանը ուղղակիորեն կամ միջնորդավորված մասնակցում է Սիրիայի և Եմենի կոնֆլիկտներին, աջակցում է Սիրիայում Ասադին, Լիբանանում՝ Հեզբոլլահին, Եմենում՝ հութիներին, Պաղեստինում՝ Իսլամական Ջիհադ կազմակերպությանը (նախկինում նաև Համաս շարժմանը) և այլն։ Այդ աջակցությունն արժե միլիոնավորներ դոլարներ, եվ դա այն դեպքում, երբ իրանցիներից շատերը չքավորության եզրին են, իսկ վերնախավին մեղադրում են կոռուպցիայի մեջ։ Այդ պատճառով էլ բողոքների ամենատարածված կարգախոսների մեջ կա մեկը, որ մոտավորապես այսպես կարելի է թարգմանել՝ «Չեմ տա իմ կայնքը ոչ Սիրիայի, ոչ Լիբանանի համար, իմ կյանքը՝ Իրանի համար»։ Շրջանառվող տեսանյութերից մեկում լսվում է նաև, թե ինչպես են ցուցարարները վանկարկում «մարգ բար Ռուսիյե»՝ մահ Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանն ընկալվում է որպես ներկա վարչակարգի դաշնակից։  


Ընդհանուր առմամբ, այստեղ նմանություն կա ԽՍՀՄ վերջին տարիների հետ, երբ ԽՍՀՄ ընկղմվեց Աֆղանստանում անհասկանալի պատերազմի մեջ և դա նպաստեց ԽՍՀՄ ճգնաժամին։ Սիրիան կարող է դառնալ Իրանի Աֆղանստանը, և Իրանի քաղաքական էլիտայում կան մարդիկ, որոնք գիտակցում են այդ վտանգը, սակայն առայժմ գերակշռում են այն ուժերը, որոնք գտնում են, որ պետք է շարունակել կենաց և մահվան կռիվը Արևմուտքի և սուննիական աշխարհի դեմ։ Բացի այդ, եթե Օբամայի օրոք կար Արևմուտքի հետ հաշտվելու հնարավորություն, այսօր, Թրամփի օրոք, այդ հնարավորությունը կարծես վերանում է։

Ի՞նչ եք կարծում, արդյոք ստեղծված իրավիճակը կհանգեցնի Իրանում հեղափոխության։

Կարճաժամկետ կտրվածքով՝ չեմ կարծում։ Այս բողոքները չափազանց ցրված են, չունեն միասնական ղեկավարություն, կամ առնվազն միասնական քաղաքական ծրագիր։ Ի տարբերություն 2009 թվականի, չափավոր կամ ազատական քաղաքական գործիչները չեն շտապում միանալ բողոքներին, քանի որ նրանց համար Ռուհանիի կառավարությունն ավելի ընդունելի է, քան նախկինում գոյություն ունեցած Ահմադինեջադի կառավարությունը։ Բայց, իհարկե, չենք կարող բացառել, որ իրադարձությունները կարող են անկանխատեսելի ընթացք ստանալ։ Իսկ երկրարժամկետ կտրվածքով, կարծում եմ, բողոքները ցույց տվեցին, որ իր ներկա տեսքով Իրանի քաղաքական համակարգը իրեն սպառել է և վաղ թե ուշ այն պետք է բարեփոխվի, այլապես կարող է տեղի ունենալ մի նոր պայթյուն, որն ավելի ուժգին կլինի, և որին համակարգը չի դիմանա։

Այս ամենը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա:

Հայաստան-Իրան հարաբերությունները հիմնված են աշխարհքաղաքական ընդհանուր շահերի վրա։ Ինչ իշխանություն էլ լինի Իրանում՝ կղերական թե աշխարհիկ, պահպանողական թե ազատական, այն համագործակցելու է Հայաստանի հետ։ Մեզ համար վտանգավոր տարբերակը կլինի Իրանում քաոտիկ իրավիճակի ստեղծումը, կամ Հյուսիս-Արևմտյան Իրանում, այսինքն՝ թյուրքաբնակ տարածքներում անջատողական տրամադրությունների հաղթանակը։ Առայժմ կարծես թե նման զարգացումների հավանականությունը ցածր է, բայց եթե Իրանի քաղաքական համակարգը չկարողանա ադեկվատ հետևություններ անել այսօրվա իրավիճակից, ապա հետագայում այդ բացասական սցենարը կարող է իրականություն դառնալ։

http://www.lragir.am/index/arm/0/interview/view/167742

  •  

loading...

Փակել