Ծաղկաձորում ապրիլի 14-ին տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ: Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը: Լակոնիկ այս տեղեկատվությունը տարածել է ՀՀԿ մամուլի ծառայությունը` մինչ Նիկոլի Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում իր կողմնակիցներին կոչ էր անում` ավտոերթով հասնել Ծաղկաձոր ու շրջափակել Սերժ Սարգսյանին և ՀՀԿ վերնախավին:
Առհասարակ` այնպիսի տպավորություն է, որ գործ ունենք իրար հետ չառերեսվող երկու Հայաստանների հետ: Նիկոլ Փաշինյանը` մի քանի հարյուր կամ հազար կողմնակիցների հետ, կաթվածահար է արել Երևանի կենտրոնը, իսկ իշխանություններն` անխռով հետևողականությամբ, նախապատրաստվում են խորհրդարանի ապրիլի 17-ի նիստին` Սերժ Սարգսյանի վարչապետությանը:
ՀՀԿ-ի քայլերն, իհարկե` մեծ հաշվով, բխում են Սահմանադրությունից և խարսխված են խորհրդարանական ընտրությունների հետևանք քաղաքական ստատուս-քվոյի վրա: Այս հարթության վրա` անկախ մոտիվներից, իշխանությունն, անշուշտ, այս պահին ավելի է նույնանում քաղաքական, ինստիտուցիոնալ կառույցի հետ: Կրկնում ենք` խոսքը ոչ թե իշխանության որակի, քաղաքական բովանդակության, այլ` կոնկրետ իրավիճակում, նրա վարքագծի, գործողությունների մասին է:
Ընդդիմությունը Հայաստանում տարածք գրավելու անհրաժեշտություն, անշուշտ, ունի, բայց խոսքը հրապարակ կամ Հանրային ռադիոյի շենք «զավթելու» մասին չէ, որովհետև այդ ամենն ինքնանպատակ, նույնիսկ` փակուղային է, երբ Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ հանդես եկող ընդդիմությունն, ըստ էության, չունի քաղաքական տեքստ, ուղերձ, քաղաքական օրակարգ, որը քաղաքացիների համար պահանջարկված լինի նաև ապրիլի 17-ից հետո, երբ այլևս ավարտված կլինի վարչապետի ընտրությունը: Ի՞նչ նպատակ ուներ, օրինակ, Հանրային ռադիոյի շենքի «գրավումը», երբ Նիկոլ Փաշինյանը իր խոսքը ցանկացած պահի հասանելի է դարձնում հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց: Սակայն շատ ավելի մեծ խնդիրներ է հարուցում ընդդիմության աղքատիկ օրակարգի բովանդակությունը, որովհետև Սերժ Սարգսյանի գործոնը երբեք ոչ ոք այնքան չի բացարձակացրել, որքան «Մերժիր Սերժին» օրակարգով փողոց դուրս եկած ընդդիմադիրները:
Սերժ Սարգսյանի անունը ամենուր է, նա է այս երկրի միակ հերոսը, որովհետև այսօր այդ անունը պատկառանքով կամ հայհոյանքով հնչեցնում են Ծաղկաձորում ու Երևանի փողոցներում, իշխանություն ձևավորողներն ու դրա տապալմանը ձգտողները:
Իշխանության խնդիրը պարզ է ու դրան նույնիսկ չարժե անդրադառնալ, որովհետ Սերժ Սարգսյանի վարչապետությունը մինչև ամսի 17-ը կարող է կանխվել միայն այն դեպքում, եթե նման ցանկություն ունենա հենց ինքը` Սերժ Սարգսյանը:
Ավելի բարդ է փողոցում հեղափոխություն իմիտացնող գործիչների պարագան. նրանց առաջնորդում են հույզերը, քաոտիկ տրամադրությունները, անորոշությունը, մեկ տարի առաջ պոկված գնացքին հասնելու հուսահատ ձգտումը, բայց` ոչ քաղաքականությունը և ռացիոնալ օրակարգը:
Ընդդիմությանն` առաջին հերթին, անհրաժեշտ է քաղաքական նոր ասելիք, զարգացման ռեսուրս ունեցող օրակարգ. այդ դեպքում` փակ դռներն ու հրապարակները ընդդիմադիրների համար բաց կլինեն ինքնին: Ընդդիմությունն` ոչ թե հրապարակներ կամ շենքեր, այլ` կառավարման ինստիտուցիոնալ նոր միջավայրում իր տեղը գրավելու, նվաճելու խնդիր ունի:
Ընդդիմությանն անհրաժեշտ են ոչ թե Սերժ Սարգսյանին կամ որևէ մեկին բարձր ու թունդ հայհոյող, այլ` Հայաստանի ապագայի տեսլականը պատկերացնող, ուսյալ և լայն մտահորիզոն ունեցող գործիչներ:
Հայաստանի իշխանությունը հետամնաց և սպառված համակարգ է, սակայն այնքան պրիմիտիվ և անձնակենտրոն չէ, որպեսզի փլուզվի մի քանի հազար մարդու հայհոյանքների կամ քաոտիկ գործողությունների տարափի տակ: Հրապարակն այսօր ձախողվում է, որովհետև չունի ընդդիմադիր հայեցակարգ, քաղաքացիական կեցվածք:
Այս համատեքստում Սերժ Սարգսյանի ընտրությունը կանխորոշված է, եթե նույնիսկ ընդդիմադիրները, ոստիկանության լուռ հայացքի ներքո, «գրավեն» մի քանի փողոցներ ևս: