loading...

ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Հոկտեմբերյանում որդիները կոտորել են իրենց հոր երկրորդ 6 հոգանոց ընտանիքը, այդ թվում՝ 2 երեխայի



Դիտումներ ` 1001
ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Հոկտեմբերյանում որդիները կոտորել են իրենց հոր երկրորդ 6 հոգանոց ընտանիքը, այդ թվում՝ 2 երեխայի

Հոկտեմբերյանցի Յուրի Ա.-ն առաջին ամուսնությունից երեք որդի ուներ՝ Արթուրը՝ 1971 թվին ծնված, Արամը՝ 1972-ին և Արտակը՝ 1976-ին ծնված:

Երկրորդ ամուսնությունից, նոր ընտանիք ու ևս երկու երեխա ունենալուց հետո Յուրին իր ավագ որդիների հետ շփվում էր, առավել ևս, որ նրանք Հոկտեմբերյանից հեռու չէին ապրում իրենց մոր հետ: Ավագ որդին՝ Արթուրը, արդեն ընտանիք էր կազմել, երեխա ուներ: Միջնեկը՝ Արամը, 1993-ին զորակչվել էր բանակ: Բայց նա երկար չծառայեց: 1994 թվականի փետրվարի 19-ին տուն փախավ՝ հաստատ մտադրությամբ՝ այլևս զորամաս չի վերադառնա, կփախչի Ռուսաստան:

Սակայն Ռուսաստան փախչելու և «լավ կյանք» անելու համար փող էր պետք: Արամը փող հայթայթելու ճանապարհների մասին երկար չմտածեց: Որոշեց՝ մի տուն կմտնի, կթալանի ու՝ հայդե: Թե ինչ տուն պիտի մտներ՝ նույնպես երկար չփնտրեց: Մի տուն կար, որը հինգ մատի պես գիտեր՝ հոր տունն էր՝ Հոկտեմբերյանում… Ո՞վ կկասկածի, որ զավակն է հոր տունը թալանել… Այդպես՝ իր արածը չի էլ բացահատվի՝ մտածում էր Արամը…

Դասալիք Արամն իր մտադրության մասին հայտնեց քեռու տղային՝ 1971 թվին ծնված Արթուրին: Վերջինս էլ դեմ չէր Ռուսաստան գնալուն, այն էլ՝ հարուստի կարգավիճակով… Որոշեցին՝ Արթուրի մասնակցությունն այն է լինելու, որ թալանված իրերը մինչև մեկնելը կթաքցնեն նրա տանը:

Մարտ ամսվա մի քանի երեկո Արամն անցկացրեց հոր տանը: Ասում-խոսում էր, միաժամանակ ձեռքով թաքուն շոշափում էր կոստյումի տակ թաքցրած մահակն ու դանակը, բայց այդպես էլ սիրտ չարեց մենակ իրականացնել մտածածը:

Քեռորդի Արթուրին Արամն առաջարկեց միասին գնալ հոր տուն, միասին կատարել թալանը: Արթուրը… համաձայնեց: Արամը մի դաշույն էլ նրան տվեց:

Երկու-երեք օր պտտվեցին հոր տան շուրջբոլորը, բայց ներս չմտան: Վախենում էին, որ երկուսի ուժերը չբավականացնեն՝ ընդդեմ մի ամբողջ ընտանիքի:

Արամը որոշեց կրտսեր եղբորը՝ այդ պահին դեռ 17-ամյա Արտակին էլ մասնակից դարձնել: Արտակը նույնպես առանց երկմտելու տվեց իր համաձայնությունը: Կարծես հարցը ոչ թե ծանր հանցագործության, այն էլ՝ հարազատ հոր, նրա ընտանիքի նկատմամբ կատարվելիք հանցագործության մասին էր, այլ՝ մի հետաքրքիր, արկածային ճանապարհորդության…

Ինչքա՞ն խորհրդակցեցին երեքով, ե՞րբ կայացրին վերջնական որոշումը, որ իրենց հետքերը թաքցնելու միակ ճանապարհը հոր ամբողջ ընտանիքի, թալանի պահին տանը գտնվող բոլոր մարդկանց սպանությունն է:

Ամեն դեպքում՝ այդ անմարդկային որոշումը կայացվեց ո՛չ երկար խորհրդածությունների արդյունքում: Մի քանի օր հարկավոր եղավ…

1994 թվականի մարտի 21-ին երկու եղբայրներն ու նրանց քեռորդին էլեկտրագնացք նստեցին ու հասան Հոկտեմբերյան: Հանգիստ ճաշեցին մի խորտկարանում և ճամփա ընկան հայրական տուն:

Հոր տան մոտ կանգնեցին: Ծխեցին: Ապա թակեցին դուռը:

Հայրը բացեց դուռն ու ժպտալով բարևեց Արթուրին: Վերջինս բարևի նման մի բան արտաբերեց, ներս մտավ ու անմիջապես գնաց խոհանոց: Նրա հետևից տուն ներխուժեցին Յուրիի հարազատ զավակներ Արամն ու Արտակը՝ որպես ավազակներ…

Այն, ինչ կատարեցին նրանք հայրական հարկի ներքո, կներկայացվի դատական ակտի տողերով, քանի որ նման արարքները նկարագրելն անհնար է…

«Նախամուտքում 17-ամյա Արտակը դանակով հարվածել է հոր՝ Յուրիի որովայնին: Ապա նրան է միացել Արամ եղբայրը: Նրանք առանձին դաժանությամբ, դանակների 39 հարվածներով սպանել են իրենց հորը, իրենց ճանապարհից հեռացրել են տան տղամարդուն, ով կարող էր դիմադրել…

Արթուր Կ.-ն մտել է խոհանոց, դաշույնով սպառնացել է այնտեղ գտնվող Լաուրային՝ Յուրիի կնոջը, նրանց երեխաներին՝ 10 և 8 տարեկան Ալյոնային ու Ալիկին, իրենց պապ Արամին և բարեկամ Սամվելին, ով այդ օրը Յուրիի տանն էր գտնվում ճակատագրի բերումով: Արթուրը պահանջել ու վերցրել է Լաուրայի մատանիները, ականջօղերը, փոքրիկ Ալյոնայի ոսկե ականջօղերը: Դրանք հանձնել է խոհանոց մտած Արամին…



Արամի հանձնարարությամբ Արտակը մտել է տան բոլոր սենյակները, փնտրել է դրամ ու թանկարժեք զարդեր…

Արթուրը հսկել է խոհանոցում գտնվողներին, իսկ Արամն ու Արտակը հայրական տան արժեքավոր իրերը լցրել են պայուսակների, սավանի, ստվարաթղթե տուփերի մեջ և տեղավորել են Յուրիի «ՎԱԶ-2106» մեքենայի մեջ, որի մարտկոցը հանված էր…

Որոշել են տանը գտնվողներին խաբեությամբ կապկպել, հավաքել մի սենյակում ու սպանել…

Արթուրը պատշգամբից բերել է լվացքի պարանները: Արտակի հետ նախ բարեկամ Սամվելին են տարել հյուրասենյակ, խոստացել են չվնասել, ասել են, թե միայն կապկպելու են: Սամվելը չի դիմադրել: Նրան նստեցրել են բազկաթոռին, կապել են ձեռքերը, ոտքերը, փակել են բերանը: Ապա անցել են մյուսներին՝ ավելի թույլերին… Կապկպել են, փակել են բերանները: Բոլորին այդպես կապկպված՝ պառկեցրել են հյուրասենյակի հատակին , ծածկել են վերմակներով՝ իբր՝ որ չմրսեն… Բաց են թողել միայն գլուխները…

Խոհանոցից ավտոտնակ են տարել մեքենայի մարտկոցը, տեղադրել են Յուրիի մեքենայի վրա՝ այն հափշտակելու, ոճրագործությունից հետո դրանով փախուստի դիմելու և ավարը դրանով տեղափոխելու նպատակով…

Չբավարարվելով իրենց մոտ եղած դաշույններով, դանակներով, նրանք տանը գտնվող հինգ մարդկանց սպանությունը հեշտացնելու նպատակով ավտոտնակից վերցրել են նաև կեռ ծայր ունեցող մետաղե խողովակ…

Գնացել են հյուրասենյակ: Կապկպվածների աչքի առաջ նախ խողովակի ու դանակի 12 հարվածով սպանել են Լաուրային, դանակի 6 հարվածով՝ պապիկին, դանակի ու խողովակի 13 և 11 հարվածներով՝ փոքրիկ Ալյոնային ու Ալիկին, 13 հարվածով՝ Սամվելին:

Դանակի, դաշույնի, խողովակի 94 հարվածով սպանել են 6 մարդու… Հափշտակել են 363 հազար 492 դրամի գույք և սպանված Յուրիի մեքենայով կեսգիշերին դիմել են փախուստի…

Գնացել են տուն, արթնացրել են իրենց ավագ եղբայր Արթուրին: Պատմել են, թե ինչ են արել: Արթուրը համաձայնել է պարտակել նրանց կատարած ոճրագործությունը՝ թաքցրել է հայրական արյունախեղդ տանից ավարառված գույքը, զոհերի արյունից լվացել-մաքրել է ոճրագործ եղբայրներին ու բարեկամին:

Հոր մեքենան, որի բենզինը վերջացել էր, հրելով տարել են իրենց տանից հեռու, մեքենայի բանալիները թաղել են մոտակա պուրակում: Մեքենայի պետհամարանիշներն ու Արամի արյունոտ շորերը թաքցրել են մոտակա շենքի նկուղում, Արամի դանակը, Լաուրայի վկայականը, այլ թղթեր, որ վերցրել էին զոհերի տանից, թաքցրել ու այրել են…

Հիվանդանոց են տարել հորը սպանելու ժամանակ ձեռքը վնասած Արամին, վնասվածք ձեռքին վիրակապ է դրվել…

Առավոտյան ռուսականացրել են հոր տանից հափշտակած 400 դոլարը: Արթուրը հարևանին խնդրել է, որ Ռուսաստան մեկնող եղբայրներին ավտոբուսով հասցնել օդանավակայան: Վճարել է… 40 հազար ռուբլի…

Օդանավակայանում իրերը հանձնել են պահասենյակ: Սոչիի չվերթին սպասող եղբայրներին Արթուրը հրաժեշտ է տվել ու վերադարձել է տուն՝ չի սպասել ինքնաթիռի մեկնումին:

Այդ ժամանակ Յուրի Ա.-ի տանը արդեն աշխատում էին իրավապահները… Արդեն հայտնաբերվել էր առանց պետհամարանիշի մեքենան՝ Հոկտեմբերյանից ոչ հեռու: Մեքենայի մեջ մարդասպանները մոռացել էին արյունոտ ձեռնոցներ ու հանցագործության գործիք դաշույնը…

Այս ոճրագործությունը բացահայտվել է… մեկ օրում: Ոճրագործությունը կատարողները նույնիսկ չէին հասցրել օդ բարձրանալ Սոչի ուղևորվող ինքնաթիռով…


Առաջինը ոստիկանություն բերման են ենթարկել եղբայրներից ավագին՝ Արթուրին, ու նրա մայրիկին: Կարճ ժամանակ անց «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել ոճրագործ եռյակին…

ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան 1995 թվականի հունվարի 25-ին հրապարակեց այս գործով դատավճիռը: Վեց հոգու դաժան սպանության, ավազակային հարձակման ու այլ արարքների համար մեղավոր ճանաչված երկու ամբաստանյալները դատապարտվեցին… մահապատժի՝ անձնական ամբողջ գույքի բռնագրավումով:

Արամ Ա.-ն մեղավոր ճանաչվեց այն ժամանակվա քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1-ին, 4-րդ, 6-րդ, 7-րդ կետերով, 88 հոդվածի 2-րդ մասով, 231 հոդվածի 1-ին, 232 հոդվածի 2-րդ մասերով, 254 հոդվածի «Գ» կետով և դատապարտվեց մահապատժի:

Արթուր Կ.-ն մեղավոր ճանաչվեց այն ժամանակվա քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1, 4, 6, 7 կետերով, 88 հոդվածի 2-րդ, 231 հոդվածի 1-ին, 232 հոդվածի 2-րդ մասերով ու դատապարտվեց մահապատժի:

Հանցագործության պահին անչափահաս՝ 17-ամյա Արտակ Ա.-ն մեղավոր ճանաչվեց այն ժամանակվա քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1, 4, 6, 7 կետերով, 88 հոդվածի 2-րդ, 232 հոդվածի 2-րդ մասերով ու դատապարտվեց առավելագույն պատժին, որին կարող էր դատապարտվել որպես անչափահաս՝ 10 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 1994 թվականի մարտի 23-ից:

Արթուր Ա.-ն մեղավոր ճանաչվեց ծանր հանցագործությունը պարտակելու համար՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվեց 5 տարի ազատազրկման…

http://www.1in.am/2268285.html


loading...

Փակել