1979 թվականի սեպտեմբերին Աբովյանի գյուղերից մեկի դաշտում տղամարդու այրված-ածխացած դիակ հայտնաբերվեց: Դեպքի վայրի զննությամբ որևէ հանցանշան սկզբում չհայտնաբերվեց: Բայց երբ շրջեցին բերանքսիվայր ընկած դիակը, պարզվեց՝ պիջակի գրպանի մի փոքր մասը չէր այրվել:
Կիսաայրված գրպանում անձեռոցիկի կիսաայրված պատառիկ հայտնաբերվեց, որի վրա թվեր էին նշմարվում:
Կասկած չկար, որ գրվածը հեռախոսահամար էր՝ վեցանիշ համարի առաջին չորս թվերն էին պահպանվել:
Տարբեր վարկածներ առաջ քաշվեցին: Վարկածներից մեկի համաձայն՝ սկսեցին ստուգել շրջակայքի խորտկարաններն ու հասարակական սննդի այլ օբյեկտները և հարցուփորձ արեցին աշխատողներին: Անձեռոցիկի առկայությունը հուշում էր, որ զոհը մահից առաջ կարող էր նմանատիպ մի վայրում ժամանակ անցկացրած լինել:
Զուգահեռաբար ստուգվում էին անձեռոցիկի վրա պահպանված թվերով սկսվող հեռախոսահամարները: Դա տևական աշխատանք էր, որի արդյունքը ավելի ուշ էր ի հայտ գալու:
Դիակի հայտնաբերումից մի քանի օր անց հնարավոր եղավ պարզել սպանվածի ինքնությունը: 35-ամյա երևանցի տղամարդը ընտանիքատեր, աշխատող մարդ էր, ակնհայտ թշնամիներ չուներ, հարուստ չէր…
Այդ ընթացքում շրջակա խորտկարաններում որոնողական աշխատանքներ կատարող իրավապահները որոշակի հետքի վրա ընկան: Խորտկարաններից մեկի մատուցողուհին հիշեց, որ օրեր առաջ ինքը սպասարկել է երեք հոգու՝ երկու տղամարդու ու մի կնոջ:
Մատուցողուհու փորձված աչքը ի դեմս կնոջ՝ տեսել էր տղամարդկանցից մեկի սիրուհու: Կինը սեղանի շուրջ շատ ակտիվ էր պահում իրեն, իսկ երբ տղամարդիկ կարճ ժամանակով սրահից դուրս էին եկել, կինը մատուցողուհուց անձեռոցիկ էր ուզել:
Մատուցողուհու աչքից չէր վրիպել, որ կինը անձեռոցիկի վրա ինչ-որ բան գրեց, ու երբ տղամարդիկ վերադարձան, կինը անձեռոցիկը թաքուն դրեց ո՛չ իր սիրեկանի գրպանը:
Երբ մատուցողուհին մոտեցել էր այդ սեղանին՝ հաշիվը ներկայացնելու, տեսել էր, որ կնոջ սիրեկանը բորբոքված ինչ-որ բան է ասում, իսկ մյուս տղամարդը նրան հորդորում է հանգստանալ: Բորբոքված տղամարդու սիրուհին լացակումած ու վախեցած էր:
Մի քանի րոպե անց այդ եռյակը վճարել ու խորտկարանից դուրս էր եկել…
Այդ ընթացքում ստուգվեցին այն հեռախոսահամարները, որոնք սկսվում էին անձեռոցիկի վրա պահպանված թվերով:
Օպերատիվ աշխատողները ճշտեցին բնակարանների հասցեները, ինչպես նաև ձեռք բերեցին այդ բնակարաններում ապրող կանանց լուսանկարները:
Այնուհետև ձեռք բերված լուսանկարները ճանաչման ներկայացրին խորտկարանի մատուցողուհուն: Վերջինս ուշադիր նայեց բոլոր լուսանկարները ու որոշակի կասկածով մատնացույց արեց լուսանկարներից մեկը՝ կարծես թե հենց այդ կինն էր երկու տղամարդու հետ նստած իրենց խորտկարանում…
Կինը անմիջապես բերման ենթարկվեց Աբովյանի ներքին գործերի բաժին: Մեքենայի մեջ կինը շատ անհանգիստ էր: Նրան հստակ չէին ասել՝ ինչի համար են բերման ենթարկում, բայց կինը կարծես ամեն բան հասկացել էր…
Առաջին հարցը, որ ուղղվեց կնոջը միլիցիայի բաժնում, միանգամից թևաթափ արեց նրան. «Սպանության տեղը հիմա՞ ցույց կտաք, թե՞ նախ հարցերին կպատասխանեք»:
Կինը ցնցվեց, բայց անմիջապես պատասխանեց. «Հենց հիմա ցույց կտամ, հենց հիմա, այլևս չեմ կարող թաքցնել»:
Ինչպես պարզվեց՝ կինը տարիներ առաջ ամուսնալուծվել էր: Երեխա չուներ, շուտով թեթևաբարո կյանքի էր անցել:
Դեպքի պահին նա հերթական սիրեկանի ու վերջինիս ընկերոջ հետ էր խորտկարանում հայտնվել: Սիրեկանի ընկերը կնոջն անմիջապես դուր էր եկել: Նա երեկոյի ընթացքում սեթևեթել էր, իսկ հարմար պահին իր հեռախոսահամարը գրելով անձեռոցիկի վրա՝ թաքուն դրել էր տղամարդու գրպանը: Միայն թե աչքաբաց սիրեկանն ամեն բան նկատել էր: Նա բորբոքվել էր՝ տեսնելով, թե ինչպես է ընկերուհին սիրախաղ անում ընկերոջ հետ: Վերջինս էլ պատասխան հայացքներ էր գցում գեղեցկատես կնոջ վրա…
Տղամարդն ընկերոջ հետ սկսել էր վիճել դեռ խորտկարանի ներսում: Վեճը շարունակել էին նաև խորտկարանից դուրս գալուց հետո: Ընկերը փորձում էր անմեղ ձևանալ, ասում էր, թե ամեն բան թվացել է, ոչ մի սիրախաղ չի եղել, իր միտքը չէր կարող ծուռ լինել ընկերոջ սիրուհու նկատմամբ: Կինն էլ իր հերթին էր փորձում համոզել սիրեկանին, որ անմեղ է: Բայց բորբոքված տղամարդը չէր հանգստանում: Նրա ծանր բռունցքի մի քանի հարվածը ընկերոջ գլխին մահացու եղան: Զոհն անշնչացած տապալվեց գետնին:
Այնուհետև տղամարդը որոշեց, որ պետք է թաքցնի հանցագործության հետքերը՝ դիակը այրելով: Նա սիրուհուն էլ ստիպեց մասնակից դառնալ դիակից «ազատվելու»՝ դիակը կրակի ճարակ դարձնելու գործողություններին, որպեսզի ետագայում իրեն չմատնի…
Երևանաբնակ Ավետիս Մ.-ն բերման ենթարկվելուն պես՝ խոստովանական ցուցմունքներ տվեց: Ամեն բանում մեղադրեց նախկին սիրուհուն, ասաց, թե ուղեղը մթագնել էր, խանդից աչքերի առաջը սևացել էր՝ այդ անառակը խորտակեց իր կյանքը…
Ավետիս Մ.-ն մեղավոր ճանաչվեց դիտավորյալ սպանության համար և դատապարտվեց 12 տարի ազատազրկման: Հանցագործության հետքերը պարտակելուն մասնակցած կինը՝ Վերոնիկա Ա.-ն, դատապարտվեց 4 տարի ազատազրկման: