loading...

Ի՞նչ է թաքնված Բաղմանյանի պաշտոնանկության հետևում



Դիտումներ ` 1732
Ի՞նչ է թաքնված Բաղմանյանի պաշտոնանկության հետևում

«Հայկազ Բաղմանյանին համակարգից հեռացնելով՝ որևէ հարց չի լուծվում: Մեր պաշտպանական համակարգն այն վիճակում է, որ մեզ անհրաժեշտ է համակարգային փոփոխություն. մեկ Բաղմանյան ավել, մեկը պակաս՝ որևէ հարց չի լուծվում»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա, հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: 



Ըստ մեր զրուցակցի՝ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կլիներ պրոֆեսիոնալ կադրային քաղաքականություն իրականացնող, եթե առաջինն ազատվեր Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանից: «Պարզ է չէ՞, որ ՊՆ-ն նախ շտաբի պետից պետք է ազատվի, ով կրում է Ապրիլյան քառօրյա պատերազմի ողջ պատասխանատվությունն ու խայտառակությունը»,-նշեց Գուրգեն Եղիազարյանը: 

Դիտարկմանը՝ Հայկազ Բաղմանյանին համակարգից հեռացնելը կարո՞ղ է դաս լինել նրա քրեաօլիգարխիկ կլանի հետևորդ այլ պաշտոնյաների համար, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դաս լինի: Գլոբալ փոփոխություններ են պետք, իսկ մինչև 2018 թ.-ի ապրիլը, կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը պաշտպանական  գերատեսչությունը լցնելու է իր նախընտրելի կադրերով»:

Գուրգեն Եղիազարյանը խորհուրդ է տալիս շատ չոգևորվել պաշտպանական համակարգից նման կադրերի մաքրման գործընթացով, որովհետև դեռ հարց է մնում, թե ինչու են նրան ազատել. «Ես մտածում եմ, որ Բաղմանյանին ազատեցին, որովհետև հավատարիմ չի ծառայել իրենց:


Այս պահին այլ բան մտածել չեմ կարողանում»,-նշեց Եղիազարյանը՝ հավելելով, որ այսօր բանակը կանգնած է լրջագույն մասնագետներով համալրվելու խնդրի առաջ և հարց է մնում՝ ինչո՞ւ բանակում ծառայող ազնիվ և պրոֆեսիոնալ կադրերը չեն զբաղեցնում այնպիսի բարձր պաշտոններ, որոնցից մեկն էլ զբաղեցնում էր Հայկազ Բաղմանյանը: 

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու մասին լուրն այսօր հաստատել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Հայկազ Բաղմանյանը զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին՝ իմ հորդորով»,- ասել է Սարգսյանը:

Հարցին, թե որն է եղել գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու հիմքը, Պաշտպանության նախարարը պատասխանեց. «Աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումը»:

http://lurer.com


loading...

Փակել