ՀՀ կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գործադիրի անդամներին համատեղ աշխատանքի համար: Ընդհանրապես, գործադիրի այսօրվա նիստն ավելի շատ Կարապետյանի հրաժեշտի երեկո էր հիշեցնում, քան կառավարության հավաք: Այս համատեքստում ուշագրավ է դառնում, թե ինչպես կդասավորվի Կարեն Կարապետյանի ճակատագիրը մայիսի 8-ից հետո:
Ի՞նչ կտա նրան ՀՀԿ փոխնագահի պաշտոնում մնալը մի պարագայում, երբ անգամ դպրոցական երեխաները գիտեն՝ ում ձեռքում է այսօր գտնվում կուսակցության ստվերային կառավարումը: Եվ մի՞թե այդ պաշտոնը համազոր կլինի Կարապետյանի ամբիցիաներին, որոնց տուրք տալով, թողնելով գազպրոմյան ուրախ առօրյան՝ շտապել էր իր դրայվը ծառայեցնել հայրենի տնտեսության շենացմանը: Դժվար թե:
Մյուս կողմից՝ քիչ հավանական է, որ ՀՀԿ սպասվող համաժողովից հետո կուսակցության ղեկը Սերժ Սարգսյանից անցնի Կարեն Կարապետյանին, այն էլ ներկուսակցական վերադասավորումների այն փուլում, երբ ՀՀԿ-ին օդի և ջրի պես անհրաժեշտ է ուժեղ և վստահելի ձեռք՝ կուսակցության վերջնական փլուզումը կանխելու համար: Ինչպիսի ընկալում էլ ունենա Կարապետյանը ՀՀԿ-ում՝ ուժեղ ձեռքի հետ նա հաստատապես չի ասոցացվում: Հետևաբար, Կարեն Կարապետյանին երեք հնարավոր տարբերակ է մնում՝ հետ վերադառնալ Մոսկվա, որտեղ Գազպրոմի ղեկավարությունը նրան ամենայն հավանականությամբ կրկին բարձր պաշտոն կտրամադրի և Կարապետյանը նորից կփայլի իր մենեջերական տաղանդով: Սակայն այս տարբերակը կլինի Կարեն Կարապետյանի արդեն երկրորդ քաղաքական ֆիասկոն:
Արդյո՞ք նա պատրաստ է վերջնականապես հեռանալ քաղաքականությունից: Եթե ոչ, ապա հնարավոր է գնա երկրորդ ճանապարհով, այն է հիմնի իր քաղաքական ուժը և փորձի արդեն այդ քաղաքական կապիտալի վրա հենվելով մասնակցել գործընթացներին: Ինչպես գիտենք նման նպատակ և ցանկություն Կարապետյանը ուներ դեռևս այն ժամանակ, երբ նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը:
Երրորդ տարբերակն թերևս ամենաանհավանականն է թվում այս պարագայում: Դա այն տարբերակն է, երբ Կարեն Կարապետյան- Սամվել Կարապետյան տանդեմը կորոշի մնալ խաղի մեջ և օգտվելով հանրապետական տեղի ունեցող տրանսֆորմացիաներից, կփորձի ՀՀԿ-ն, իսկ ավելի ճիշտ այն ինչ մնացել է ՀՀԿ-ից իրենցով անել:
Համենայնդեպս այս պահին նման մանեվրերի և բարդ խաղերի համար Կարապետյանները չունեն բավարար ռեսուրս, մյուս կողմից՝ դժվար է ասել ինչպիսին կլինի վերջաբանը, եթե նրանք իրոք չցանկական հայտնվել խաղից դուրս վիճակում: Գուցե այդ ներկուսակցական գզվրտոցն էլ հենց հանդիսանա Հանրապետական կուսակցության կազմաքանդման հիմնական պատճառը: Այդ ամենը հասկանալով, հանրապետականի հնաբնակները փորձելու են օր առաջ ձերբազատվել դրայվոտ Կարապետյանից, քանի դեռ նա չի որոշել «հուպ տալ» իրենց բոլորին…
Ստելլա Խաչատրյան