ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին նոր հայտարարություն է արել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, և արդեն ավելի քան մեկ շաբաթ իր դեմ բողոքի բազմահազարանոց հանրահավաքներ իրականացնղ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին անհապաղ երկխոսության կոչ արել:
«Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ:
Վստահ եմ, որ իրավիճակին համարժեք նման երկխոսություն ձևավորելուն կարող են նպաստել երկրի բոլոր քաղաքական ուժերը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Զսպվածության կոչով և երկխոսության առաջարկով հանդես եկել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը` նշելով, որ Արցախը չի կարող անտարբեր մնալ Մայր Հայաստանում ընթացող զարգացումների նկատմամբ. «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն ու տեսլականը ներկայացնելու երկրի ներկայի և ապագայի վերաբերյալ: Դա անքակտելի իրավունք է, որն ամրագրված է Սահմանադրությամբ: Սակայն, այդ իրավունքը պետք է իրականացվի բացառապես օրենքի սահմաններում՝ երբևիցե չմոռանալով, որ հայկական երկու պետությունների անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը եղել և մնում է մեր ներքին կայունությունը»,- հայտարարել է Բակո Սահակյանը: Սերժ Սարգսյանը երկխոսության առաջարկը ողջունել է նաև ՀՅԴ-ն:
Նիկոլ Փաշինյանը շատ օպերատիվ արձագանքել է Սերժ Սարգսյանի երկխոսության կոչին` հայտարարելով, որ ինքն արդեն հրապարակել է իր քաղաքական օրակարգը. «Եթե ինքը էդ օրակարգը ընդունում է, մենք պատրաստ ենք քննարկել իր հեռացման պայմանները: Մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություններ չենք ուզում: Մենք ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովրդին տեղի ունենա մաքսիմալ անցնցում»,- նշել է Փաշինյանը և հավելել, որ հավաքները եղել են և լինելու են բացարձակ խաղաղ, իսկ Մարտի 1-ը կրկնությունը անթույալտրելի է:
Դիտարկմանը, որ վարչապետը զգուշացրել է, թե կարող են անդառնալի կորուստներ լինել, Փաշինյանն արձագանքել է․ «Ես էլ եմ կարծում, որ կարող են լինել անդառնալի կորուստներ: Դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները: Ես չեմ կարող որոշումներ կայացնել: Ես պիտի ենթարկվեմ ժողովրդի որոշումներին: Դուք տեսաք, թե երեկ ժողովուրդը ինչպես արձագանքեց երկխոսության մասին կոչին: Նրանք ասացին՝ ուշ է, ուշ է․․․ Ժողովուրդը նաև համաձայնեց Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները քննարկել»,- հայտարարելէ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր` ապրիլի 21-ին, կրկին Երևանի փողոցները մարդաշատ են, առջևում էլ ապրիլի 24-ն է և երկխոսությունը իսկապես դառնում է անհապաղ: Սակայն ամբողջ խնդիրն այն է, թե ինչ հարցի շուրջ են իշխանությունները երկխոսելու Նիկոլ Փաշինյանի հետ: Նա առաջարկել է քաղաքական օրակարգ. այդ կետերը եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասամբ Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է ընդունել: Ի վերջո, երկխոսություն և բանակցությունը ենթադրում է փոխզիջում. ի՞նչն են պատրաստ զիջել իշխանությունները և Սերժ Սարգսյանը, ի՞նչ այլընտրանքային փոխզիջումային տարբերակ են առաջարկում Նիկոլ Փաշինյանին: Առայժմ Սերժ Սարգսյանն ու իշխանության մյուս օղակները իրենց պատկերացրած երկխոսության բովանդակությունը չեն մանրամասնել, իսկ դա կասկած է առաջացնում, որ նրանք երկխոսություն անվան տակ փորձում են փակուղի տանել Նիկոլի շարժումը: Երկխոսություն, նշանակում է զոհաբերություն. տվյալ պարագայում Սերժ Սարգսյանը պետք է զոհաբերի կամ իրեն, կամ իր ստեղծած համակարգը, պատրա՞ստ է նման գին վճարել հանուն երկխոսության:
Անհապաղ երկխոսության առաջարկով նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հանդես է եկել նաև նախկին վարչապետ, ՀՀ առաջին փոխվարչեպտ Կարեն Կարապետյանը: Հատկապես Կարեն Կարապետյանի կողմից նման նախաձեռնությունը իսկական ցինիզմ է, որովհետև Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանից ոչ պակաս պատասխանատու է այսօրվա իրավիճակի համար: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ խորհրդարանական կառավարման մոդելի անցնելու ժամանակ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, իսկ այսօր հայտարարում է, որ ինքը որպես ՀՀԿ լիդեր ունի բացառիկ իրավունք զբաղեցնելու վարչապետի աթոռը: «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա արդարացավ` ասելով, որ երբ վարչապետ չդառնալու մասին հայտարարություն էր անում, 2017-ի խորհրդարանական ընտրությունները դեռ չէին կայացել և որևէ մեկն, այդ թվում նաև ինքը չգիտեր, թե ով է ապագա ԱԺ-ում ունենալու քաղաքական մեծամասնություն:
ՀՀԿ համամասնական ցուցակը, հիշեցնենք, գլխավորում էր Կարեն Կարապետյանը, ով քարոզարշավի ողջ ժամանակահատվածում հայտարարում էր, որ ինքը ժամանակավոր ֆիգուր չէ և 2018-ի ապրիլի 9-ից հետո ևս շարունակելու է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Հիմա ստացվում է, որ կամ Կարեն Կարապետյանը փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարների պես խաբված է, կամ էլ ստել է ժողովրդին` ի սկզբանե իմանալով որ ժամանակավոր մարիոնետ է: Հետևաբար նա այս պահին նույնպիսի ստախոս է, ինչպիսին Սերժ Սարգսյանն է: Ուստի Կարեն Կարապետյանը երկխոսության առաջարկի փոխարեն պետք է բարոյականություն և ազնվություն ունենա ներողություն խնդրել հայ ժողովրդից, ափսոսանք հայտնել խաբելու կամ խաբված լինելու համար և վերադառնալ այնտեղ, որտեղից եկել է: