Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ակնհայտ էր, որ փոփոխությունների որոշակի անհրաժեշտություն է լինելու Արցախում: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանն ու Արցախն, ըստ էության, գտնվում են տնտեսա-քաղաքական միևնույն համակարգում, իսկ այդ պարագայում Արցախում չի կարող քաղաքական ստատուս-քվոն ստատիկ մնալ Հայաստանի մասշտաբային փոփոխություններից համատեքստում:
Մյուս կողմից` խնդիրը բարդ է ու խորքային և պետք չէ մակերեսային դատողությունների մակարդակում ինչ-որ հեղափոխություն կամ ֆորս-մաժորային իրավիճակ կանխատեսել Արցախում:
Մի կողմից Հայաստանի նոր, դինամիկ իշխանության համար դժվար է արդյունավետ աշխատել Արցախի իշխանության հետ, որն, ըստ էության, հայաստանյան նախկին համակարգի կցորդն է, մյուս կողմից` Արցախի առանձնահատկությունները տեղ չեն թողնում հեղափոխական փորձարկումների համար և ԼՂՀ-ում բարեփոխումները պետք է իրականացվեն, այսպես կոչված, վերևից` առանց ցնցումների:
Հայաստանի հեղափոխության արցախյան «պատճենահանումը» ադեկվատ չի լինի նաև Արցախի ինքնիշխանության տեսանկյունից` ներհայկական հարաբերություններում և միջազգային հարթակներում հանգեցնելով ԼՂՀ սուբեկտության անխուսափելի սահմանափակմանը:
Արցախի հասարակությունն, անշուշտ, խանդավառված է հայաստանյան զարգացումներից, սակայն Արցախի արդիականացման լավագույն տարբերակը հեղափոխությունը չէ, որն ավելի շատ ոչ թե բարեփոխումների ազդակ կարող է լինել, այլ հակառակորդի առիթավորման պատճառ:
Ստեփանակերտում երեկ ԱԱԾ հատուկջոկատայինները կենցաղային հողի վրա վիճաբանել են երկու քաղաքացիների հետ և ծեծի են ենթարկել նրանց:
Սա այն կայծն է դարձել, որն Արցախի մայրաքաղաքում տարերային հուզումների ալիք է բարձրացրել: Բնականաբար, մարդիկ ընդվզում են ոչ միայն կոնկրետ դեպքի, այլ տարիներ շարունակ ԼՂՀ-ում ուժայինների կատարած ապօրինությունների դեմ: Պատահական չէ, որ երեկ և այսօր Ստեփանակերտի կենտրոնական փողոցն արգելափակած մարդիկ պահանջում են ոստիկանապետի և ԱԱԾ պետի հրաժարականները: Գլոբալ իմաստով` Ստեփանակերտի փողոցներ դուրս եկած մարդիկ պահանջում են փոփոխություններ:
Դրականն այն է, որ Արցախի իշխանությունները` նախագահ Բակո Սահակյանի մակարդակով, օպերատիվ արձագանքել են տեղի ունեցածին, մասնավորապես` նախագահը խոստացել է պատժել երեկվա միջադեպի մեղավորներին:
loading...