Նոր 2018 թվականը Հայաստանին կարծես իշխանափոխության գնալու հույս է տալիս: Նախ, Իրանում տարեվեջին տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ նույնիսկ ամենափակ համակարգի դեմ հանրությունը պատրաստ է ընդվզել և, որ սոցիալական խնդիրները իրապես կարող են հեղափոխական իրավիճակ ստեղծել երկրներում: Իրանի հանրությունը՝ ապրելով փակ համակարգում, այնուամենայնիվ դուրս եկավ բողոքելու առաջացած սոցիալական խնդիրների դեմ:
Հայաստանում տարին սկսել է մի շարք ապրանքատեսակների թանկացմամբ ու սրան գումարվում է գործազրկությունը, որը գնալով միայն ահագնանում է: Թանկացումներ մեր երկրում առաջիկայում ևս սպասում են ու, եթե հաշվի առնենք այն, որ գարնան ամիսներին բավական ընկնում է քաղաքացիների գնողունակությունը, կարելի է սպասել սոցիալական ընդվզման մեծ ալիքի:
Ընդդիմադիր «Ելք» դաշինքն էլ կարծես հասկացել է այս պրոցեսի կարևորությունը և սոցիալական բողոքի դրոշը իր ձեռքն է վերցնում: Երեկ դաշինքը հայտարարություն տարածեց, որ պատրաստվում են բողոքի երթ անցկացնել ընդդեմ թանկացումների.
«Համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը։
Հունվարի 19-ին, ժամը 17․00-ին ԵԼՔ դաշինքը բոլորիդ հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների»,-նշվում էր դաշինքի հայտարարությունում:
Այս պահին դեռ հայտնի չէ, թե ինչպիսի՞ հայտարարություններով հանդես կգան ընդդիմադիր գործիչները երթի ընթացքում, հայտնի չէ նաև թե ինչպիսի՞ շարունակություն կունենա այդ հավաքը, սակայն մի բան հստակ է, եթե իրեն ընդդիմադիր համարող դաշինքը իրապես ցանկանա, ապա կարող է քաղաքական այս պրոցեսով իշխանափոխության սկիզբ դնել :
Մարդիկ իսկապես հոգնել են թանկացումներից ու սոցիալական ծանր վիճակից և կարող են դուրս գալ փողոց: Սոցիալական խնդիրները Հայաստանում կարող են ավելի շատ քաղաքացիների հանել փողոց քան անարդար ընտրությունները: Եվ սա փաստվել է վերջին տարիների մի քանի քաղաքացիական շարժումներով, որոնք ուղղված էին թանկացումների դեմ:
Այնպես որ պետք է սպասել հունվարի 19-ին՝ հասկանալու համար, թե իրադարձություններն ինչպես կզարգանան: