loading...

Հունիսը նույնպես տեղումնառատ կլինի. Գագիկ Սուրենյան. Մանրամասներ



Դիտումներ ` 1347
Հունիսը նույնպես տեղումնառատ կլինի. Գագիկ Սուրենյան. Մանրամասներ

Նախորդ՝ մայիս ամիսը տեղումնառատ էր: Անձրեւների պակաս չի զգացվի նաեւ ընթացիկ հունիսին:

«Մայիսին հանրապետության կարելի է ասել 90-95 տոկոսում տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման, իսկ առանձին հատվածներում՝ նույնիսկ կրկնակի: Բայց օդի ջերմաստիճանը մայիսին եղել է նորմայի սահմաններում, ջերմաստիճանի շեղումներ առանձնապես չենք ունեցել»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ ավելացնելով, որ սակավաձյուն ձմռան պատճառով առաջացած ջրի խնդիրը նախորդ ամիս որոշակիորեն մեղմվել է, եւ գյուղատնտեսության մեջ ոռոգման անհրաժետություն առանձնապես չի եղել:

Անդրադառնալով ամռանը սպասվող եղանակային պայմաններին՝ Գագիկ Սուրենյանը պատասխանեց, որ կանխատեսումներն առայժմ վերաբերում են միայն հունիսին:



Ըստ այդմ, տեղումները կլինեն առատ՝ հունիսին բնորոշ նորմայից ավելի, օդի ջերմաստիճանը՝ նորմայի սահմաններում. «Սպասվում է, որ օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում: Դա նշանակում է, որ մեկ ամսվա ընթացքում ջերմաստիճանի հետ կապված անոմալիաներ չենք ունենալու, այսինքն՝ կլինի ոչ շատ ցածր ջերմային ֆոն, ոչ էլ շատ բարձր: Ունենալու ենք այնպիսի հունիս, որը համահունչ է մեր կլիմայական պայմաններին»:

Մասնավորապես՝ Արարատյան դաշտում ամսվա առաջին տասնօրյակում ցերեկային ժամերին հիմնականում կդիտվի +27 +29, երկրորդ տասնօրյակում՝ +29 +31, երրորդում՝ +30 +32 աստիճան:

 


Առաջիկա օրերին Հայաստանը կշարունակի գտնվել ցիկլոնի ազդեցության գոտում, ինչը կպահպանվի մինչեւ ամսի 10-ը ներառյալ: Բայց այս ցիկլոնի առանձնահատկությունն այն է, որ հիմնականում ակտիվանալու է երեկոյան եւ գիշերային ժամերին:

«Ցերեկային ժամերին հիմնականում կգերակշռի տաք, արեւային եղանակ, երեկոյան ժամերին պրոցեսը կզարգանա, աստիճանաբար կամպի, ամպրոպներ կսկսվեն: Շրջանների զգալի մասում կանխատեսվում են կարճատեւ անձրեւներ, առանձին հատվածներում չի բացառվում նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանը հունիսի 5-6-ին 2-3 աստիճանով բարձրանալու է: Երեւանում կհասնի մինչեւ +28 +30 աստիճանի, իսկ հունիսի 7-8-ն ընկած ժամանակահատվածում նույնքան կնվազի, այսինքն՝ նորից կդառնա +25 +27 աստիճան: Հետո կմնա անփոփոխ»,- մանրամասնեց Գագիկ Սուրենյանը:


loading...

Փակել