loading...

Հիմնական զրույցը՝ փակ դռների հետևում․ որոշ մանրամասներ Պուտին-Փաշինյան հանդիպումից



Դիտումներ ` 961
Հիմնական զրույցը՝ փակ դռների հետևում․ որոշ մանրամասներ Պուտին-Փաշինյան հանդիպումից

Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպման հիմնական մանրամասները մնացել են փակ դռների հետևում։ Պաշտոնական տեղեկատվությունը միայն ընդհանուր պատկերացում է տալիս հանդիպման բովանդակության, քննարկված հարցերի շրջանակի մասին ու մեզ մնում է հենվել այն տեղեկատվության վրա, որը լրագրողներին ու ռուսաստանաբնակ հայ գործարարներին փոխանցել է Հայաստանի վարչապետը։

Հստակ է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայում համատեղ հումանիտար նախաձեռնություն իրականացնելու հարցը։ Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից հետո զրուցել է լրագրողների հետ ու մանրամասնել է, որ դա ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում։ Ռուսաստանի հետ իրականացվելիք հումանիտար ծրագրի մասին Փաշինյանը խոսել էր սեպտեմբերի 4-ին՝ Երևանում, սակայն մանրամասներ չէր հայտնել։ Ավելի վաղ՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը խոսել էր հայ-ռուսական աննախադեպ հումանիտար ծրագրի մասին, որպիսին չի եղել Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Ըստ ամենայնի՝ խոսքը գնում է հենց այս ծրագրի մասին։

Դժվարանում ենք ասել՝ այս ծրագիրն ինչքանով է աննախադեպ, համենայն դեպս՝ Ռուսաստանը վերջին տարիներին հետևողականորեն փորձել է ՀԱՊԿ անդամ իր գոծընկերներին մասնակից դարձնել իր սիրական կամպանիային ու այս հարցը բուռն քննարկվում էր նաև Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում՝ չարժանանալով Հայաստանի իշխանության ու հասարակության միանշանակ վերաբերմունքին։ Խոսքն այն մասին է, որ մեր զինված ուժերի համապատասխան մասնագետները ռուսական դրոշի ներքո մասնակցեն Սիրիայի վերականգնողական աշխատանքներին։ Շատերը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայի համար սկզբունքային այս խնդրում աջակցելով Պուտինին, ակնկալում է հարթել հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը։

Մյուս կողմից՝ խնդիրն այդքան էլ միաշերտ ու պարզ չէ, որովհետև այն, ինչ Պուտինը կոչում է Սիրիայի վերականգնում՝ Արևմուտքում համարում են Ռուսաստանի ռազմական միջամտություն Սիրայի ներքին գործերին ու հաստատապես հայկական մասնակցությունը դիտարկվելու է նույն համատեքստում։ Ակնհայտ է, Ռուսաստանի սիրիական կամպանյիային Հայաստանի մասնակցությունը միանաշանակ ընկալում չի ունենալու Արևմուտքում, որտեղ Հայաստանի կառավարույան որոշումը հազիվ թե ընդունեն գոհունակությամբ։ Ի դեպ, ուշագրավ է, որ մինչ երեկ Մոսկվայում ընթանում էր Պուտին-Փաշինյան հանդիպումը՝ Սիրիայի կառավարական զորքերը՝ ռուս զինվորականների աջակցությամբ ավիահարվածեր են հասցրել Իդլիբ նահանգի ուղղությամբ:



Իրավապաշտպանների գնահատումներով՝ դրանք դաշնակիցների իրականացրած ամենադաժան հարվածներն են եղել վերջին մեկ ամսում: Ավիահարվածի հետևանքով առնվազն 4 քաղաքացիական անձ է զոհվել, որոնցից երկուսը՝ երեխա: Ընդհանուր առմամբ, նահանգի տարածքում շուրջ 80 հարված է հասցվել: Իդլիբը համարվում է ապստամբների վերջին հենակետը Սիրիայում: Սիրիայի և Ռուսաստանի իշխանությունների հայտարարություններով՝ նահանգը դարձել է ահաբեկիչների հավաքատեղի: Արևմուտքը երեկ ևս դատապարտել է ավիահարվածները և Մոսկվային կոչ է արել զերծ մնալ հնարավոր հարձակումից՝ նշելով, որ դա կհանգեցնի բազմաթիվ զոհերի հումանիտար աղետի և անկանխատեսելի հետևանքների։

Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը Սիրիայում մասնակցելու է ոչ այնքան հումանիտար նախաձեռնության, որքան՝ «անկանխատեսելի հետևանքներ» ունեցող կամպանիայի։Ով էլ նախաձեռնած լինի Հայաստանի, այսպես կոչված, հումանիտար նախաձեռնությունը Սիրիայում՝ ակնհայտ է, որ դա խորհրդանշում է երկրի քաղաքականության վերանայում սիրիական հարցում, ինչը ենթադրում է, որ Երևանը հրաժարվում է չեզոքության քաղաքականությունից։ Այնքան էլ ակնհայտ չէ, թե ինչ դիվիդենտներ կարող է բերել Փաշինյանի ժեստը Մոսկվային, սակայն այն կարող է որոշակի ռիսկեր ծնել Հայաստանի անվտանգության համար։ Միանշանակ է նաև, որ Պուտին-Փաշինյան հանդիպման, այսպես կոչված, սիրիական օրակարգը ռուսական քաղաքականության բաղադրիչ է ու շատ քիչ է ուղղակիորեն առնչվում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ։

Փաշինյանը երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը չի քննարկել Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Ճշտող հարցին՝ արդյոք Ադրբեջանի անդամակցության հարցը որևէ ռուսաստանցի պաշտոնյա քննարկե՞լ է հայաստանցի պաշտոնյայի հետ, Հայաստանի վարչապետը ժխտական պատասխան է տվել՝ հավելելով՝ եթե պաշտոնական Բաքուն նման ցանկություն հայտնի, ապա հասկանալի է, թե ինչպիսին կլինի Հայաստանի դիրքորոշումը։ Ի դեպ, երեկ Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Զինուժ» ծրագիրը հեռարձակել է Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը, որտեղ վարչապետն ասել է, որ ՀՀ-ն ունի բոլոր լծակները ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը թույլ չտալու համար։


Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ռազմատեխնիակական ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը կա, առաջ է գնում և այս ոլորտում վիճակը նույնպես ավելի լավ է, քան նախկինում էր։ Անկեղծ ասած՝ այս ստանդարտ պատասխանը Հայաստանի հասարակությանը գրեթե ոչինչ չի ասում, մանավանդ, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ հյուրընկալվելով Վլադիմիր Պուտինին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել էր ռազմա-տեխնիակական երկկողմ հարաբերությունների մասին՝ ներկայացնելով բավականին տպավորիչ թվեր։ Իհարկե, մենք չենք ակնկալում, որ Հայաստանի վարչապետը նույն ռազամատենչ վարքագիծը դրսևորի, սակայն Փաշինյանի պատասխաններից ակնհայտ է, դառնում, որ եթե անգամ Պուտինի հետ քննարկվել է Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարումների հարցը, ապա հայկական կողմին բավարարող պատասխաններ չեն հնչել։ Համենայն դեպս, լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն այդ թեման նրբանկատորեն շրջանցել է՝ մինչդեռ այն առանցքային, անկյունաքարային է հայ-ռուսական հարաբերություններում ու հնարավոր չէ խոսել դրանց որակական փոփոխության մասին, առավել ևս՝ փայլուն հարաբերությունների մասին, քանի դեռ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիակական համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրում։

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը խոսել է Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության մասին։ «Մենք բավականին ընդարձակ քաղաքականություն ենք վարում: Ես մյուս շաբաթ պլանավորում եմ աշխատանքային այցով մեկնել Ֆրանսիայի մայրաքաղաք, որտեղ հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ: Մյուս շաբաթ պատրաստվում եմ ընդունել Վրաստանի վարչապետին, վերջերս Գերմանիայի կանցլերն էլ այցելել Հայաստան: Պատրաստվում եմ մասնակցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքներին»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պարզ է, որ այս հարաբերությունները մեկը ի հաշիվ մյուսի չեն զարգանալու: «Առավել ևս, որևէ ուղղությամբ մեր հարաբերությունները չեն կարող զարգանալ ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների: Կարծում եմ, որ բոլորիս համար ակնհայտ է, որ նման բան չի կարող տեղի ունենալ»,- ընդգծել է Փաշինյանը:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը հեղափոխությունից հետո, մեծ հաշվով, չի փոխվել ու դա օրինաչափ է, մյուս կողմից՝ մտահոգիչ է այն հանգամանքը, որ արտաքին քաղաքականության մեջ շարունակում է թույլ լինել նախաձեռնողականության բաղադրիչը։ Երևանն, ինչպես նախկինում, շարունակում է արտաքին հարաբերություններում առաջնորդվել Մոսկվային չնեղացնելու սկզբունքով։


loading...

Փակել