Օգոստոս 17-ին հրավիրված հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Դուք բոլորդ լսել եք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները: Եվ այդ հարցազրույցները լսելով՝ ես կարող եմ ասել հետևյալը՝ իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետևյալն է՝ մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է… Եվ, էլի եմ ասում, պատասխանատու եմ ասում, չկա տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից»:
Այս հայտարարությունից երկու շաբաթ անց հանդես է եկել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: «Ես լիահույս եմ, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է», երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
Նա նաև հավելել է. «Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ գործը միացվել է սպանությունների փաստերով հարուցված քրեական գործին, մեկ միասնական վարույթ է։
Ես ասում եմ, որ ամեն ինչ արվում է և արվելու է, և ես լիահույս եմ, որ այս գործն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է», նշել է Հատուկ քննչական ծառայության պետը։
Հիշեցնենք՝ 2008թ. մարտի 1-ին պաշտպանության փոխնախարարն և մայրաքաղաքի կայազորի պետը Յուրի Խաչատուրովը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ:
2008թ. մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
Տասը տարի անվերջ հայտարարվել է, որ այն պետք է բացահայտվի: Ավելին, մարտի 1-ն այն գործն է, որն իսկապես պետք է թափանցիկ ու բաց լինի, ի դեպ դա բխում է թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի շահերից:
Խաղաղ հանրահավաքներում տասը մարդու սպանությունների գործը՝ չի կարող թաքցվել հասարակությունից՝ անկախ հանգամանքներից: Եթե կան հիմքեր՝ դրանք պետք է բացահայտվեն: Խոսակցությունը պետք է լինեն առարկայական, կոնկրետ՝ փաստերով:
Բայց ի՞նչ ենք մենք լսում… Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ՝ Մարտի 1-ի գործը, «ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է», սակայն դրանից 2 շաբաթ անց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հույս է հայտնում, որ՝ Մարտի 1-ի գործն՝ «ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է»:
Ինչպե՞ս հասկանալ այս խառնաշփոթը…
Թամար Բագրատունի