«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեի իր հեռուստահարցազրույցում պատասխանելով 2018 թվականի վարչապետի վերաբերյալ իշխանության, Սերժ Սարգսյանի որոշման մասին հարցին, տվել է բավականին հետաքրքիր պատասխան: «Բոլոր դեպքերում՝ այն թիմը, այն մարդիկ, ովքեր ունեն խորհրդարանական մեծամասնության վստահությունը, որոնք ձեւավորել են այդ մեծամասնությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջնորդելով կուսակցությունը, առաջնորդելով նախընտրական գործընթացը, պետք է կրեն հանրային պատասխանատվություն այդ մեծամասնության կայացրած որոշումների եւ դրանց իրականացման որակի նկատմամբ:
Այսինքն՝ հնարավոր չէ պատկերացնել մի իրավիճակ, երբ կա մեծամասնություն, որի իրական ազդեցության կենտրոնները դուրս են այն սխեմայից, որը ձեւավորվում է ընտրությունների արդյունքում, կամ այդ խորհրդարանի կողմից ձեւավորվող հանրային պաշտոններում»:
Վիգեն Սարգսյանի պատասխանը բավականին բազմիմաստ է, կամ բազմաշերտ: Նա փաստացի խոսում է մի իրավիճակի մասին, որն ապրիլից հետո Հայաստանում կարող է լինել հավանական իրողություններից մեկը, եթե Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնից հետո չստանձնի վարչապետի պաշտոնն ու հեռանա դե յուրե իշխանությունից:
Այդ դեպքում դե ֆակտո իշխանությունը Հայաստանում կենտրոնանալու է Մելիք-Ադամյանում կամ այսպես ասած՝ ՀՀԿ պոլիտբյուրոյի շրջանակում: Անկասկած է, որ առնվազն տեւական ժամանակահատված Սերժ Սարգսյանն ի զորու է այդպիսով պահել իրական ազդեցությունն իշխող համակարգի վրա, լինելով կուսակցության նախագահ: Ավելին, հաշվի առնելով այն, որ նա ըստ էության ձեւավորում է բազմակենտրոն կառավարման համակարգ, հնարավոր է անգամ այդ ազդեցությունը պահել ընդմիշտ, խաղալով դե յուրե իշխանության բազմակենտրոնության վրա, ինչը թույլ չի տա որեւէ մեկին դե յուրե իշխանությունը վերածել դե ֆակտո իշխանության:
Ավելին, իշխանության համար պայքարն այդ իմաստով կտեղափոխվի Մելիք- Ադամյան: Վիգեն Սարգսյանը խոսում է այդ վիճակի անթույլատրելիության մասին, երբ կան պետական ինստիտուտներ, խորհրդարանական մեծամասնություն եւ այդ մեծամասնության ձեւավորած գործադիր իշխանություն, սակայն որոշումները կարող են կայացվել բոլորովին այլ տեղում:
Հետաքրքիր է միայն, թե անթույլատրելի համարելով այդ իրավիճակը, ի՞նչ է առաջարկում Վիգեն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին առաջարկում է կուսակցապետի պաշտոնում չփոխարինել դե յուրե իշխանության կառույցներին եւ պետական կառավարումը չվերածել քողարկված կուսակցապետությա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին առաջարկում է մնալ իշխանության եւ այդպիսով ապահովել դե յուրե եւ դե ֆակտո իշխանության համադրվածությունը, չառաջացնելով խզում որոշումների կայացման այսպես ասած օրգանական կապում:
Մյուս կողմից, հատկանշական է, որ Վիգեն Սարգսյանը խոսում է խորհրդարանական մեծամասնությունը ձեւավորած, նախընտրական շրջանում այդ մեծամասնությանն առաջնորդած մարդկանց մասին: Իսկ այստեղ պատկերը եղել է այն, որ առաջնորդողները եղել են Կարեն Կարապետյանը, որպես ցուցակում չընդգրկված, բայց առաջին ջութակ, Վիգեն Սարգսյանը՝ որպես առաջին համար:
Միեւնույն ժամանակ, նույն հեռուստահարցազրույցում Վիգեն Սարգսյանը խոսում է իր եւ վարչապետ Կարեն Կարապետյանի անգամ ընտանիքներով մտերմության, վաղեմի մտերմության մասին, անթույլատրելի եւ անպարկեշտ համարելով անգամ այդ պայմաններում վարչապետ-նախարար անձնական տարաձայնությունների վրա խաղալը: Արդյո՞ք Վիգեն Սարգսյանն իր եւ վարչապետի անունից է Սերժ Սարգսյանին առաջարկում հեռանալ եւ չխանգարել իրենց պաշտոնական գործունեությանն ապրիլից հետո, կամ գուցե այդպիսի մտադրություն ունենալու դեպքում մնալ եւ իրենց հետ հավասարապես կիսել իշխանության համար դե յուրե պատասխանատվությունը»: