loading...

Հեքիաթն ավարտվեց. Նեմեց Ռուբոն կասի, թե ինչ է պատահել



Դիտումներ ` 1407
Հեքիաթն ավարտվեց. Նեմեց Ռուբոն կասի, թե ինչ է պատահել

Մանչեսթեր Յունայթեդում Հենրիկ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Հենրիխ Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է: Նա աշխատասեր է, նվիրված հայկական ֆուտբոլին: Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ում մոտ չի կարող երկար շարունակվել այս վիճակը: Այստեղ Հենրիխի մարզավիճակի հարցը չէ: Ես ավելի ուշ հանդես կգամ հայտարարությամբ նրա մասին: Հենրիխը դեռ խաղալու է և մեզ բոլորիս նորից ուրախանալու առիթներ կտա», ասել է Հայրապետյանը:

ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Մոուրինյոն երկար ժամանակ է չի խաղացնում Մխիթարյանին, եւ այս հանգամանքը լայնորեն քննարկվում է ոչ միայն հայկական, այլեւ միջազգային ԶԼՄ-ներում: 



Այս հանգամանքը շատերը բացատրում են Մոուրինյոյի ու Մխիթարյանի անձնական տարաձայնություններով, որոնք կարող են կապված լինել օրինակ այն բանի հետ, որ Մխիթարյանը Տարվա մարզիչ անվանակարգում քվեարկել է Ռեալի մարզիչ Զիդանի օգտին: Եվ Մոուրինյոն, ով միշտ հայտարարում է, որ ինքն է լավագույնն ու անկրկնելին, չէր կարող ներել դա:

Ոմանք ստեղծված իրավիճակը սակայն բացատրում են զուտ խաղային, ֆուտբոլային իրողությունների տեսակետից, որ Մխիթարյանը չի տեղավորվում մարզչի ֆուտբոլային փիլիսոփայության ու պահանջների մեջ: Ընդ որում, այստեղ խնդիրը ֆուտբոլիստի անհատական որակները չեն, այլ հենց խաղային սխեմաները եւ տվյալ ֆուտբոլիստի՝ այդ սխեմաներին համապատասխանությունը:

Միով բանիվ, ինչպես երեւում է, Մխիթարյանի կարիերան Մանչեսթեր Յունայթեդում ավարտված է, եւ նա տեղափոխվելու է այլ ակումբ: Ինչպես գրում է Արմենպրեսի մեկնաբանը՝ «Մանկունյանական հեքիաթն» ավարտվեց: Այդ հեքիաթը հյուսված էր առավելապես Մխիթարյանի «ժողովրդական հպարտությամբ», ինչպես ասել էր առաջին նախագահը: Դա դեր խաղացե՞լ է Հենրիկի կայուն խաղային որակների հարցում:


Այս ֆոնին, ՀՖՖ նախագահը հայտարարում է, որ խնդիրը Մխիթարյանի մարզավիճակը չէ, նա դեռ խաղալու է եւ ուրախացնելու է մեզ: Նա ասել է նաեւ, որ ավելի ուշ հայտարարություն է անելու նրա մասին: 

Հետաքրքիր է՝ նա կասի՞, թե որն է ստեղծված իրավիճակի պատճառը: Այդ իրավիճակում ինչ որ դե՞ր է խաղում այն հանգամանքը, որ ինչպես Հայրապետյանն է հայտարարում՝ «Մխիթարյանը նվիրված է հայկական ֆուտբոլին», այսինքն՝ հավաքականում խաղացել է ի հեճուկս Մոուրինյոյի՞:

Թե՞ Ռուբեն Հայրապետյանը, որը ազգային հավաքականի վատ ելույթների պատճառով ինքն էլ հայտնվել էր հանրային ճնշման տակ եւ նույնիսկ խոստանում էր հրաժարական տալ, Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը կփորձի օգտագործել իր «ռեինկարնացիայի» համար:

http://www.lragir.am/index/arm/0/sports/view/166880


loading...

Փակել