Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Արտյոմ Կոժինը մայիսի 1-ին ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ադրբեջանական Թրենդ գործակալության լրագրողի հետեւյալ հարցին. «Հայաստանի վարչապետն իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն առանց Ղարաբաղի մասնակցության անհնար է: Այս հայտարարությունները որքանո՞վ են բարդացնում կարգավորման գործընթացը եւ խանգարում կողմերին ընդհանուր լեզու գտնել»:
Ռուսաստանի ԱԳՆ կայքում դրված է հետեւյալ պատասխանը. «Ձեր աղմկոտ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում ԵԱՀԿ ռելսերի մեջ, հավանաբար, ապակառուցողական են»:Սակայն տեսանյութում պարզ լսվում է, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հետեւյալ պատսխանն է տվել. «Ընդհանրապես աղմկոտ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում ԵԱՀԿ ռելսերի մեջ, հավանաբար, ապակառուցողական են»:Այսինքն, նրա խոսքը հասցեագրված է ոչ թե ադրբեջանցի լրագրողին, այլ Նիկոլ Փաշինյանին: Ի դեպ, Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել, որ սղագրության մեջ խեղաթյուրված է ներկայացվել Կոժինի խոսքը:
Հայաստանում դա գնահատվել է որպես Նիկոլ Փաշինյանի հասցեին Ռուսաստանի ԱԳՆ կոշտ գնահատական: Ըստ երեւույթին, Հայաստանի իշխանությունները «բանավոր» բողոք են հայտնել, եւ ԱԳՆ կայքում ձեւակերպումը փոխվել է այնպես, կարծես «աղմկոտ հայտարարությունը» վերաբերում է ոչ թե Փաշինյանին, այլ ադրբեջանցի լրագրողին:
Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները Մոսկվայում հունիսի 7-ին հավանաբար կքննարկեն այս սկանդալը: Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Ռուսաստան, եւ նախքան մեկնումը մի շարք հայտարարություններ է արել, որոնք հակասական գնահատականներ են ստացել: Մի կողմից նա ասում է, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին անհրաժեշտ պայման է, իսկ մյուս կողմից պնդում է, որ Հայաստանը զգուշորեն առաջ է տանելու նախորդ իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգը:
Դժվար է ասել, թե այս երկու թեզերն ինչպես են համատեղվելու: Մայիսի 9-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը պետք է բանակցությունների կողմ դառնա եւ ինքը պաշտպանի իր շահերը, քանդել է ղարաբաղյան կարգավորման 20 տարվա հայեցակարգը: Այդ հայեցակարգը երկար տարիներ կառուցել են Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան Արեւմուտքի ու Հայաստանի լուռ գործակցության պայմաններում:
Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը քանդել է այդ հայեցակարգը: Մոսկվայում չգիտեն ինչպես վարվել դրա հետ: Դա երեւում է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի պատասխանից, ով չի կարողացել թաքցնել վրդովմունքը, որ Փաշինյանի հայտարարությունը «չի տեղավորվում ռելսերում»: Հայաստանի ռելսերում այն լրիվ տեղավորվում է, եւ եթե Մոսկվան համաձայն չէ, իր խնդիրն է: