Այսօր Վիեննայում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ ԱԳ նախարարների 24-րդ տարեկան հանդիպման շրջանակներում: Նրանք հանդիպելու են նաեւ Մինսկի խմբի համանախագահներին:
Հանդիպումն առանձնահատուկ է նրանով, որ տեղի է ունենալու Ղարաբաղի խնդրում միջազգային նոր համաձայնության պայմաններում, որով փաստացի հայտարարվել է ստատուս-քվոն պահպանելու մասին: ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն եւ այլ կառույցներ հայտարարել են Վիեննայի 2016 թ. պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտության մասին, որը ենթադրում է շփման գծում հետաքննության մեխանիզմի տեղակայում ու ԵԱՀԿ դիտորդական մանդատի ընդլայնում:
Հանդիպման նախօրեին հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀԱՊԿ-ը, որը փաստացի միացավ միջազգային համաձայնությանը: Իր հերթին, Թուրքիան, որը համառորեն հայտարարում է Ադրբեջանի շահերին համապատասխան խնդիրը լուծելու մտադրության մասին, այնուամենայնիվ նույնպես «միացավ» միջազգային համաձայնությանը:
Ստատուս-քվոն պահպանելուն այս փուլում այլընտրանք չկա, ինչն էլ արձանագրվեց նոր համաձայնությամբ: Թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը, դժվար է ասել:
Ադրբեջանի համար քաղաքական նոր իրավիճակում նույնպես ստատուս-քվոյի պահպանումը դառնում է միակ ելքը, քանի որ հակառակ դեպքում կարող էր լինել Ղարաբաղի ճանաչումը: Մյուս կողմից, ռազմական գործողությունների վերսկսումը հղի է խոշոր կորուստների վտանգով, միջազգային նոր քաղաքականության համատեքստում «երաշխիքների» բացակայության պայմաններում:
Հանդիպման նախօրեին Արցախի զինված ուժերը զորավարժություն են անցկացրել, որի թեման եղել է հակառակորդի պայմանական ճեղքումը կասեցնելը եւ հակահարձակումն ու հարձակումը:
Զորավարժության առանձնահատկությունը եղել է այն, որ դրա շրջանակում հայկական ռազմական ղեկավարությանը ցուցադրվել է հայկական արտադրության նոր զենքը եւ դրա կիրառումը:
Սեփական արտադրության զենքի հանգամանքը լրացուցիչ տարր է մտցնում իրավիճակում եւ ըստ էության փակում այս իրադարձությունների շղթան: Բանն այն է, որ սեփական զենքը այսպես ասած չի «վերահսկվում» եւ բարձրացնում է բանակի գործողությունների «անկախությունն» ու անսպասելիությունը:
Բացի այդ, նոյեմբերին տեղի ունեցած իրադարձություններն ըստ էության բարձրացնում են Հայաստանի սուբյեկտայնության մակարդակը եւ դերակատարությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է նաեւ սպառազինության որոշակի նոր մակարդակ:
Ահա այս իրադարձությունների համատեքստում էլ տեղի է ունենալու Վիեննայի հանդիպումը: Ադրբեջանը դեմ է Վիեննայի օրակարգին, սակայն հայկական կողմում այդ օրակարգն արդեն որոշ չափով իրականացվել է թե քաղաքական, թե ռազմա-տեխնիկական առումներով: