Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը համարժեք է լինելու իրավիճակին, երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «շատ ճիշտ է արել»՝ Ադրբեջանի հասցեին օրերս հնչեցնելով կոշտ հայտարարություն:
Հիշեցնենք, որ Հայաստանի ՊՆախարար Դավիթ Տոնոյանը EADaily-ին օրերս տված հարցազրույցում հանդես էր եկել ուշագրավ հայտարարությամբ՝ նշելով․ «2016թ․ ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է և զերծ չմնալ իր զինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդին տալով մասշտաբային և որոշիչ հակահարված»:
Հայաստանի ղեկավարն ու կառավարության անդամները երեկ պաշտպանության նախարարությունում էին, որտեղ հայաստանյան ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաներին շնորհվեցին ավարտական փաստաթղթեր և սպայական դաշույններ:
«Մենք կարծում ենք, որ խաղաղ բանակցային ճանապարհով հարցի կարգավորումը կարևոր է, մենք համարում ենք, որ դա հնարավոր է, բայց մենք ասում ենք նաև, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ցավոք սրտի Ադրբեջանը իր գործողություններով և իր հռետորաբանությամբ հնարավորություն չի տալիս, խաթարում է խաղաղության մթնոլորտը և հնարավորությունը, և մենք համարժեք ենք լինելու իրավիճակին», ասել է Փաշինյանը: «Եթե Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումը և կնպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, մենք այդ իրավիճակին կլինենք համարժեք: Եթե այլ ուղղությամբ կգնա, մենք այդ իրավիճակին նույնպես կլինենք համարժեք»:
Լրագրողներից մեկի հարցին՝ համարժեք ասելով նկատի ունի, որ հայաստանյան զինված ուժերի տրամադրվածությունը արդեն հարձակողակա՞ն տրամաբանության մեջ պետք է դիտարկել, Փաշինյանը պատասխանել է․ – «Ես ասում եմ, որ մեր գործողությունները պետք է լինեն համարժեք՝ օպերատիվ իրավիճակից բխող և մեր երկրի ազգային անվտանգության շահերից և անհրաժեշտություններից բխող»:
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնում ընտրվելու հաջորդ օրն իսկ՝ մայիսի 9-ին Փաշինյանը Ստեփանակերտում էր, որտեղ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ հայտարարեց, որ հետայսու պաշտոնական Երևանը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին ներկայացնելու է միայն Հայաստանի տեսակետը, և պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը, հակառակ դեպքում բանակցությունները կիսատ են:
Այժմ պաշտոնական Երևանն, իհարկե, պնդում է, որ կողմնակից է խաղաղ բանակցությունների շարունակմանը, և առհասարակ՝ փոխզիջումներով հակամարտության կարգավորմանը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանից միակողմանի զիջումներ պետք է սպասել:
Ուշագրավ է, որ Ռուսաստան մեկնելուց առաջ Հայաստանի վարչապետը, կարծես, լրացուցիչ փորձ է անում ամրացնել հայկական կողմի դիրքերը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը հնարավոր է այս փուլում հենց Հայաստանից է զիջումներ ակնկալում:
Եթե հաշվի առնենք հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված թոհուբոհային մթնոլորտը՝ այս պայմաններում, նման դեպքերի ընթացքը չի կարելի բացառել:
Այդ իսկ պատճառով՝ Հայաստանի ու Արցախի պաշտպանության նախարարների, հիմա էլ արդեն Նիկոլ Փաշինյանի հավելումները ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի մասով տրամաբանական են:
Ըստ ամենայնի հայկական կողմը փորձում է կանխել մեծ հարձակում ոչ միայն Ադրբեջանի կողմից՝ պատերազմական գործողությունների տեսքով, այլև՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից՝ բանակցությունների սեղանի շուրջ:
Թամար Բագրատունի