ԱՄՆ նախագահի որոշումը իր երկրի շահերից է բխում, սակայն սրում է իրավիճակը Հայաստանի նման երկրներում, կարծում են փորձագետները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը` գրին քարտի տրամադրման պայմանների փոփոխությունների վերաբերյալ, կխթանի Հայաստանից «ուղեղների արտահոսքին», Sputnik Արմենիա ռադիոյի եթերում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ պատրաստ է թույլ տալ 1,8 միլիոն անօրինական միգրանտների երկրում մնալ, որոնք ծնողների հետ երեխա ժամանակ Ամերիկա են եկել։ Դրա փոխարեն ԱՄՆ նախագահը Կոնգրեսից պահանջել է փակել «վիզային վիճակահանության» ծրագիրը ու «ընտանիքի վերամիավորման» ծրագրում սահմանափակումներ մտցնել։ Այդ ծրագրի համաձայն` ամերիկացիների օտարերկրացի ամուսիններն ու անչափահաս երեխաները ԱՄՆ–ում կացության իրավունք կստանան։
Մարգարյանը հիշեցրեց, որ վիզաների տրամադրման քաղաքականությունը բարեփոխելու փորձ անելով` Թրամփն իր նախընտրական խոստումն է կատարում։ ԱՄՆ նախագահի կարծիքով` դա թույլ կտա «վատագույն» մարդկանց համար ԱՄՆ մուտքը փակել` փոխարինելով նրանց բարձր մասնագիտական հմտություններ ունեցող մարդկանցով։
«Դիտարկումները ցույց են տալիս, որ ԱՄՆ են գնում ու առավել հեշտ են ադապտացվում այն մարդիկ, որոնք կարող էին ապրել ու զարգանալ նաև Հայաստանում։ Վերջերս ամեն տարի Հայաստանում գրին քարտի դիմում է ներկայացնում մոտ 55-60 հազար մարդ։ Օրինակ` 2015 թվականին մոտ 2 հազար մարդ գրին քարտ է շահել, թեև բոլորը չէ, որ հարցազրույց են անցել ու վիզա ստացել», – ասաց Մարգարյանը։
Նա նշում է, որ այդ ծրագրով ԱՄՆ մարդ մատակարարող երկրներն արժեքավոր մարդկային ներուժ են կորցնում։ Թրամփի վարչակազմի արած փոփոխություններից հետո «ուղեղների արտահոսքի» հետ կապված իրավիճակն ավելի կլրջանա։
«Բանվորների մուտքն արգելափակելով` հնարավորություն են ստեղծում անգլերեն լավ իմացող ու ամերիկյան հասարակության մեջ հեշտորեն ինտեգրվող պրոֆեսիոնալ աշխատակիցների միգրացիայի համար։ Խոսքը ուղեղների արտահոսքի մասին է», – ասաց Մարգարյանը։
Նրա խոսքով` դա լուրջ խնդիր է Հայաստանի նման երկրների համար։ Երկիրը լքում են մարդիկ, որոնք արժեքավոր ներուժ են ներկայացնում ու կարող էին տեխնոլոգիապես զարգացած հասարակության հիմք դառնալ։
Ատոմ Մարգարյանը համոզված է, որ Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն զբաղվեն բնակչության արտահոսքի խնդրով։ Նա նշեց, որ այդ հարցը պետք է հաշվի առվի տարատեսակ քաղաքական, տնտեսական, վարչական և այլ խնդիրների լուծման ժամանակ։
Սակայն, Մարգարյանի կարծիքով, Հայաստանում այդ հարցը ոչ թե պարզապես անտեսում են, այլ սրում։ Որպես օրինակ տնտեսագետը բերեց վերջերս եղած եկամտահարկի բարձրացումը միջինից շատ (279 հազար դրամ) աշխատավարձ ստացող մարդկանց համար։
«Դա վերաբերում է, օրինակ, ծրագրավորողներին, բարձր որակավորում ունեցող գիտնականներին, ինժեներներին և այլն։ Այն խթանում է ուղեղների արտահոսքը, նույնիսկ եթե ոչ ԱՄՆ, ապա այնտեղ, որտեղ աշխատավարձը բարձր է, իսկ հարկերը ցածր», – ասաց Մարգարյանը։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ խաղի կանոնները լրջորեն փոխվում են։ Թրամփն ուզում է ֆիլտրել ցուցակներն ու ընտրել միայն նրանց, ովքեր պետք են ԱՄՆ–ին, այլ ոչ թե նրանց, ովքեր վիճակահանության արդյունքում են այնտեղ հայտնվում։
«Մենք, երբեմն, զարմանում ենք` ինչ որակի մարդիկ են այնտեղ հայտնվում։ Նա փորձում է բացառել ԱՄՆ–ում անպետք մարդկանց հայտնվելը», – ասեց Հակոբյանը։
Նրա խոսքով` ինչպես և ցանկացած այլ երկրում, ԱՄՆ–ում փորձում են արգելել այն քաղաքացիների մուտքը, որոնք նրա համար բեռ են դառնալու։
Ընդ որում` քաղտեխնոլոգի կարծիքով, առավել կրթված մարդիկ շարունակում են Նահանգներ արտագաղթել, Թրամփի փոփոխություններն այստեղ կապ չունեն։
Հայաստանից հնարավոր «ուղեղների արտահոսքը» քաղտեխնոլոգը հենց Հայաստանի խնդիրն է համարում, որի լուծմամբ պետք է զբաղվեն իշխանությունները։ Եթե երկրի տնտեսական իրավիճակը շարունակի այսպես մնալ, ապա մարդիկ կշարունակեն արտագաղթել։
«Նրանք կսկսեն սովորել` ծրագրի չափանիշներին համապատասխանելու համար։ Եթե ԱՄՆ–ում ապրելու ձգտում կա, հնարավոր միգրանտները կփորձեն կրթություն ստանալ, որպեսզի ապացուցեն, որ կարող են օգտակար լինել», – ասաց Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ չնայած Հայաստանի (և ոչ միայն) շատ քաղաքացիների դժգոհությանը, ԱՄՆ նախագահի որոշումը ԱՄՆ շահերի տեսակետից ավելի քան տրամաբանական ու հիմնավորված է։