Հայերին կոտորողը հենց իմ ընտանիքն է եղել. Նևին Թահինջիօղլու
Նևին Յըլդըզ Թահինջիօղլու
Վերջերս Թուրքիայում տեղի ունեցած կոնֆերանսներից մեկի ժամանակ երիտասարդ գիտնական Նևին Յըլդըզ Թահինջիօղլուն պատմել է 1871թ. Ուրֆայի հայկական գյուղերից մեկում ծնված Սառա անունով մի հայ աղջկա պատմությունը: Համիդյան կոտորածների ժամանակ (1894-1896թթ.) Սառան ստիպված է լինում ամուսնանալ համիդիե գնդերում ծառայող Էյուբ աղայի՝ Էյուբ Չեթին անունով մի մահմեդականի հետ: Նևին Յըլդըզ Թահինջիօղլուի ներկայացրած պատմությունը գրի է առել «Ակօսի» թղթակից Ույգար Գյուլթեքինը:
Ուրֆայի Վիրանշեհիր գավառում մեծացած Նևին Յըլդըզ Թահինջիօղլուի համար Սառայի պատմությունն սկսվում է մանկության տարիներից:
Ուրֆա մզկիթի շրջափակը, 1919-1920 (Աղբիւր՝ լուսանկար հայր Կապրիէլ Պրեթոքի, Archives départementales de l’Eure. Fonds Gabriel Bretocq)
«Այըբ աղա, իսկական անունը Էյուբ էր: Նրա մասին մեր ընտանիքի անդամների պատմածները երկակի տպավորություն էին թողնում մեզ վրա: Պապիկս մի քարաշեն տուն ուներ, ուր մենք խաղալու էինք գնում: Տունն, ամենայն հավանականությամբ, հայի էր պատկանել: Երևում էր, որ այդպիսի գործ մենակ հայ վարպետը կարող էր անել: Քարաշեն տան վրա մեզ անծանոթ լեզվով գրություններ կային: Ում հարցնում էինք տանտիրոջ մասին, պատասխանում էր՝ «Այըբ աղայինն է, բայց ի՜նչ դաժանություններ է գործել այստեղ», մեկ ուրիշն ասում էր՝ «Ափսոս, Այըբ աղայի պես մեծ մարդու տունն ինչ օրի է հասել այսօր»: Այս երկու՝ միմյանցից տարբեր պատումները մշտապես պտտվում էին իմ մանկական ուղեղում. հերո՞ս է նա, թե՞ չարագործ»:
Աստիճանաբար Նևին Յըլդըզ Թահինջիօղլուի գլխում հարցեր են կուտակվում, և նա սկսում է պատասխաններ փնտրել, տարբեր պատմություններ լսել Այըբ աղայի մասին:
Հալէպի նահանգը (վիլայէթ)՝ 20րդ դարի սկիզբ
«Հասկացա, որ նա ունեցել է հոգեբանական խնդիրներ, որ եղել է բռնության հակված մարդ, և բոլորը նրանից վախեցել են: Ինձ վրա շատ ազդեց այն, որ երեկոյան հաց ուտելիս նստում էր տան դիմացի աստիճաններին, և երբ տեսնում էր հայ մարդկանց, կանչում էր ու իր դաշույնով կտրում նրանց գլուխը: Սպանելուց հետո սպիտակ թաշկինակով սրբում էր դաշույնն ու շարունակում էր ուտել իր հացը: Հասկանալի էր: Այդ ժամանակ հայի ամեն գլխի համար մի ոսկի էին տալիս: Բայց նա ընդհանրապես փողի կարիք չի ունեցել: Պետական պաշտոնյաների հետ հարաբերություններն էլ լավ էին: Պատմում են՝ ծեծում էր այն հային, որը նայում էր նրա աչքերի մեջ: Քար կտրեցի, երբ իմացա՝ կինը հայ է: Ապշելու էր. հայերին ատող և այդքան հայ սպանած մարդն ամուսնացել է հայ կնոջ հետ»:
Ուրֆա քաղաքի մուտքը եւ կամուրջը, 1919-1920 (Աղբիւր՝ լուսանկար հայր Կապրիէլ Պրեթոքի, Archives départementales de l’Eure. Fonds Gabriel Bretocq)
Համիդիե գնդերը հավաքում են երիտասարդ հայ տղամարդկանց, այդ թվում՝ Սառայի մեծ եղբայրներին ու զարմիկներին, և փակում Ուրֆայի քարանձավերից մեկում, որն այսօր էլ կոչվում է հայերի քարանձավ: Սառան, որն այդ ժամանակ 14-15 տարեկան էր, տեսնում է մի շուն՝ բերանում մարդու ձեռք: Հետևելով շանը՝ Սառան գտնում է այդ քարանձավը և հայտնաբերում իր սպանված հարազատներին: Սառայի ընտանիքն ուզում է հեռանալ գյուղից, սակայն Այուբ աղան, որ ջարդերի կազմակերպիչներից էր, ձերբակալում է նրանց:
«Սառան չգիտեր, որ այդ մարդը դառնալու է իր ամուսինը և 15 երեխայի հայրը: Այըբ աղան տարվում է աղջկա գեղեցկությամբ: «Նախ մուսուլման կդառնաս, հետո կամուսնանաս ինձ հետ» հրամանին Սառան չի ենթարկվում: Սառայի նկատմամբ ատելությունը Այըբ աղային նորից վերածում է հայերի դահճի: Սակայն այս անգամ նրա թիրախն իր սիրած աղջկա հայրն ու մայրն էին: Տեսնելով ծնողների սպանությունը՝ երիտասարդ Սառային այլ բան չի մնում, քան վեց տարեկան եղբոր կյանքը փրկելու համար Այըբ աղայի հրամանին ենթարկվելը: Սառան մի պայման է դնում. թեպետ մահմեդական է դառնում, սակայն պահպանում է իր անունը: Եվ անունը դառնում մեկն այն բազմաթիվ պատճառներից, որոնց շնորհիվ Սառային երբեք չեն համարում իսկական մահմեդական: Թե՛ Այըբ աղայի, թե՛ Միլլի աշիրեթի մյուս անդամների աչքում Սառան կեղծ մահմեդական էր, ավելին՝ իսկական գյավուր: Եվ հայ լինելը հիշեցնող նրա անունը դարձավ այն միջոցը, որն օրինականացրեց Սառայի նկատմամբ կիրառվող դաժան բռնությունը:
Ականատեսների վկայությամբ՝ Այըբ աղան տաքացնում էր իր դաշույնի ծայրը և Սառայի մարմին վրա խաչ անում: Եվ այդպես՝ անընդհատ: Դաշույնի ընտրությունն էլ պատահական չէր. օգտագործում էր այն դաշույնը, որով սպանել էր Սառայի հորն ու շատ այլ հայերի: Տանջելով Սառային՝ փորձում էր նրան դարձնել իսկական մահմեդական, սակայն Սառան, ինչպես երբեք անունը չփոխեց, այնպես էլ երբեք չհանեց իր պարանոցից կախած խաչը: Այըբ աղան մահվան մահճում վերջին շունչը փչելիս ասել է. «Չորացրիր իմ ցեղը, հայի մեկը»: Աղայի հետ ամուսնությունից աշխարհ եկած բոլոր երեխաներն անբացատրելի և անիմանալի ձևով մահանում են: Մահանում են ոչ միայն Այըբ աղայի՝ Սառայից ծնված երեխաները, այլև նրա երկու մյուս կանանցից ծնված տղա երեխաները:
Ուրֆա, 1919-1920 (Աղբիւր՝ լուսանկար հայր Կապրիէլ Պրեթոքի, Archives départementales de l’Eure. Fonds Gabriel Bretocq
Սառան ապրում է մինչև 1971թ.՝ ուղիղ 100 տարի:
Դահլիճը քար է կտրել, երբ Նևին Յըլդըզ Թահինջիօղլուն ասել է, որ Սառայի նկատմամբ բոլոր դաժանություններն իրականացրել է հենց իր ընտանիքը: Այըբ աղան եղել է նրա մոր հորեղբայրը և նա բոլոր պատմությունները լսել է հենց իր մորից և ընտանիքի մյուս անդամներից:
Նևին Յըլդըզ Թահինջիօղլուն խոստովանել է, թե ինչն է իրեն դրդել պատմել Սառայի պատմությունը. «Իմ ընկերներից մեկը հետազոտություն էր իրականացնում մուսուլման հայերի մասին: Մի տեղ նստած խոսում էինք: ԱՄՆ-ից հայեր էին եկել: Հարցազրույց էին անում: Նրանցից մեկը, ներկայացնելով իր ընտանիքի պատմությունը, պատմեց, թե ինչպես է իր ընտանիքը զոհ գնացել համիդեական գնդերում կռվող այսինչ-այսինչ մարդկանց: Ես, անկախ ինձանից, ասացի՝ դուք իմ ընտանիքի մասին եք խոսում: Նրանք ինձ էին նայում: Ներողություն խնդրեցի, այլ բան չկարողացա ասել, և ինձ անասելի վատ զգացի: Դրանից հետո մտածեցի, որ պետք է խոսել այս թեմայով: Եթե բոլորը կարողանան պատմել իրենց պատմությունը՝ առերեսումը հնարավոր է»: