Այսօր ժամը 16:00-ին Վերաքննիչ դատարանը հրապարակելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին վերաբերող վճիռը։ Այս ընթացում մենք լսել ենք մեղադրող ու պաշտպանական կողմերի փաստարկները, թեր և դեմ բոլոր դիրքորոշումները։
Անկեղծ ասած՝ չենք կարծում, թե հուլիսի 26-ից հետո փոխվել է որևէ հանգամանք, որը խոսում է այն բանի օգտին, որ Ռոբերտ Քոչարյանը նախաքննության այս փուլում կարող է գտնվել ազատության մեջ՝ չխոչընդոտելով նախաքննության բնականոն ընթացքին։ Ճիշտ հակառակը՝ այս ընթացքում Մարտի 1-ի գործի շրջանակներում տեղի են ունեցել նոր զարգացումներ, որոնք ավելի են հաստատում նախաքննության մարմնի պնդումների օբյեկտիվությունը։ Մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին՝ Սահմանադրական դատարանի վրա ճնշում գործադրելու հատկանիշներով։ Կասկածից վեր է, որ դրամատիկ այդ օրերին երկրորդ նախագահի ամենամերձավոր պաշտոնյան ու ենթական չէր կարող գործել առանց իր ղեկավարի անմիջական ցուցումների։ Սրանք հանգանգամանքներ են, որոնք պետք է պարզի նախաքննությունը ու թերևս իրավական այս գործընթացները շատ ավելի անկաշկանդ ու բնականոն ընթացք կունենան, եթե Ռոբերտ Քոչարյանը դրանց վրա ներազդելու հնարավորություն չունենա։
Մյուս կողմից՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերվել է մեծաքնակ զենք-զինամթերք, որը դարձյալ, կարծես թե, կապված է Մարտի 1-ի հետ։ Ավելի ստույգ՝ վարկած կա, որ այդ զենքն արյունոտ իրադարձությունների ժամանակ կրակել է, ինչը հաստատելու է այն պնդումը, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն կանգնած է հույժ գաղտնի 0038 հրամանի հետևում, այլ նաև՝ դրա շրջանակներում կոնսոլիդացրել է օլիգարխիային, կրիմինալին՝ երկրի սահմանադրական կարգը տապալելու գործընթացում։ Գրեթե հաստատված է համարվում այն վարկածը, որ օլիգարխիայի բանդաները հանդերձանք ու հրաձգային զենք են ստացել բանակից, ինչը ենթադրում է, որ Քոչարյանի գործուն ջանքերով 2008-ի փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում ոչ միայն տապալվել է սահմանադրական կարգը, այլ պետության նշաձողն իջեցվել է չգոյության մակարդակին։
Օլիգարխիայի բանդաները տակավին վնասազերծված չեն․ Հովիկ Աբրահամյանի տարածքի խուզարկությամբ ընդամենը տրվել է գործընթացի մեկնարկը, որը հուսանք՝ առաջիկա օրերին ու շաբաթներին զարգացում է ունենալու։ Ավելորդ է ասել, որ Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ հայտնվելով՝ նոր հնարավոր բացահայտումները կարող են հայտնվել վտանգի տակ՝ քրեաօլիգարխիայի տարբեր սեգմենտների վրա երկրորդ նախագահի ունեցած մեծ ազդեցության հետևանքով։
Եվ վերջապես՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության հարցում շահառու ներքին և արտաքին դերակատարներն անհարկի քաղաքականացրեցին իրավական ընթացակարգը՝ ավելի բարդացնելով իրավիճակը։ Երկրորդ նախագահի պաշտպանությամբ հանդես եկան Ազգային ժողովի չորս տասնյակից ավելի պատգամավորներ՝ մարմնավորելով հակահեղափոխության ռևանշի ձգտումը․ ստորագրողներն անխտիր ներկայացնում են այն քաղաքական ուժերին, որոնք անմիջական քաղաքական պատասխանատվություն են կրում Մարտի 1-ի համար։ Սակայն եթե բանն ավարտվեր միայն պատգամավորական երաշխավորագրերով, հարցը թերևս շեշտված քաղաքական ենթատեքստ չէր ունենա։ Սակայն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն հանդես եկան երկուական հայտարարություններով, որոնցում հնչեցրեցին անհարկի ու մերկապարանոց քաղաքական գնահատականներ՝ սելեկտիվ արդարադատության ու քաղաքական հետապնդումների մասին։ Ավելին՝ Հայաստանում պարտված քրեաօլիգարխիայի քաղաքական ցուցանակները ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի զուտ իրավական գործընթացին հնարավոր դարձնեն Արցախի խորհրդարանի, նրա պատգամավորների անթույլատրելի ու անպատեհ միջամտությունը։
Այս ամենին հավելենք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կոշտ հայտարարությունը, որը Հայաստանի ներքին գործերին միջամտության անթաքույց փորձ էր, որովհետև Մոսկվան ակնհայտորեն հանդես էր գալիս նախկին իշխանության ներկայացուցիչների պաշպանության դիրքերից։
Այս ամենն ավելի կոնսոլիդացրեց Հայաստանի հասարակությանը, որն առանց այն էլ լիակատար կոնսենսուս ունի Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցում։ Պատահական չէ, որ երկրորդ նախագահի կողմնակիցները շատ ակտիվ ու ագրեսիվ քարոզչություն են իրականացնում լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում՝ ծախսելով ահռելի գումարներ, սակայն չեն գտնում կենդանի, իրական գոնե մի քանի տասնյակ մարդկանց, ովքեր հանրային որևէ ակցիա կիրականացնեն՝ հաջակցություն Ռոբերտ Քոչարյանի։
Ահա այսպիսին է իրավիճակը Վերաքննիչ դատարանի վճռի հրապարակումից ժամեր առաջ։ ՀՔԾ-ն ներկայացրել է կոնկրետ իրավական հիմնավորումներ, որոնք անհրաժեշտ են դարձնում Քոչարյանի կալանավորումը՝ քննության բնականոնությունից ելնելով։ Սրան ի հակառակ՝ տեղի է ունեցել քրեաօլիգարխիայի ու Մոսկվայի աննախադեպ ճնշում Հայաստանի արդարադատության նկատմամբ։ Այս համատեքստում Ռոբերտ Քոչարյանի խափաման միջոցի փոփոխությունը հավասարազոր կլինի արդարադատության կապիտուլյացիային քրեաօլիգարխիայի ու նրա արտաքին հովանավորների առաջ։ Սա կվտանգի ոչ միայն Մարտի 1-ի գործի բացահայտումը, այլ նաև կարող է Հայաստանում հասարակական հուզումների ու ընդվզումների տեղիք տալ։
Դատարանը չպետք է տրվի Քոչարյանի ներքին ու արտաքին պաշտպանների ճնշումներին՝ հավատարիմ մնալով արդարադատության ու իրավունքի գերակայությանը։
Լուսանկարը՝ 2rd.am-ի