Ադրբեջանական զինուժի կուտակումների եւ ակտիվության մասին հաղորդագրությունները ճիշտ են եւ նման զարգացումներ գրանցվել ու գրանցվում են ոչ միայն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, այլեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի երկայնքով՝ մասնավորապես՝ Նախիջեւանի ուղղությամբ: Այս մասին EADaily.com-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նրա խոսքով, բանակցություններում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած առավելապաշտական դիրքորոշման պայմաններում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ բարձր է: «Ադրբեջանի պահվածքը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք, երեւույթ, որից զերծ մնալը դրված է որպես նախապայման ԼՂ հակամարտության, եւ ընդհանրապես՝ բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հիմքում», -նշում է նախարարը:
Հատկապես մտահոգիչ են, նշում է Տոնոյանը, մինչ օրս լարվածությամբ համեմատաբար աչքի չընկած նախիջեւանյան ուղղությամբ ռազմական ակտիվության դրսեւորումները: «Այստեղ ռազմական ցանկացած արկածախնդրություն հղի է խոշոր հրդեհ բոցավառելու վտանգով, ճգնաժամ, որին անմասն չեն մնա տարածաշրջանային այլ դերակատարները», - զգուշացնում է Դավիթ Տոնոյանը:
Միաժամանակ, Հայաստանի որդեգրած ողջ կառուցողական կեցվածքով հանդերձ, նա չի ցանկանում, որպեսզի մարդկանց մոտ ձեւավորվի տպավորություն, թե հայկական կողմը խաղաղության խնդրարկու է:
«Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել հակամարտության ռազմական էսկալացիան իրենց վերահսկողության տակ ունենալու հարցում: Այսինքն՝ այնպես չի լինելու, որ իրենք սկսեն որեւէ տեղամասում թեկուզ սահմանափակ ծավալի օպերացիա եւ հույս տածեն որ իրենց խնդրանքով միջնորդ պետությունները կհամոզեն հայկական կողմին դադարեցնել այդ ագրեսիայի պատժման նպատակով ձեռնարկված հակահարձակումը: 2016թ. ապրիլյան ագրեսիայի նման սցենարի կրկնման դեպքում հայկական կողմը կարող է չկարողանալ զերծ մնալ իր տրամադրության տակ եղած ողջ զինանոցը օգտագործելու եւ այդպիսով՝ հակառակորդի սահմանափակ մարտական խնդիրները ավելի վճռական ու ծավալուն ձեւաչափով հակադարձելու «գայթակղությունից»», - նշում է նախարարը:
Նրա խոսքով, ապրիլյան մարտերից առաջին հերթին կատարել ենք ռազմավարական նշանակության հետեւություններ. «Կրկնում եմ, Ադրբեջանը չէ, որ պետք է իրեն վերապահի իրադրության էսկալացիայի ժամը, տեղը եւ ծավալը որոշելու մենաշնորհը»:
«Արել ենք նաեւ մի շարք հետեւություններ ռազմական գործողությունների օպերատիվ եւ մարտավարական մակարդակներում, որոնց արդյունքում կատարել ենք անհրաժեշտ փոփոխություններ զորքերի օպերատիվ դասավորության, առաջնագծում մարտական խնդիրների կատարման, սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով բանակի հագեցման ոլորտներում:
Տեխնիկական եւ ընթացակարգային լուծումների միջոցով բացառել ենք նաեւ նման հարձակումներին դիմագրավելիս հանկարծակի գալու գործոնը»,- ընդգծում է նա:
Իր ողջ նշանակությամբ հանդերձ, Տոնոյանի խոսքով, «ապրիլյան պատերազմը» չպետք է գտնվի մեր ռազմական մտքի կիզակետում:
«Ռազմարվեստի պատմությունը ականատես է բազմաթիվ դեպքերի, երբ նույնիսկ ամենալավ զորահրամանատարները եւ նույնիսկ ամբողջ զինված ուժերն ընկել են ապագայի պատերազմին նախորդ ռազմական գործողությունների արդյունքների հիման վրա նախապատրաստվելու եւ դրա հետեւանքով սխալվելու թակարդը: Այնպես որ՝ հավանական ռազմական գործողություններին նախապատրաստվում ենք համակողմանիորեն, ոչ թե միայն անցյալի փորձի հաշվառմամբ»,- եզրափակում է նախարարը: