loading...

Հայաստանն ադրբեջանցիներին «քաղցկեղի ցունամի» է ուղարկել



Դիտումներ ` 1133
Հայաստանն ադրբեջանցիներին «քաղցկեղի ցունամի» է ուղարկել

Թերթերից մեկը Հայաստանին կասկածել է «Իրանի ադրբեջանական ժողովրդի էկոլոգիական ցեղասպանության» մեջ:

Հայաստանն Իրանի հյուսիսում ապրող ադրբեջանցիների «ցեղասպանություն» է իրագործում, գրում է KavkazPlus-ը։

Չենք հերքում, որ լեռնահանքային գործն այդքան էլ մաքուր արտադրություն չէ և բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա նույնիսկ բոլոր նորմերին հետևելու դեպքում։ Բայց հոդվածներից մեկում, որը մենք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, եզրակացրել են, որ Հայաստանը որոշել է «ադրբեջանցիների ցեղասպանություն» իրագործել, ընդ որում` Իրանում։ Այսպես, հոդվածը սկսվում է «Հայաստանի քայքայված տնտեսությունից» և երկրի գունավոր մետաղագործությունից, այդ թվում` ոսկու և պղնձի արդյունահանումից, այսինքն մարդու առողջության համար վտանգավոր արտադրությունից։

«Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում տեղի է ունենում ոսկու հանքավայրերի հարստացում, որոնք արդյունահանվել են Ղարաբաղի բռնազավթված ադրբեջանական տարածքներում։ Արաքս գետի հովտում գտնվող ֆաբրիկան Հարավային Կովկասի` բնապահպանական առումով ամենաանհաջող ձեռնարկություններից է։ Դա այն դեպքում, որ այստեղ տնտեսում են նույնիսկ արտանետումները մաքրելու վրա, որը եղել է խորհրդային տարիներին», — գրում է պարբերականը։

Հետո ամեն ինչ ավելի մռայլ է դառնում։ Հրատարակությունը կարծում է` «խոսելն ավելորդ» է, բայց ամեն դեպքում ասում է, որ «Արաքս գետի հովտում ընկած Երևանում ու Գյումրիում, ինչպես նաև մյուս հայկական քաղաքներում, չեն աշխատում մաքրող սարքերը»։

Հետևաբար, ըստ պարբերականի տրամաբանության, արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերը հոսում են Արաքս, որի ջրերից օգտվում են Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը։ Բայց, ինչպես պարզվում է, հայերը դրանով չեն սահմանափակվում։ Նույն Արաքս են լցվում նաև Արարատյան դաշտի ոռոգման համակարգերից հոսող «պեստիցիդներով և հերբիցիդներով վարակված» ջրերը։



 



Զավեշտալին այն է, որ պարբերականը «ոչ մի տվյալ չունի Մեծամորի ԱԷԿ-ից ռաիոակտիվ ջրերն Արաքս գետի ավազան լցվելու մասին, բայց, ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ լինում է։ Չէ՞ որ մեր ԱԷԿ-ը ոչ միայն «մաշված» է, այլ նաև «վթարային և վտանգավոր»։

Հեղինակների խոսքով` Հայաստանում էկոլոգիապես վնասակար այլ արտադրությունները նույնպես շատ են։ Դրանցից բոլոր կեղտաջրերը հոսում են Քուռ գետի ավազան, ամենից առաջ` Արաքս։ Բայց ամենատխուրն այն է, որ «Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում Արաքս գետից բացի գրեթե չկան քաղցրահամ ջրի այլ աղբյուրներ»։

Ցամաքող Ուրմիա լճի ֆոնին Արաքսի ջրերն ավելի ինտենսիվորեն են օգտագործում Իրանի հյուսիսային նահանգներ Արդեբիլը, Արևմտյան Ադրբեջանը և Արևելյան Ադրբեջանը, հրատարակությունը չակերտներում գրում է. «Այլ կերպ ասած` Հարավային կամ իրանական Ադրբեջանը»։

«Արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում նկատվում է ուռուցքաբանական հիվանդությունների շեշտակի աճ»,- գրում է հրատարակությունը։

Ինչպես ադրբեջանական ԶԼՄ-ներից շատերը, այս պարբերականը նույնպես մեջբերում է պատգամավոր Շաքուր Պուր Հուսեյնի հայտարարությունը (ի դեպ, թուրքալեզու), որը Հայաստանին մեղադրում է Արաքս գետի աղտոտման մեջ, ինչի հետևանքով Իրանում աճել է քաղցկեղով հիվանդացությունը։

Պատգամավորն այդ վշտալի փաստն անվանել է «քաղցկեղի ցունամի», որի միակ մեղավորը Հայաստանն է։

Բայց պարբերականը, չբավարարվելով այսքանով, վերջնական եզրակացության է հանգում։ «Հաշվի առնելով, որ Արդեբիլ, Արևմտյան Ադրբեջան և Արևելյան Ադրբեջան նահանգների բնակչության մեծամասնությունը կազմում են էթնիկ ադրբեջանցիները, խոսքը վերաբերում է ԻԻՀ ադրբեջանական բնակչության էթնիկ ցեղասպանությանը», — աղաղակում է թերթը։

Հետո «հասկանում» է, որ այդպես չի կարող շարունակվել և անհրաժեշտ է «վճռական միջոցներ ձեռնարկել` Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավիճակն առողջացնելու համար»։ Բայց, ինչպես պարզվում է, դա անհնար է «Երևանում ներկա ռեժիմի իշխանությունը պահպանելու դեպքում»։ Արդյունքում ստացվում է բոլորովին վատ բան` «ադրբեջանցիների ցեղասպանության փակ օղակ»։


 


Ադրբեջանցիներից բացի սպառնալիքի տակ են ընկել նաև վրացիները, քանի որ Ախթալայի ամենակեղտոտ լեռնահարստացման կոմբինատներից մեկը, ինչպես նաև Ալավերդու պղնձի գործարանը թունավորում են Վրաստան հոսող Դեբետ գետի հովիտը։

Եվ այսպես, աշխարհագրությունն ընդլայնվում է։ «Բնապահպանական «կեղտոտ» թալանի գերիներն են» ոչ միայն Հարավային Կովկասը, այլ նաև Մերձկասպյան երկրները։ Որքան էլ տարօրինակ է, Հայաստանն առայժմ վտանգավոր չէ աշխարհի մյուս երկրների համար։

Արդյունքը։ «Իրանը, Վրաստանը, ինչպես նաև տարածաշրջանի մյուս պետությունները (Թուրքմենստան, Ղազախստան, Ռուսաստան) պետք է պահանջեն երևանյան ռեժիմից դադարեցնել թունավորել Արաքս և Դեբեդ գետերը, որոնք իրենց հերթին աղտոտում են եզակի ջրամբարը` Կասպից ծովը»։

Հոդվածի հեղինակները «հոգ են տանում էկոլոգիայի մասին» և կոչ անում «Հայաստանի արտադրական հզորությունները դնել միջազգային բնապահպանական խիստ հսկողության տակ»։ Նրանք վստահ են, որ դա անում են «էկոլոգիապես մաքուր սրտով»։

Sputnik Արմենիան այդ «բնապահպանական ցեղասպանության» մասին խոսեց բնապահպան Կարինե Դանիելյանի հետ։ Նա խոստովանեց, որ լեռնահանքային արդյունաբերությունը զգալի վնաս է հասցնում էկոլոգիային։ Սակայն նրա խոսքով` առաջին հերթին դա վերաբերում է Հայաստանի տարածքին, այլ ոչ թե հարևաններին։

«Ժամանակին հայկական և ադրբեջանական կողմերից ջրի նմուշ է վերցվել, որն այդքան էլ վատը չի եղել։ Մեզ մոտ լեռնային գետեր կան, որոնք շատ առումներով ինքնամաքրվում են մինչև Արաքս լցվելը», — ասաց Դանիելյանը։

Միաժամանակ, բնապահպանի խոսքով, Մեծամորի ԱԷԿ-ից Արաքս գետ լցվող թափոնների մասին խոսելն ավելորդ է։

http://armeniasputnik.am


loading...

Փակել