Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների տարեվերջյան ոչ պաշտոնական հավաքին: Սերժ Սարգսյանի մոսկովյան այս այցն, ըստ երևույթին, իր՝ այսպես ասած բովանդակային հագեցածության և լարվածության տեսանկյունից թերևս գտնվում է ոչ բարձր աստիճանի վրա, թեև, խոշոր հաշվով, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մոսկովյան այցերը մշտապես առաջացնում են լարված սպասումներ:
Այսօր տեղի ունենալիք այցից առաջ, սակայն, տեղի է ունեցել մի բան, որը թերևս կնպաստի սպասումների լարվածության թուլացմանը: Բանն այն է, որ ՌԴ նախագահ Պուտինը հանդիպելով Պետդումայի պատգամավորներին՝ հայտարարել է, որ իրավիճակը Աֆղանստանում ԱՄՆ զորքերի թվաքանակի կրճատումից հետո դեպի վատն է գնացել, սակայն եթե ԱՄՆ-ն չլիներ, ապա իրավիճակը ավելի վատ կլիներ: Պուտինը հայտարարել է, որ թեև բարդ հարաբերություններ ունեն Նահանգների հետ, այնուհանդերձ պետք է օբյեկտիվ մոտենան իրականությանը:
Պուտինի այդ հայտարարությունն, անշուշտ, ուղիղ որևէ կապ չունի Սերժ Սարգսյանի այցի հետ, սակայն խնդիրն այն է, որ Պուտինն Աֆղանստանի առիթով փոխանցում է երկու էական մեսիջ: Նախ այն, որ ԱՄՆ-ն շատ կոնկրետ ապահովում է Ռուսաստանի թիկունքը Աֆղանստանի ու միջինասիական հատվածի մասով ընդհանրապես և եթե հետ քաշվի, ապա Ռուսաստանի համար այդ գոտում իրավիճակը կլինի վատ, և մյուս մեսիջն այն է, որ Պուտինը, ըստ էության, բացահայտ հայտարարում է, որ իրողություններին պետք է մոտենալ օբյեկտիվ, մասնավորապես ԱՄՆ դերակատարման հարցում:
Իհարկե, սա անկասկած չի փոխելու ռուսական պաշտոնական քարոզչությունը, որի առանցքում վատ Արևմուտքն է և դրանից Ռուսաստանը փրկող Պուտինը, սակայն Հայաստանի համար կոնկրետ այդ հանգամանքը այնքան էլ էական չէ: Հայաստանի համար էական է ռեալ պոլիտիկի պարագան, որն էլ արտահայտվում է Պուտինի նմանօրինակ հազվադեպ, սակայն բավական խոսուն և նպատակային գնահատականներում:
Իսկ դա ցույց է տալիս այն, որ Ռուսաստանի նախագահն, այնուհանդերձ, պատրաստ է իրողություններին նայել օբյեկտիվության դիրքերից կամ պարզապես ռացիոնալության՝ իրապաշտորեն գնահատելով Ռուսաստանի ռեսուրսները, չնայած քարոզչական մակարդակում գեներացվող կայսերապաշտությանը, «ամենակարողությանը»:
Իսկ եթե Ռուսաստանում բարձր մակարդակով գիտակցվում է այդ հանգամանքը, ապա դա նշանակում է, որ աշխատանքի լրացուցիչ կամ ավելի լայն հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար, որի իշխանության ներքին լեգիտիմության բացակայությունը լրացուցիչ նեղացնում է Ռուսաստանի հետ առանց այն էլ նեղ աշխատանքի դաշտը, որ մնում է Երևանի համար: Իսկ դա նշանակում է, որ եթե անգամ առաջացող հավելյալ տարածությունը չօգտագործվի լրացուցիչ խնդիրներ լուծելու համար, ապա գոնե քիչ թե շատ երաշխիք կա, որ ԱՄՆ դերակատարման հարցում օբյեկտիվ ռեժիմում գտնվող ՌԴ բարձրագույն իշխանությունը այդ ռեժիմում է գտնվում նաև կովկասյան տարածաշրջանի մասով, ինչը նշանակում է Հայաստանի դերի և անվտանգության կարևորության որոշակի գիտակցում:
ԱՄՆ ռեգիոնալ ռազմավարությունը, համենայնդեպս, ակնհայտորեն հենվում է այդ տրամաբանության վրա, և այստեղ Ռուսաստանի համար վատ կլինի ոչ միայն Աֆղանստանում ԱՄՆ բացակայության դեպքում, այլ նաև Կովկասում ԱՄՆ քաղաքականության բացակայության: