loading...

Հայաստանի 115 տարեկան Դուրմեն տատը 15 թոռ, 18 ծոռ ունի



Դիտումներ ` 787
Հայաստանի 115 տարեկան Դուրմեն տատը  15 թոռ, 18 ծոռ ունի

Հայաստանում ամենատարեց մարդը՝ 115-ամյա Դուրմեն տատը, 15 թոռ ու 18 ծոռ ունի. մեծ որդին 75 տարեկան է։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Դուրմեն տատը (Դուրմեն Փինաչյան) հիշում է իր անցած կյանքը, իր գլխով անցած գնացածը։ Այդ ընթացքում կայսրությունները քանդվեցին, փոխվեցին բարքերը, փոխվեց հասարակությունը, եւ ընդհանրապես,  փոխվեց աշխարհը, իսկ երկրային դժոխքն ու դրախտը երեւի մնացին նրա՝ Դուրմեն Փինաչյանի 115 տարեկան աչքերում:

Ծնունդով Ներքին Գետաշենցի այս կինն այժմ ապրում է Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: «Ես Ներքին Ադեմանում եմ ծնվել (այժմ գյուղը կոչվում է Գետաշեն-խմբ), ընտանիքում 7 երեխա էինք, հերս ու երկու ախպերներս գացին պատերազմ ու հետ չեկան: Ես ու մամս 4 պուճուր քուր-ախպերներիս ու բարեկամների երեխեքին էինք պահում, ահավոր տարիներ էին: Ապրելը դժվար էր, ցուրտ էր, մի տան մեջ էինք, շոր չկար, ապրելու միջոց չկար:  Հետո մամս էլ մեռավ, մացի մենակ, փոքր քուր-ախպերներիս պահեցի, կարգեցի (ամուսնանալ) ու հետո ես կարգվեցի ( մոտավորապես 35 տարեկանում, խմբ.)»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Դուրմեն տատը:

Ամուսնանալուց հետո, տատը 3 տարի երեխա չի ունենում, ինչն էլ դառնում է ամուսնալուծության պատճառ: «Ճիժ չբերի, թողին»,- ասաց Դուրմեն տատը, ապա հավելեց,- «Հետո, որ նորից կարգվա, մարդիս 4 երեխեքին պահեցի, 5 երեխա էլ ես բերի»:

Իր ինը երեխաներին տատը պահել է մի մեծ հացատան մեջ: «Հացատան մեջ էինք ապրում, երեխեքին քնցնում էինք, թունդիրի մեջ ցանով կրակ վառում ու հաց թխում: Դժվար էր, մգավա (հիմիկվա) պես չէր, որ գազը վառես ու հաց թխես: Հետո երեխեքս մեծացան, սաղին կարգի ու հասուցի (հասցրի) իրանց նպատակին»:

Ինչպես տեղեկացանք Դուրմեն տատի մեծ հարսից՝ Ռիմայից, տատն ունի 15 թոռ ու 18 ծոռ: «Հիմա տատի երեխաներից 6-ն են ողջ, էդ թվում ամենամեծ տղան (75 տարեկան): 15 թոռներից ոչ ոք հիմա տատի կողքին չի, իսկ 18 ծոռներից մենակ 2-ն են տատի հետ ապրում: Էս տան թոռն իմ տղան ա, որ խոպանում ա, մյուսները գյուղում չեն ապրում, ու մեկ-մեկ են կարողանում տատին այցելել: Ինքն էլ կարոտում ա, միշտ ասում  ա՝ զանգի կանչի: Ծոռներին էլ ա տատը շատ ա սիրում, ասում ա Նարինեին էլ (13 տարեկան ծոռնուհին)  կարգեմ, նոր հանգիստ խղճով մեռնեմ»:

Հարցին, թե ինչպիսին է կյանքը 115 տարեկան մարդու աչքերով, տատը պատասխանեց. «Մկա (հիմա) հեշտ ա, էն վախտ դժվար էր»:

Նշենք, որ տատն իր ծննդյան օրը չի հիշում, բայց որպես կանոն երեխաները նրա ծնունդը նշում են հունվարի 1-ին: «Տորթ ենք պատրաստում, ու ասում ենք՝ մոմերը փչի, էսօր քո ծնունդն ա: Էդպես ուրախացնում ենք մեր տատին»,- նշեց տիկին Ռիման:


loading...

Փակել