«Հայկական ժամանակ» օրաթերթը պարզել է, թե ով է գնել Մոսկովյան հասցեում գտնվող գիտնականի տունը։
Երևան քաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը նոր սեփականատեր ունի: «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով` Մոսկովյան 22 հասցեում տեղակայված «Գիտնականի տուն» կոչվող եռահարկ շենքը գնել է «Comedy Club Production»-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը:
Շենքի վաճառքի հարցում Հայաստանում համագործակցել է «Բարս» անշարժ գույքի գործակալությունը: Գործակալության տնօրեն Մարինա Չատինյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է, որ շենքը վաճառվել է, բայց գնորդի մասին տեղեկություն չի հայտնել: Թերթը հիշեցնում է, որ «Բարսի» սեփականատերը Ռոբերտ Քոչարյանի խնամին է՝ Մարինա Չատինյանը:
Բաց աղբյուրների ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ շենքը կառուցվել է 1950-ականներին։ Շենքը կառուցված է ռուսական կլասիցիզմի ոճով։ Ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը ծրագրում էր շենքը դարձնել գիտնականի տուն, որտեղ պետք է հավաքվեին գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից, անցկացվեին գիտաժողովներ, հանդիպումներ և քննարկումներ: