Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն Հայաստանը դեպի առավել զարգացում և բարեկեցություն առաջնորդելու գործում: Բենյամին Նեթանյահուն շնորհավորել է նաև վարչապետին և հայ ժողովրդին Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ:
Նշելով, որ անցած տարի Իսրայելն ու Հայաստանը տոնեցին դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը՝ Բենյամին Նեթանյահուն ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա համերաշխությունը հիմնված է երկու ժողովուրդների համանման պատմական փորձի և Սուրբ հողում, մասնավորապես՝ Երուսաղեմում, հայկական դարավոր ներկայության վրա:
«Իսրայելը պատրաստակամ է Հայաստանի հետ ընդլայնելու իր համագործակցությունը բազմաթիվ կարևոր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, ենթակառուցվածքների զարգացման: Ես ակնկալում եմ աշխատել Ձեզ և Հայաստանի նոր կառավարության հետ՝ զարգացնելու առավել ամուր հայ-իսրայելական գործընկերություն»,-ասված է Իսրայելի վարչապետի շնորհավորական ուղերձում:
Երրորդ հանրապետության պատմության մեջ չի հիշվում Իսրայելից ստացված նման բովանդակալից ուղերձ: Նեթանյահուի այսօրվա ուղերձը չի կարելի վերագրել բացառապես դիվանագիտական արարողակարգին, որովհետև դրանում առկա են, այսպես կոչված, կիրառական քաղաքականության հստակ էլեմենտներ:
Իսրայելի վարչապետը կարևորում է ամուր գործընկերության հատատումն, ինչն, առաջին հերթին, հուշում է, որ երկու երկրները պետք է դեսպանատներ հիմնեն երկու մայրաքաղաքներում:
Իհարկե, Իսրայելի քաղաքականության հայկական ուղղության ակտիվացումը կարող է պայմանավորված լինել տարածաշրջանային համատեքստով, մասնավորապես` այն աննախադեպ ճգնաժամով, որն այսօր առկա է Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում: Բայց սա է քաղաքականությունը, երբ երկրների հարաբերությունների ընթացքի, զարգացման վրա ազդում են գլոբալ, ռեգիոնալ քաղաքականության բազմաթիվ ասպետներ:
Պաշտոնական Երևանն էլ` իր հետաքրքրություններն ու շահերն ունի Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման համատեքստում: Հայաստանի դիվանագիտության հիմնական խնդիրն է` հայ-իսրայելական դինամիկ հարաբերությունների միջոցով չեզոքացնել այն ռիսկերը, որոնք առաջանում են իսրայելա-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության հետևանքով կամ նույնիսկ հասնել այդ համագործակցության չեղարկմանը:
loading...