loading...

Հայ-իրանական սահմանի միջադեպի անսպասելի զարգացում



Դիտումներ ` 1322
Հայ-իրանական սահմանի միջադեպի անսպասելի զարգացում

Հայաստան-Իրան սահմանային հատվածում 40 մետր ճանապարհի նորոգման պատմությունն ունեցավ անսպասելի եւ ուշագրավ զարգացում: Ըստ Հայաստանի ջրային տնտեսության պետկոմի նախագահ Արսեն Հարությունյանի, ճանապարհի նորոգման վերաբերյալ պայմանագիրը դադարեցնելու պատճառը ոչ թե հայ-իրանական սահմանը հսկող  ՌԴ սահմանապահների, այլ իրանական կողմի անհամաձայնությունն է:

Արսեն Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե նախագծում նշվածը, որ դադարեցնելու պատճառը ՌԴ սահմանապահների անհամաձայնությունն է, պարզապես վրիպակ է:

Խոսքը մոտավորապես այն հայտնի ընդամենը «մի մուշտիի» մասին է, որը պատմվածքում մարդ էր սպանել: Ջրային տնտեսության պետական կոմիտեի պատրաստած նախագծում ընդամենը «վրիպակը» բարեբախտաբար մարդ չէր սպանելու, սակայն գործնականում կարող էր առաջացնել պարզապես միջպետական լրջագույն խնդիր, ստեղծելով իրավիճակ, որը կարող էր լուրջ սադրանքների տեղիք տալ հայ-ռուսական հարաբերության ներկայիս բավական նուրբ եւ բարդ տրանսֆորմացիայի փուլում:



Արսեն Հարությունյանը հայտարարել է, թե ճանապարհի նորոգումը դադարեցնելու պատճառը իրանական կողմի անհամաձայնությունն է, ոչ թե ՌԴ սահմանապահների: Ըստ նրա, եղել է բանակցություն, որին բնականաբար մասնակցել է նաեւ սահմանի հսկողության գործառույթ իրականացնող ՌԴ սահմանապահ ծառայությունը: Ըստ հայաստանցի պաշտոնյայի, իրանական կողմը չի տվել համաձայնություն ճանապարհի նորոգման հետ կապված հարցերում, եւ բանակցությունը շարունակվում է:

Թե ինչու է իրանական կողմը անհամաձայն, հատկապես ինչի՞ն է անհամաձայն, ո՞րն է խնդիրը, պարզ չէ, Արսեն Հարությունյանը չի մանրամասնել:

Պետք է հուսալ, որ Հարությունյանն իրանական կողմի անհամաձայնության մասին խոսելիս գոնե չի «վրիպում», այլապես հայ-ռուսական սկանդալից «կպրծնենք» ու կընկնենք հայ-իրանական սկանդալի մեջ: Այսինքն, հայաստանցի պաշտոնյան Իրանի անհամաձայնության մասին վկայակոչում է ըստ էության եւ իրականության, ոչ թե ընդամենը իր կառույցի պատրաստած նախագծում ՌԴ սահմանապահների վերաբերյալ տեղեկությունը քողարկելու եւ առաջացած աղմուկը մարելու համար:


Հայաստանի պետական կառույցի ղեկավարի քաղաքական գրագիտությունն ու պատասխանատվությունը թերեւս կբավարարի պատկերացնելու համար իրանական կողմի վրա «մեղքը» բարդելու հետեւանքը, եթե իրականում խնդիրը Իրանը չէ:

Իսկ եթե խնդիրը իրանական կողմի անհամաձայնությունն է, ապա ստացվում է, որ ջրային տնտեսության պետական Կոմիտեի քաղաքական գրագիտությունն ու պատասխանատվությունը մեղմ ասած չի բավարարել պատկերացնելու համար, թե ինչ հետեւանք կարող է ունենալ այդօրինակ լրջագույն միջպետական իրավիճակների վերաբերյալ պատրաստված որոշումների նախագծերում այդպիսի սկանդալային «վրիպակ» թույլ տալու համար:

Կոմիտեն փաստորեն ստեղծել է մի վիճակ, երբ Հայաստանը կարող է ստիպված լինել արդարանալ կամ Ռուսաստանի, կամ Իրանի առաջ: 

 

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/166796


loading...

Փակել