Օրերս ԱՄՆ Արդարադատության նախարարությունը տեղեկատվություն տարածեց երեք հայի մասին (Ստելլա Բոյաջյան, Հրաչյա Աթոյան, Դիանա Գրիգորյան), ովքեր Միացյալ Նահանգներում մեղադրվում են մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու ու փողերի լվացման համար:
Նրանցից մեկը հաղորդավարուհի Դիաննա Գրիգորյանն է, ով ավելի հայտնի է Դինա Ակոպովնա անունով: Տեղեկատվության տարածումից հետո Դ.Ակոպովնան Slaq.am-ի հետ զրույցում հերքել էր, որ կապ ունի տեղի ունեցած խարդախությունների հետ, ավելին` պնդել էր, որ այս պահին էլ ունի ԱՄՆ մուտքի գործող արտոնագիր:
Գործի մանրամասները, մեղադրյալների կարգավիճակը պարզելու համար Aysor.am-ը դիմել է Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարություն:
Նախարարության խոսնակ Նիկոլ Նավաս Օքսմանի (Nicole Navas Oxman) պատասխանից պարզ է դառնում, որ ԱՄՆ իրավապահների համար ՀՀ քաղաքացի Դինա Ակոպովնան այս պահին փախուստի մեջ է, չունի մուտքի արտոնագիր ԱՄՆ և ավելին` այդ երկրում նրան կարող է 20 տարի և ավելի ազատազրկում սպառնալ:
Ներկայացնում ենք Aysor.am-ի հարցազրույցը ԱՄՆ Արդարադատության նախարարության խոսնակի հետ:
- Այս պահին ԱՄՆ-ում ի՞նչ կարգավիճակում են Ստելլա Բոյաջյանը, Հրաչյա Աթոյանն ու Դիանա Գրիգորյանը:
- Բոյաջյանն ազատության մեջ է գրավի դիմաց: Նա ոտքին կրում է տեղաշարժն արձանագրող շղթա, հանձնել է անձնագիրը, ինչպես նաև պարետային ժամ ունի երեկոյան 8-ից մինչև առավոտյան 7-ը:
Աթոյանը բերման է ենթարկված: Ընթացքում է Կալիֆորնիայից նրա տեղափոխումը Նյու Յորք:
Ակոպովնան շարունակում է փախուստի մեջ գտնվել:
Բոյաջյանի և Աթոյանի հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 1-ին՝ առավոտյան 10:00-ին:
- Ի՞նչ պատիժ կկրեն մեղադրյալները, եթե դատարանի որոշմամբ մեղավոր ճանաչվեն:
- Եթե նրանց ուղղված մեղադրանքը հաստատվի, ապա վճիռը պետք է կայացնի դատարանը: Պետք է նշեմ, որ հրապարակված եզրակացության մեջ հնչեցված մեղադրանքները, պարզապես, մեղադրանքներ են և մեղադրյալն անմեղ է համարվում, քանի դեռ դրանք չեն ապացուցվել:
Այնուամենայնիվ, եթե վերոնշյալ անձիք մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնելու են հետևյալ առավելագույն պատիժները`
Հանցավոր համաձայնություն արտասահմանիցիների` ԱՄՆ ապօրինի ներգաղթելուն նպաստելու շուրջ` 5 տարվա ազատազրկում (Բոյաջյան, Աթոյան և Ակոպովնա),
Մուտքի արտոնագրի հետ կապված խարդախություններ՝ 10 տարվա ազատազրկում (Բոյաջյան, Աթոյան և Ակոպովնա),
Հանցավոր համաձայնություն փողերի լվացման նպատակով` 20 տարվա ազատազրկում (Բոյաջյան և Ակոպովնա),
Միջազգային մակարդով փողերի լվացում` 20 տարվա ազատազրկում (միայն Ակոպովնան),
Անձնական տվյալների հափշտակում` 2 տարվա բանտային ազատազրկում ի լրացում ցանկացած այլ պատժի (միայն Բոյաջյան):
- Մեղադրյալներ Ստելլա Բոյաջյանը և Հրաչյա Աթոյանը ՀՀ քաղաքացինե՞ր են:
- Ստելլա Բոյաջյանը ԱՄՆ քաղաքացի է (naturalized U.S. Citizen): Հայտնի չէ` արդյոք նա պահպանում է ՀՀ քաղաքացիությունը:
Հրաչյա Աթոյանը ՀՀ քաղաքացի է: Նա ԱՄՆ-ում գտնվում էր ապօրինի:
- Այս գործով կա՞ն այլ ձերբակալվածներ, ովքեր մեղադրվում են ԱՄՆ ներգաղթային օրենսդրության խախտումների մեջ:
- Այս հարցով քննությունն ընթացքի մեջ է:
- Դինա Ակոպովնան այս պահին ունի՞ ԱՄՆ մուտքի գործող արտոնագիր, ինչպես ինքն է պնդում:
- Ոչ: Գրիգորյանը չունի ԱՄՆ մուտքի գործող արտոնագիր: Նրա արտոնագիրը չեղարկվել է: