loading...

Հարված Հայաստանի պատվիրակությանը. դեսպանի անակնկալը



Դիտումներ ` 721
Հարված Հայաստանի պատվիրակությանը. դեսպանի անակնկալը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը Ժամանակ թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ կոռուպցիան Հայաստանում շարունակում է լինել մտահոգիչ, մի քանի ազդեցիկ մարդ շարունակում են ստեղծել իրենց համար արտոնյալ տնտեսական պայմաններ, անհավասար մրցակցությունը շարունակում է վանել արտաքին, մասնավորապես ամերիկյան ներդրողներին:

Ռիչարդ Միլզն առաջին անգամ չէ, որ տալիս է այդպիսի քաղաքական գնահատական: Ներկայիս նրա գնահատականը կամա թե ակամա ունեցել է «ուղեկցող» նշանակություն: Այն Վաշինգտոն է «ուղեկցել» Հայաստանի խորհրդարանի պատվիրակությանը, որը այցելել է ԱՄՆ մայրաքաղաք, Կոնգրեսում հանդիպումներ ունենալու: Իսկ ԱՄՆ Կոնգրես Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը մեղմ ասած սովորական երեւույթ չէ:

Այդ պատվիրակությունը գլխավորում է ԱԺ երիտասարդ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որի արդարադատության նախարարությունից ԱԺ անսպասելի տեղափոխման կապակցությամբ նույն դեսպան Ռիչարդ Միլզն իր ափսոսանքը հայտնել էր անգամ հրապարակային նամակով, հույս հայտնելով նույնքան արդյունավետ աշխատել Հովհաննիսյանի նոր պաշտոնում:



Ի դեպ, նոր պաշտոնում էլ դեսպան Միլզը արդեն ունեցել է Հովհաննիսյանի հետ մի քանի հանդիպում: Դեսպանը մի քանի հանդիպում է ունեցել նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ, որը նույնպես պատվիրակության կազմում է: Ի դեպ, պատվիրակության կազմում են նաեւ ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, Ծառուկյան դաշինքից Նաիրա Զոհրաբյանն ու ԵԼՔ-ից Էդմոն Մարուքյանը:

Ի՞նչ տպավորություն է ունեցել դեսպան Միլզը Արփինե Հովհաննիսյանի եւ Արմեն Աշոտյանի հետ հանդիպումներից, որ նրանց ԱՄՆ «պատմական» այցի համար դարձել է «անհարմար» ուղեկից: Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Վաշինգտոն է ժամանում Հայաստանում կոռուպցիայի եւ տնտեսական անհավասարության մտահոգիչ աստիճանի մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունների ուղեկցությամբ:

Դրանից հետո ի՞նչ ընդունելության կարժանանա պատվիրակությունը Վաշինգտոնում: Խոսքն իհարկե արարողակարգի կամ առերեւույթ ընդունելության մասին չէ, այլ ավելի շուտ ներքին ընկալումների, երբ օրինակ Վաշինգտոնի տարբեր քաղաքական կամ փորձագիտական շրջանակներ կունկնդրեն հայկական պատվիրակության եւ մասնավորապես իշխող մեծամասնության ներկայացուցիչների պատմությունը Հայաստանի իրավիճակի, հեռանկարների, քաղաքականության վերաբերյալ:

 


Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը Հայաստանի իշխանության նոր սերունդն են, միջազգայնորեն ներկայանալի սերունդը, որի համար ԱՄՆ այցը կունենա քաղաքական վճռորոշ նշանակություն: Դեսպան Միլզը փաստորեն նրանց այցի համար սահմանում է շատ բարձր նշաձող, եւ ամերիկյան քաղաքական իսթեբլիշմենտը Հայաստանի իշխանության նոր սերնդին գնահատելու է Հայաստանի իրավիճակին եւ իշխանության արդյունավետությանն ու քաղաքական կամքին դեսպանի տված բավական կոշտ գնահատականի պրիզմայով:

Կհանձնե՞ն քննությունը Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը: Այստեղ իհարկե էական նշանակություն ունի այն, թե նրանց ֆոնին էլ աշխարհքաղաքական համարժեքության եւ մտածողության առումով ինչպես կդրսեւորեն իրենց ընդդիմադիր դիրքերից հանդես եկող պատվիրակները:

Չի բացառվում նաեւ, որ գիտենալով այդ հարաբերակցությունը եւ համեմատության պատկերը, դեսպան Միլզը  բավական կոշտ եւ նեղ պրիզման սահմանել է իրավիճակը բալանսավորելու եւ կոնգրեսականների համար օբյեկտիվ դիտարկման ու գնահատման դաշտ ապահովելու համար:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/171455

 


loading...

Փակել