loading...

Հարձակումն ուժգնանում է. ուղղակի շանտաժ՝ Փաշինյանի կառավարությանը



Դիտումներ ` 893
Հարձակումն ուժգնանում է. ուղղակի շանտաժ՝ Փաշինյանի կառավարությանը

hayeli.am -ը գրում է.

Ռուսաստանից վերջին տարիներին պարբերաբար Հայաստանի ուղղությամբ տարատեսակ մեկնաբանություններ, խայթոցներ եղել են Հայաստանի շուրջ այս կամ այն զարգացումների առիթով, իհարկե՝ փորձագետների, լրագրողների, որոշ ռուս պատգամավորների մակարդակով:

Ամեն անգամ Արևմուտքի հետ ինչ-ինչ գործընթացների առիթով Ռուսաստանում խանդի տեսարաններ են ստեղծել: Բացառություն չէր նաև վերջերս Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցը:

Հայաստանը դառնում է Ուկրաինայի երկվորյակ քույրը, այդ փաստն է՛լ ավելի տխուր է, քանի որ դեռ բոլորովին վերջերս Երևանը շատ հավատարիմ էր Մոսկվային, առնվազն շատ ավելի, քան մնացած անկախ կովկասյան հանրապետությունները, երեկ գրել է ռուսական Lenta.ru կայքը` «Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով» վերնագրված հոդվածում: Այժմ երկկողմ համագործակցության հեռանկարների մասին անհրաժեշտ է լուրջ խորհել, և այդ ուղղությամբ մտքերը ոչ մի լավ բանի մասին չեն վկայում, գրում է հոդվածագիր Կոնստանտին Լյապունովը:

Նման տխուր եզրակացությունների են դրդում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որոնք կրկնում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի քայլերը, իսկ վերջինիս հետ բարեկամությունը չստացվեց, գրում է Լյապունովը։

Հեղինակը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններում առավել մտահոգիչ է դեպի Արևմուտք Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձը: Ընդ որում, ըստ երևույթին, նա ցանկանում է ոչ թե պարզապես ինտեգրվել քաղաքական շրջանակներին, այլև ինչ-որ կերպ ցանկանում է երկիրն ինտեգրել Ռուսաստանի նկատմամբ թշնամական ՆԱՏՕ-ի դաշինքում, կամ ցուցադրելով իր կապերն այդ դաշինքի հետ՝ փորձում է Մոսկվայից հետագա համագործակցության համար հատուկ պայմաններ կորզել:



Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրի միակ ղեկավարն էր, որը ներկա է եղել Բրյուսելում հուլիսի 11-13-ն անցկացված դաշինքի գագաթնաժողովին:

Հեղինակը նշում է, որ ռուսական լսարանին Բրյուսել այցը ներկայացվել է որպես ընդամենը գործնական այց, որի ընթացքում Հայաստանի վարչապետը հնարավորություն է ունենալու ծանոթանալ համաշխարհային առաջնորդների հետ: Դա գուցե այդպես է, բայց կա երկու «բայց», գրում է հեղինակը: Դրանցից մեկն այն է, թե այդ ինչ ռազմական դաշինք է, որի նիստերին կարող է ցանկացած մեկը, թեկուզ՝ երկրի ղեկավար, ներկա լինել և այնտեղ զբաղվել իր գործունեությամբ, ինչը ոչ մի կերպ կապված չէ ՆԱՏՕ-ի գործունեության հետ: Երկրորդ «բայց»-ը Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունն է, քանի որ կա՛մ պատահաբար, կա՛մ մտածված՝ Հայաստանի վարչապետն «իր կառավարությունը ձևավորել է փաստացիորեն ռուսաֆոբներից»:

Ստացվում է, որ Հայաստանը գլխավորողներից միակը, որը հայտարարում է Ռուսաստանի հետ երկարաժամկետ և սերտ կապերի մասին, մնացել է միայն ինքը՝ Փաշինյանը, իսկ ՌԴ-ի նկատմամբ ցանկացած ոչ բարեկամական քայլ կարելի է բարդել շրջապատի վրա: Ընդ որում, որպեսզի ոչ բարեկամական քայլեր չլինեն, Ռուսաստանը պետք է պայմանավորվի «խաղաղության միակ աղավնու»՝ Նիկոլ Փաշինյանի հետ, որը «կարող է հանդարտեցնել իր մերձավոր շրջապատի մոլի արևմտամետներին, իհարկե՝ ոչ անվճար»: Հեղինակը նշում է, որ կարելի է ենթադրել, որ Հայաստանի նոր վարչապետի գործողությունները հիմնվում են հենց նման տրամաբանության վրա, այսինքն՝ սովորական շանտաժի վրա: «Այլապես ինչպե՞ս ընկալել բրյուսելյան այցը»,- գրում է հեղինակը:

Այս հոդվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ իսկական սադրանք: Մոսկվան իսկապես, տպավորություն է ստեղծվում, որ գնում է Փաշինյանի իշխանությանը սադրելու ուղով: Հայաստանն այսօր համեմատել Ուկրաինայի հետ՝ ուղղակի աբսուրդ է: Ավելին, պաշտոնապես Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ձգտում է Ռուսաստանի հետ ավելի խորացնել հարաբերությունները:

 


Սա իսկապես ռուսական շանտաժ է, որով փորձ են անում Փաշինյանից ինչ-ինչ քայլերի հասնել: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին մասնակցել է նաև Հայաստանի նախկին նախագահը, Հայաստանը շարունակում է ԵԱՏՄ անդամ հանդիսանալ, հետևաբար թեկուզ ռուսաստանյան պարբերականում նման հոդվածները ցույց են տալիս, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանին վերաբերել որպես իր կցորդի, այլ ոչ՝ անկախ պետության:

Ի դեպ, ռուսական հիստերիան շարունակվում է այն դեպում, երբ Փաշինյանը Բրյուսելում իր բոլոր հանդիպումների ժամանակ ընդգծեց, որ հեղափոխությունը չունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, ըստ այդմ՝ չի փոխվել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը․ մեր երկրի օրակարգում չի կարող լինել ՀԱՊԿ-ում անդամությունը չեղարկելու կամ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարց։ Ավելին, Բրյուսելում Փաշինյանը նույնիսկ քննադատել է եվրոպացի պաշտոնյաներին:

Հետևաբար, ռուսական կողմն այլ «փորացավ» ունի: Հավանաբար, Ռուսաստանի մտավախությունը Հայաստանի քաղաքակրթական ապագան է, եթե իհարկե, Փաշինյանի կառավարությունը հաջողի: Խնդիրն այն է, որ Հայաստանի զարգացման այդպիսի հեռանկարները որևէ կերպ չեն նմանվի պուտինյան Ռուսաստանին:

Ահա, թերևս, այս մտավախությունն ունեն Ռուսաստանում:

Թամար Բագրատունի

http://hayeli.am/article/1103201


loading...

Փակել