loading...

Հարձակում հայկական կայսրության վրա



Դիտումներ ` 1415
Հարձակում հայկական կայսրության վրա

BBC-ն պատմական անդրադարձ է կատարել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդաբնակ Աֆրինին: Դեռևս հին շրջանում Աֆրինը կարևոր ռազմավարական նշանակություն է ունեցել: BBC-ն հիշատակում է, որ Աֆրինը Հռոմի համար հենակետ է եղել Հայկական կայսրության դեմ հարձակումների համար:

Թուրքիան հունվարին ռազմական գործողություններ է սկսել Աֆրինում այն բանից հետո, երբ ամերիկացիները հայտարարեցին քրդական 30 հազարանոց բանակ ձեւավորելու մտադրության մասին: Աֆրինը գտնվում է այսպես կոչված ապաէսկալացիոն գոտու թուրքական հատվածում, որի շուրջ պայմանավորվել են Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան:

Հարձակումից առաջ ռուսները տարհանել են իրենց զինվորականներին, նման մի բան էլ ռուսներն անում էին առաջին աշխարհամարտի տարիներին, հայաբնակ Արեւմտյան Հայաստանում: Սակայն, ի տարբերություն հայերի, քրդերը կարծես թե հույսները ռուսների վրա չեն դրել:



Թուրքիան Աֆրինի դեմ հարձակումը ներկայացնում է որպես հակաահաբեկչական գործողություն, իրականում խնդիրն ավելի խորն է, եւ այդ մասին թուրք պաշտոնյաները հատկապես վերջին շրջանում արդեն բաց հայտարարություններ են անում: Թուրքիային անհանգստացնում է այդ շրջանում քրդական հնարավոր ինքնավարության ստեղծումը, այն էլ ամերիկացիների կողմից զինված բանակով:

Ինչպես նշում են փորձագետները, Թուրքիայի սահմանին սիրիական քրդերի ինքնավարության ստեղծումը կունենա շղթայական էֆեկտ Իրաքի քրդական անկախության հանրաքվեից հետո, այս անգամ արդեն Թուրքիայի քրդերի համար:

Մերձավոր Արեւելքում ներկայում տեղի է ունենում Առաջին աշխարհամարտից հետո հաստատված սահմանների վերաձեւման երկրորդ փուլը: Ընդ որում, այս փուլում առանցքային գործոնը դարձել է քրդական խնդիրը: Հերթում Թուրքիան է, որը ներկայում ագրեսիվ ու նյարդային պահվածք է դրսեւորում, քանի որ ակնհայտորեն դրվել է անելանելի վիճակում՝ նրա ցանկացած քայլ ունենում է հարակից լուրջ հետեւանքներ եւ ըստ էության աշխատում է իր դեմ:


Թուրք պաշտոնյաներն ու փորձագետներն արդեն բաց խոսում են Լոզանի վերանայման, Թուրքիայի մասնատման դեմ ուղղված գործընթացների հեռանկարի մասին:

Թուրքերն իհարկե ունեն պատմական փորձը՝ ռուսների օգնությամբ ստեղծված իրավիճակից «չոր» դուրս գալու հարցում: Կհաջողվի՞ այս անգամ:

Առայժմ, Աֆրինի շուրջ զարգանում են դրամատիկ իրադարձություններ: Հայկական երբեմնի կայսրության բազայի վրա ստեղծված երկու կայսրություն՝ օսմանա-թուրքականն ու ռուսականը, առաջին աշխարհամարտից հետո վերաբաժանեցին հայկական տարածքները միմյանց միջեւ, իրականացնելով ցեղասպան գործողություններ: Հիմա Աֆրինում, ճակատագրի հեգնանքով, լուծվում է այս երկու փլուզված կայսրությունների խնդիրը՝ երկրորդ փուլով: Ի՞նչ հետեւանքներ դա կունենա «հայկական խնդիրների» համար:

http://www.lragir.am/index/arm/0/politics/view/168964

 


loading...

Փակել