Այսօր առանցքային օր է Երեւանում ծավալված թավշյա հեղափոխության ընթացքում: Այսօր ՀՀԿ-ն, որը խորհրդարանական մեծամասնություն ունի, հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրելու, ուսումնասիրելու է թեկնածուների ծրագրերը եւ քվեարկելու է կուսակցության որոշմամբ՝ միաձայն:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ նույնպես թեկնածու չի առաջադրելու: Նա հայտարարել է նաեւ, որ քանի որ ժողովուրդը հաղթել է, պաշտպանելու են ժողովրդի թեկնածուին: ՀՅԴ-ն նույնպես քվեարկելու է ժողովրդի թեկնածուի օգտին:Այսպիսով, մայիսի 1-ին Ազգային ժողովում լինելու է վարչապետի մեկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ ընթացք կունենա քվեարկությունը:
Տարբերակներից մեկն այն է, որ ՀՀԿ-ն, ունենալով մեծամասնություն, երկու անգամ տապալում է քվեարկությունը, որից հետո խորհրդարանը ցրվում է, կառավարությունը մի քանի ամիս պաշտոնավարում է եւ անցկացնում արտահերթ ընտրություն:Երկրորդ տարբերակն այն է, որ ՀՀԿ-ն, քվեարկում է Նիկոլ Փաշինյանի օգտին:
Կա՞ նման հնարավորություն: Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի հետ վերջին հանդիպմանը խոսել է Հայաստանի շահերի, կայունության համար պահել միասնությունը եւ պատրաստվել ընդդիմադիր գործունեության: Չի բացառվում, որ սա ակնարկ էր հենց այս տարբերակի օգտին, հաշվի առնելով նաեւ նրա հրաժարականի տեքստը:
Այսօր այլ ուշագրավ իրադարձություններ էլ եղան: Նախ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, հայտարարեց, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն կարապետյանը չպետք է առաջադրվի: Նա ասաց նաեւ, որ եթե առաջադրվի՝ ուրեմն լավ չի ճանաչում նրան: Սա արդեն իսկ նշան էր, որ Կարապետյանը չի առաջադրվելու:Այսօր հայտարարություն տարածեց ոստիկանությունը: Դրանում կար զգուշացում, որ ոստիկանությունը աջակցելու է մայիսի 1-ին խորհրդարանում նախատեսված քվեարկության ժամանակ խաղաղ հավաքին, բայց կոշտ կանխելու է սադրանքների ցանկացած փորձ:
Ոստիկանության հայտարարությունը շարունակությունն էր նախորդ հայտարարություններից մեկի, որում նույնպես ենթատեքստով ասվում էր, որ ոստիկանությունն ուժային գործողությունների չի դիմելու:Իր հերթին, Հայաստանի արտաքին գործընկերները՝ ԱՄՆ-ն, Եվրամիությունը եւ Ռուսաստանն, իրենց հերթին, պնդել են իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը:Ո՞ր տարբերակն է լինելու: Առաջինը միանշանակ ցնցումների ու հնարավոր բախումների ճանապարհն է, երկրորդը՝ խաղաղ հանգուցալուծման:
Հայաստանի համար առաջիկա օրերը բախտորոշ են լինելու, հայտարարում են ՀՀ արտաքին գործընկերները: Հայաստանի խորհրդարանական ուժերի, հատկապես շարժման ղեկավարների ու հանրության համար իսկապես բախտորոշ հնարավորության ու պատասխանատվության պահ է: