Նիկոլ Փաշինյանը նախօրեին աբսուրդ է որակել մամուլում հայտնված տեղեկությունը, թե ինքը նախընտրում է Հայաստանի նախագահի պաշտոնում տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանին, Արմեն Սարգսյանի փոխարեն: Փաշինյանը հայտարարել է, որ Արմեն Սարգսյանը դեռևս յոթը տարի պետք է պաշտոնավարի նախագահի կարգավիճակում: Առաջին հայացքից այս հայտարարությունն այն մասին է, որ Փաշինյանը չի ուզում Արմեն Սարգսյանի փոխարեն տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանին: Իրականում, սակայն, հայտարարությունն ունի այլ ուշագրավ տողատակ: Վարչապետը հայտարարում է, որ Արմեն Սարգսյանը դեռևս յոթը տարի պետք է լինի նախագահ, այսինքն` չկա նրա փոխարեն այլ թեկնածու տեսնելու խնդիր: Նիկոլ Փաշինյանը, որը թավշյա հեղափոխությունից առաջ կասկածի տակ էր դնում Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին տեղեկանքի առիթով, թավշյա հեղափոխությունից հետո հայտարարել է, որ Արմեն Սարգսյանը ցույց է տվել խնդրահարույց տեղեկանքը, և հարցը փակված է:
Այսինքն՝ այստեղ չկա նաև Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարց՝ վարչապետը փակել է այդ թեման ավելի վաղ: Հարցն այստեղ ավելի նուրբ է և առնչվում է ներքաղաքական ստատուս-քվոյին: Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտնում է իր դիրքորոշումը Արմեն Սարգսյանի հետագա ներքաղաքական դերակատարման մասով՝ ցույց տալով, որ առաջիկա յոթը տարում նրան տեսնում է այն դիրքավորման շրջանակում, որ զբաղեցնում է այժմ: Իսկ դա նշանակում է նախագահի պաշտոնը, ըստ էության՝ արարողակարգային լիազորություններով:
Այն, որ Նիկոլ Փաշինյանը մտադրություն չուներ վարչապետի գերլիազորությունները որոշակիորեն կիսել նախագահի հետ, նա հայտարարել է մի քանի շաբաթ առաջ՝ ասելով, որ խորհրդարանական կառավարմամբ երկրում լիազորությունը չի կարող բաժանված լինել հավասարաչափ, պետք է լինի պատասխանատվության կենտրոն ճգնաժամից խուսափելու համար: Եվ սա գրեթե անխոցելի դիրքորոշում է: Իհարկե, գերվարչապետական լիազորությունն ունի թեթևանալու կարիք, սակայն դա պետք է լինի խորհրդարանի, ոչ թե նախագահի հաշվին: Այդպիսին է խորհրդարանական կառավարման տրամաբանությունը, և եթե Հայաստանն այդ մոդելում է, ապա պետք է այն պահել ամբողջապես, չխեղելով և չստեղծելով ճգնաժամահեն իրավիճակ: Մյուս կողմից, սակայն, Արմեն Սարգսյանի առումով խնդիրը ամենևին լիազորությունները չեն, կամ այնքան էլ լիազորությունները չեն, որքան, թերևս, նրա կալիբրը: Ակնհայտ է, որ այն կա և անելու է իր գործը, իսկ գուցե անում է իր գործը: Դա մի բան է, որի հետ հաշվի չնստելը դժվար է:
Նիկոլ Փաշինյանի համար դա խնդիր չէ, սակայն կարող է դառնալ խնդիր, եթե Արմեն Սարգսյանը սկսի, այսպես ասած, ինքնուրույն որևէ քաղաքական խաղ: Նա չունի իշխանական լիազորություն, բայց ասել է, որ այդ պարագայում կարող է գործի դնել խոսքի ուժը, և ակնարկել է արտաքին, տնտեսական կապերի և հեղինակության ուժի մասին: Իհարկե, առայժմ շատ դժվար է Նիկոլ Փաշինյանի խոսքի ուժին որևէ բան հակադրելը, սակայն, անկասկած, է, որ իրավիճակը տարբեր կլինի մի քանի ամիս անց, մեկ տարի անց, երկու տարի անց: Իսկ ժամանակը ավելի հետաքրքիր է դառնում այն խոսակցություններով, որ պարբերաբար հայտնվում են Արմեն Սարգսյանի քաղաքական ուժի ձևավորման ծրագրերի առնչությամբ:
Նախագահը հերքում է այդ տեղեկությունները, սակայն հասկանալի է, որ, նախ, ներկայումս նա դրանք չէր էլ հաստատի, և եթե կան այդպիսի պլաններ, ապա կլինեն անուղղակի, կիրականացվեն, այսպես ասած՝ միջնորդավորված, և բացի դրանից, խոշոր հաշվով, Արմեն Սարգսյանի առաջ առկա է նույն հարցը՝ ինչ անել նոր իրողություններում նախագահի արարողակարգային կարգավիճակի հետ: Ընտրությունը մեծ չէ, որովհետև խոսքի ուժը կամ իշխանությունը իրացնել պրակտիկորեն հնարավոր է, եթե դա հակադրվելու է նոր իշխանությանը, կամ պետք է ժամանակ գլորել յոթը տարի: Իսկ եթե կա Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու հավակնություն, դերակատար լինելու հավակնություն, ապա այդ դեպքում կստացվի, որ Արմեն Սարգսյանը կորցրել է յոթը տարի ժամանակ: Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանին առաջարկում է թերևս միջանկյալ տարբերակ՝ ձեռնպահ մնալ քաղաքական ակտիվ հավակնություններից, միաժամանակ կատարել ներքաղաքական բալանսի ակտիվ դեր, ինչպես թավշյա հեղափոխության գործընթացում էր, որի եզրափակիչ փուլը, ըստ էության, մեկնարկեց հենց Փաշինյան-Սարգսյան աննախադեպ բանակցությամբ:
Ներկայումս, այդ դերը խորքային առումով վերստին պահանջված է դառնում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործոնը նկատի ունենալով: Արմեն Սարգսյանին առաջարկելով նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանը գործնականում նրա գործոնը դիտարկում էր, ըստ էության, նույն տրամաբանության մեջ, և Սարգսյանը պետք է լիներ իշխող համակարգի հակակշիռը: Ներկայումս, իհարկե, նոմինալ առումով պատկերն այլ է, չկա իշխող համակարգ, բայց կա դիմադրող հին համակարգ: Այդ դիմադրությունը ճակատագրական չէ, սակայն, այնուհանդերձ, դա հնարավորինս արագ և արդյունավետ հակակշռելն ու հաղթահարելը բխում է նոր Հայաստանի շահից: Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկում է խաղալ միասին, ըստ էության վերաիմաստավորելով՝ թվում է թե իշխանափոխությունից հետո Արմեն Սարգսյանի իմաստը կորցրած նախագահությունը: Այլ հարց է, որ Արմեն Սարգսյանն այդ տեսանկյունից կարող է Փաշինյանին առաջարկել դիտարկել նոր կուսակցությունը՝ իբրև գործիք: