Իշխանությունը Մոսկվա է ուղարկել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, ովքեր հանդիպել են, ըստ պաշտոնական հաղորդագրության, համապատասխանաբար ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների ու ԱԳ նախարար Լավրովի հետ: Ըստ ռուսական շրջանակներից որոշ տեղեկությունների, խոսվել է ընդհուպ միացյալ ինչ-որ ոստիկանական կազմավորումների կամ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի մասին:
Երեկ Կրեմլի կայքում հրապարակվեց Պուտին-Կարեն Կարապետյան հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն, ըստ որի՝ Հայաստանում իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրության արդյունքների հիման վրա, որտեղ մեծամասնություն էր ստացել ՀՀԿ-ն:
ն:Ըստ ԶԼՄ-ների, Մոսկվա է մեկնել նաեւ ներքաղաքական անցուդարձի խոշոր շահառուներից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը, հասկանալի է՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար:
Զուգահեռ, Հայաստանում սկսվել է իշխանության «բաժանման» գործընթաց, որի մասին երեկ հայտարարվեց նաեւ ընդդիմության հանրահավաքում: Ընդ որում, նկատելի էր, որ շարժման ղեկավարները հասկացել են, որ բաց են թողել էական մի հանգամանք, որի մասին կխոսվի ապագայում:
Այսպիսով, Հայաստանում երեկվանից մեկնարկեց հակահեղափոխությունը Մոսկվայի ու շարժումը ինտրիգների դաշտ տեղափոխելու ուղղությամբ, մասնավորապես վարչապետի պաշտոնի շուրջ:
Ինչ է սպասվում առաջիկա օրերին: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կամ ինքն է լինելու վարչապետ, կամ Հայաստանը չի ունենալու վարչապետ: Իշխանությունը հույսը դրել է «սահմանադրական գործընթացի» ու Մոսկվայի վրա, իսկ Գագիկ Ծառուկյանը եւ նրա անվան խմբակցությունը շարունակում են կրկեսը՝ օրական դիրքորոշումներ փոխելով: Ծառուկյանը «միացավ» շարժմանը իր քաղաքական արժեթղթերի գինը բարձրացնելու համար, եւ երեւում է դա նրան հաջողվեց՝ տեղեկություններ կան նրա եւ ռուսահայ օլիգարխիայի համաձայնության մասին: