Ռոբերտ Քոչարյանի քաղաքական աշխույժ քայլը, որ ակնառու է դառնում տապալված ասուլիսից հետո նրա գրասենյակի տարածած հայտարարությունից, տվել է «հակահեղափոխության» մասին ոչ պակաս աշխույժ խոսակցությունների վերսկսման առիթ: Ռոբերտ Քոչարյանը դիտարկվում է նախորդ համակարգը մոբիլիզացնող ուժեղ առանցք, որը այդպիսով կհասնի համակարգային ռեւանշի:
Առերեւույթ իրադարձությունների ընթացքը խոսում է հենց այդ մասին: Մյուս կողմից, սակայն, հարց է առաջանում, թե այդ դեպքում ի՞նչ եղավ Հայաստանում երեք ամիս առաջ, եւ այդ երեք ամիսների ընթացքում, որ այժմ արդեն նախկին համակարգը դիտարկվում է որպես ազդեցիկ մոբիլիզացիայով ռեւանշի ունակ բեւեռ, որը տվել է «հակահեղափոխության» վտանգի մասին ահազանգերի առիթ:
Երեք ամիս առաջ տապալված համակարգը ինչպե՞ս կարող է երեք ամիս անց հավակնել արդեն «մրցունակ» բեւեռի կարգավիճակի: Դա նշանակում է, որ համակարգը տապալված չէ՞, թե՞ որ տապալումից հետո ոչ մի էական քայլ արված չէ նոր համակարգ ձեւավորելու, նոր իրավիճակը ամրացնելու ուղղությամբ, ընդհուպ հաջորդական քայլերի ճանապարհային կոնցեպտուալ քարտեզը: Այդ իմաստով շատ կարեւոր է, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է խոսելու օգոստոսի 17-ի հանրահավաքին ներկայացած, նաեւ այդ հանրահավաքին ուղիղ եթերում հետեւող հանրության հետ:
Հանրահավաքը կարեւոր է հենց այդ տեսանկյունից, ոչ թե իր բազմամարդության, որպես «հակահեղափոխությանը» կամ որեւէ այլ մեկին «սարսափեցնող» ակցիա: Ավելին, ներկայում կարծես թե կա հակառակ խնդիրը, եւ երեք ամիս առաջ համակարգին հաղթած հանրությունն ինքն է կարծես թե «սարսափած» վիճակում՝ «հակահեղափոխությունից»:
Համենայն դեպս կա խնդիր՝ հաղթող հանրությունը կարծես թե չի հավատում իր հաղթանակին, դրա ուժին: Մինչդեռ, հենց դա էր ամենակարեւոր ուղերձը, որ հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխության հարթակից, երբ այդ հեղափոխության առաջին փուլի հաղթանակը դարձել էր անշրջելի եւ պարզ էր, որ ՀՀԿ-ն քվեարկելու է Փաշինյանի վարչապետության օգտին: Ինձ մի հավատացեք, ինձ պետք չէ հավատալ, հավատացեք ինքներդ ձեզ, ձեր ուժին, հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը հարթակից:
Այդ ուղերձը նա փաստացի կրկնեց նաեւ օրերս Տավուշ կատարած աշխատանքային այցի ընթացքում: Դա կարեւորագույն, առանցքային ուղերձն է: Հասարակությունն ունի իր իշխանությունը գիտակցելու եւ իրացնելու խնդիր: Իրացնել հանրային իշխանությունը, նշանակում է ստեղծել համապատասխան միջավայր, որը պետք է անեն հանրության աշխույժ խմբերը՝ տարբեր գաղափարների, նախաձեռնությունների, մտահղացումների տեսքով, որոնք պետք է լինեն մի կողմից նոր կառավարության համար սահմանվող բարձր նշաձողեր եւ պատասխանատվություն, մյուս կողմից էլ նույն այդ կառավարության, հանրային իշխանության պաշտպանության դիրքերը՝ «հակահեղափոխության» ճանապարհի արգելապատնեշները, մինչ հնարավոր կլինի հասնել համակարգային նորորակ իրողությունների ինստիտուցիոնալացման:
Այդտեղ է հանրության խնդիրը, անկախ որեւէ «հակահեղափոխությունից»: «Հակահեղափոխության» առաջին եւ թերեւս միակ զոհը գործնականում լինելու է դրա ներկայիս առաջնորդ դիտվող Ռոբերտ Քոչարյանը, ինչը բավական հստակ երեւաց նրա տապալված մամուլի ասուլիսից հետո: Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է «ցուգցվանգում», որից նա խուսափում էր նախագահությունից հետո մի ամբողջ տասնամյակ, բայց որն անխուսափելի դարձավ այժմ: Նա չունի նահանջի ճանապարհ, միաժամանակ առաջ շարժվելը նրա համար նշանակելու է ավելի ու ավելի դուրս գալ «բաց դաշտ», երբ շուրջ բոլորը խրամատավորված են՝ թե «օտարները», թե «յուրայինները»:
Նախորդ համակարգը գուցե հույսեր է կապում նրա հետ, սակայն այդ հույսերն ամենեւին միարժեք «ռեւանշային» չեն: Կապվող հույսերից է նաեւ այն, որ «էլ ոչ մի զոհ չի պահանջվի»՝ Քոչարյանից բացի: Այսինքն, նախորդ համակարգը ակնկալում է նրա վրա դուրս գրել իր համար բոլոր ռիսկերը, միաժամանակ այնպես, որ Քոչարյանն ուղղակի չունի դրանից հրաժարվելու հնարավորություն: