loading...

ՀՀԿ նոր որոշումը. վերջի՞ն հույսը



Դիտումներ ` 1978
ՀՀԿ նոր որոշումը. վերջի՞ն հույսը

Հայաստանում ծավալված շարժումը մայիսի 2-ին վերսկսվել է նոր թափով՝ այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն, տապալելով վարչապետի ընտրությունը, փաստացի թողեց նոր իշխանությունը փողոցում՝ այդպիսով ձգտելով փրկել հինը: Դրանով սկսվել է ընդամենը համաժողովրդական շարժման նոր՝ ավելի լայն թափ ունեցող ալիքը:

Միևնույն ժամանակ, Հանրապետական կուսակցությունն իրեն դրել է մի իրավիճակում, երբ այլևս դժվար է պատկերացնել այդ կուսակցության և հայկական պետականության հետագա որևէ կապ: Ինչպե՞ս է այդ ուժի համար հնարավոր լինելու վերականգնել կամ վերագտնել այդ կապը: Կա՞ դրա վերջին հնարավորությունը: Հնարավորություն միշտ կա, թեկուզ հենց այս պահին, հայտարարել սխալվելու մասին, ներողություն խնդրել հանրությունից իրավիճակը սխալ գնահատելու համար և հայտարարել վարչապետի նոր ընտրության մասին՝ անհապաղ, առանց յոթ օր սպասելու:



Կատարել ընտրությունն առանց երեսպաշտության ու ավելորդ հարցերի՝ հասկանալով ու գիտակցելով, որ խնդիրը ամենևին ՀՀԿ-ի, Նիկոլ Փաշինյանի կամ որևէ այլ ուժի հարցը չէ, այլ Հայաստանի կայունության, հանրային համերաշխության, ազգային անվտանգության հարցը:

Նիկոլ Փաշինյանն ու համաժողովրդական շարժումը ճանապարհներն են փակել, բայց ոչ դուռը՝ դուռը նրանք բաց են թողել միշտ, առանց բռնության իրենց սկզբունքով և ազգային համերաշխության մշտական կոչերով: Դեռ ուշ չէ, և գուցե կա վերջին շանս, եթե ոչ՝ քաղաքականության, ապա գոնե պատմության մեջ քիչ թե շատ արժանապատիվ տեղով արձանագրվելու համար: Այդ հնարավորությունը պետք է օգտագործել, դա ամենաթանկն է, որ կարող է կորցնել ՀՀԿ-ն, և որի համեմատ իշխանության կորուստը կարող է թվալ ուղղակի մանկական խաղալիքի կորուստ:

 


Ամենածանրը լինելու է պատասխանատվությունը ոչ թե հասարակության, ոչ թե պետության, այլ պատմության ու ժամանակի առաջ: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ ՀՀԿ, որպես այդպիսին, այլևս չկա, հակառակ դեպքում այդ կուսակցությունը ոչ թե կտապալեր ինչ-որ բան, այլ ինչ-որ բան կձևավորեր, պատասխանատու որևէ քայլ կաներ իրավիճակը շտկելու ուղղությամբ: ՀՀԿ-ն ներկայումս պահվում է թերևս այն պատճառով, որ չկա, ու չեղած բանը չի կարող փլուզվել:

Ուղղակի ակնհայտ է, որ կան ՀՀԿ տարբեր թևերի միջև հարաբերությունների պարզաբանման ակտիվ գործընթացներ, այդ թվում՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Նրանք ներկայումս իրար հե՞տ են խաղում, թե՞ միմյանց հաշիվներ են ներկայացնում ստեղծված իրավիճակի համար՝ բավական դժվար է ասել, սակայն անգամ այս իրողությունը պետք է հարցեր առաջացնի ՀՀԿ անվան ներքո գտնվող մնացալ բոլորի համար, թե արդյո՞ք պատրաստ են կրել պետության ու հանրության վրա Քոչարյան-Սարգսյան կամ համատեղ խաղի, կամ փոխհարաբերությունների պարզաբանման գործընթացի թողնելիք հետևանքի, այսպես ասած, պատմական պատասխանատվությունը:


http://www.1in.am/2345260.html


loading...

Փակել