loading...

ՀՀԿ-ն հրաժարվեց Ռուսաստանից. Ինչ է կատարվել գիշերը



Դիտումներ ` 2468
ՀՀԿ-ն հրաժարվեց Ռուսաստանից. Ինչ է կատարվել գիշերը

Ամեն գիշեր կարող են բաներ փոխվել, հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, հերթական անգամ փորձելով փաստարկել Սերժ Սարգսյանի 2014 թվականին ասված խոսքի նախատեսվող կամ ենթադրվող «դրժումը»: «Տղամարդու խոսքը քաղաքականության մեջ չեն գնահատում, իր ապրած տարիներով են գնահատում: Իսկ որ պահին քաղաքականությունը վերածենք տղայական խոսքերի, այդ ժամանակ քաղաքականությունը վերանում է այդպիսին լինելուց», հայտարարել է Վահրամ Բաղդասարյանը, հորդորելով ուսումնասիրել Չերչիլի կենսագրությունը:

Փաստորեն, ՀՀԿ խմբակցության ղեկավարը Սերժ Սարգսյանին ուղղակի թե անուղղակի, բայց համեմատում է Չերչիլի հետ: Ընդ որում, պետք է նկատել, որ այդ համեմատությունն անցկացնում են ՀՀԿ նաեւ այլ ներկայացուցիչներ:Ընդ որում, դժվար է ասել, թե ինչով է պայմանավորված Չերչիլի «ընտրությունը»: Արդյոք ծանր իրավիճակում Մեծ Բրիտանիային «հղում» անելը եւ ձեռքը դեպի Միացյալ Թագավորություն մեկնելը ՀՀԿ համար դարձել է «փրկության մեխանիկա», դատելով նրանից, որ ՀՀ չորրորդ նախագահի թեկնածուին էլ ՀՀԿ-ն փնտրեց Մեծ Բրիտանիայում:



Դա իսկապես հետաքրքիր է, եւ գուցե նույնիսկ դիտվի աշխարհքաղաքական համարժեքության հարցում առաջընթաց՝ Ռուսաստանին փրկության ձեռք մեկնելու փոխարեն, ՀՀԿ-ն սկսել է  փրկության ձեռք մեկնել դեպի Մեծ Բրիտանիա:Բայց, ըստ երեւույթին բանն այդքան բազմաշերտ եւ խորը չէ, այլ ավելի մակերեսի վրա: Պարզապես Չերչիլին արվող «հղումը» պայմանավորված է թերեւս նրա հայտնի խոսքով, որ շատ հաճախ են սիրում կրկնել այն համակարգերում, որտեղ քաղաքականությունն ընդամենը մանր կամ մանրամեծածախ առեւտրականության քողարկման միջոց է:

Խոսքը Չերչիլի այն հայտարարության մասին է, թե քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, թե ինչ տեղի կունենա վաղը, մեկ շաբաթից, մեկ ամսից, մեկ տարուց, իսկ հետո բացատրել, թե ինչու դա տեղի չունեցավ:Մի կողմ թողնենք Չերչիլի պատմա-քաղաքական դերի եւ նկարագրի շուրջ հնարավոր բանավեճը, քանի որ Չերչիլը այդպիսին է ժամանակի պատմա-քաղաքական համատեքստում, այլ ոչ իբրեւ անհատ:

 


Եթե իրավիճակը գնահատում են զուտ նրա արտահայտության համատեքստում, ապա կա մի խնդիր: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը չորս տարի առաջ ասել է մի բան, որը բացատրելու խնդիր է ունեցել ու ունի դրան հաջորդող բոլոր չորս տարիներին, մինչ այսօր:Խոշոր հաշվով, Սերժ Սարգսյանի փոխարեն իրավիճակը «բացատրելու» գործառույթը ստանձնել է օրինակ Վահրամ Բաղդասարյանը, ըստ այդմ հարց է, թե ով է ավելի շատ Չերչիլ՝ Սերժ Սարգսյա՞նը, թե ասենք Վահրամ Բաղդասարյանը:

Թեեւ, հնարավոր է Հայաստանի իշխանության պարագայում գործ ունենք Չերչիլ բաժնետիրական ընկերության կամ գրասենյակի հետ, ինչպես ասենք Կճղակներ եւ եղջյուրներ հայտնի գրասենյակը պատմա-քաղաքական մեկ այլ հայտնի երեւույթի շրջանակում:Հայաստանի իշխանության դեպքում Չերչիլը հավաքականություն է: Իսկ բանն այն է, որ Չերչիլը պատմական է անհատական տարբերակով, երբ Չերչիլը դառնում է հավանականություն, վերածվում է ծաղրուծանակի՝ թե Չերչիլի հիշատակի, թե Հայաստանի Հանրապետության ներկայի ու ապագայի հանդեպ:


http://www.lragir.am/index/arm/0/comments/view/171362


loading...

Փակել