Մեր նախորդ հրապարակումներում մենք խոսել էինք այն մասին, որ աշնանը վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ ճնշումները իշխանական լրատվամիջոցների կողմից կավելանա: Այս օրերին արդեն նկատվում է վարչապետ Կարապետյանի դեմ լրատվական ճնշման ծաղիկները:
Երեկ իշխանությունների հայտնի թևին պատկանող հեռուստաընկերություններից մեկը անդրադարձել էր պետական բյուջեի ոչ արդյունավետ ծախսելուն: Մեծ ռեպորտաժ էր պատրաստվել, որտեղ մանրամասն ներկայացվում էին այն բոլոր անիմաստ ծախսերը որ իրականացնում է կառավարությունը: Ռեպորտաժի ընթացքում փորձագետներից մեկը անգամ հայտարարեց, որ կառավարությունը պետական բյուջեի 25 տոկոսը, այսինքն ավելի քան 1 միլիարդ դոլարը ,ոչ արդյունավետ է ծախսում:
Հասկանալի է, որ այս կերպ իշխանության հակակարապետյանական թևը պատրաստվում է վարչապետի դեմ հասարակական դժգոհություն բարձրացնել: Կարեն Կարապետյանին ամեն կերպ պետք է հեղինակազրկել մինչև 2018 թվականը: Պլանը հաջողությամբ իրականացվում է:
Այսօր արդեն ՀՀԿ-ն պաշտոնապես խոսում է վարչապետի հավանական փոփոխության մասին: Իհարկե ՀՀԿ-ականները բաց տեքստով չեն խոսում այդ ամենի մասին, սակայն իրենց գործունեությանը ծանոթ լինելու դեպքում հասկանալի է, թե որն է իրենց հայտարարությունների իրական նպատակը:
Մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը այսօր լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիների համար ՀՀԿ-ն է որոշելու, թե ով պետք է լինի երկրի վարչապետ:Շարմազանովն ասել է, որ 2018թ.-ի վարչապետ կլինի նա, ում ՀՀԿ-ն կհամարի երկրի առջև ծառացած խնդիրները լավագույնս լուծողը: Առաջին անգամ է, որ ՀՀԿ խոսնակը չի խոսում այն մասին, որ իրենց վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է: Սա արդեն խոսուն փաստ է: Շարմազանովն ասում է, որ վարչապետ կլինի այն մարդը ով երկրի առջև ծառացած խնդիրները լավագույնս կլուծի: Այս խոսքերից պետք է եզրակացնել, որ ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարում է Սերժ Սարգսյանի թեկնածության մասին, քանի որ ՀՀԿ-ի համար երկրի առաջ ծառացած խնդիրների լավագույն լուծողը Սերժ Սարգսյանն է: