loading...

ՀՀԿ-ն հանձնվեց



Դիտումներ ` 1853
ՀՀԿ-ն հանձնվեց

«Քաղաքական գործընթացներ են, մի զարմացեք: Որևէ մեկը երաշխավորված չէ, որ միշտ պետք է լինի իշխանություն», խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում կատարվող ստուգումներին:

Վահրամ Բաղդասարյանը չի բացառել, որ ՀՀԿ-ն կարող է խորհրդարանում փոքրամասնություն կազմել: «Եթե իշխանություն չես, կարող ես նաև այդ վիճակում հայտնվել», ասել է նա:Վահրամ Բաղդասարյանի խոսքում արդեն չկա այն վստահությունը, որն առկա էր ՀՀԿ-ականների մոտ երկու օր առաջ, երբ նրանք պնդում էին, որ կուռ են եւ պահպանելու են մեծամասնությունը: Սակայն Նիկոլ Փաշինյանի երեկվա կոշտ հայտարարությունից հետո, որում նա հորդորում էր չխաբվել ժպիտներին եւ սիրուն ու համերաշխությանը, ՀՀԿ-ականները զգաստացան:



ԱԱԾ սկսած ստուգումներն ու բացահայտված սխեման ամենախոշոր օլիգարխներից մեկի՝ Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում դարձավ վարչապետի հայտարարության շարունակությունը: Այս սխեման արդեն իսկ դատավճիռ է ՀՀԿ-ի համար, քանի որ այն ստեղծվել է իշխանության թույլտվությամբ ու հովանավորությամբ՝ ապահովելու ՀՀԿ-ի ստվերային գանձարկղը:Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո երկու պատգամավորներ դուրս եկան ՀՀԿ խմբակցությունից, եւ այդ ընթացքը շարունակվելու է, որից հետո ՀՀԿ-ն կորցնելու է մեծամասնությունը: Այսինքն՝ պատգամավորների այն քանակը, որը հնարավորություն է տալիս միանձնյա օրենքներ ընդունել կամ մերժել:

Խոսքը մասնավորապես գործարար պատգամավորների մասին է, որոնք ՀՀԿ-ում մնալու երկու պատճառ ունեին՝ սեփականության պաշտպանություն եւ արտոնություններ: 


Ներկայում, երբ փակվել են ավանդական սխեմաները, եւ ՀՀԿ-ն այլեւս չի տալիս այդ երաշխիքները, նրանք երկու ճանապարհ ունեն՝ կամ ենթարկվել հանրային օրակարգին ու կատարել պետության ու հանրության առջեւ բոլոր պարտավորությունները, այդպիսով լուծելով իրենց խնդիրները, կամ նրանց խնդիրները լուծվելու են այլ ձեւով:

Նոր կառավարությունը հայտարարում է ստվերային վճարների, ստվերային սխեմաների ու արտոնությունների վերացման մասին, որի դեպքում անիմաստ է դառնում անդամակցությունը ՀՀԿ-ին:Վահրամ Բաղդասարյանն ասել է նաեւ, թե ՀՀԿ-ն գաղափարական կուսակցություն է: Այդպիսին դառնալու համար ՀՀԿ-ն պետք է կորցնի իր մեծամասնությունը ԱԺ-ում եւ գոնե այդ հանգամանքի բերումով ծառայի հանրային օրակարգին՝ չխոչընդոտի համակարգային օրենքների ու որոշումների ընդունմանը՝ խորհրդարանի ցրում, արտահերթ ընտրությունների անցկացում:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/177531


loading...

Փակել