ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն, Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանին «մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարի պաշտոնը, օժանդակել է 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուին` նրա օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու հանցագործության կատարմանը:
Ազգային ժողովի` 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական փուլում` 2017թ.-ի մարտ ամսին, Մ. Մովսիսյանը, հանդիսանալով ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուի` Մալիշկա համայնքի նախընտրական շտաբի ղեկավար, թեկնածուի օգտին 1300 ձայն ապահովելու և այդ նպատակով ընտրակաշառքներ բաժանելու համար վերջինիցս առձեռն ստացել է ընդհանուր` 13.000.000 ՀՀ դրամ գումար, որը որպես ընտրակաշառք բաժանել է Մալիշկա համայնքի բնակիչներին` 10.000-ական ՀՀ դրամ մեկ ձայնի դիմաց: Մ. Մովսիսյանը, ապահովելով շուրջ 800 ձայն, ըստ նախնական պայմանավորվածության, ԱԺ պատգամավորի նույն թեկնածուին վերադարձրել է 500 ձայնի դիմաց հաշվարկված 5.000.000 ՀՀ դրամ գումարը»:
Մհեր Մովսիսյանի անունը մեկ անգամ էլ է հայտնվել քրեական ամփոփագրերում, հունիս ամսին, երբ ոստիկանությունը պարզել էր, որ նա իր ընտանիքի անդամներին ձեւակերպել էր մարզադպրոցի մարզիչներ, ովքեր աշխատանքի չեն գնացել, բայց աշխատավարձ են ստացել՝ ամսական 900 հազար դրամ: Բացի այդ, նա համայնքապետարանի վերանորոգման համար դուրս է գրել 29 միլիոն դրամ, որի մի մասը յուրացվել է:
Մալիշկայի ՀՀԿ-ական համայնքապետն իրենով խորհրդանշում է ՀՀԿ-ի իշխանության բնույթը՝ ընտրակեղծիքով ձեւավորված իշխանություն ու գանձագողություն: Կարծես թե առաջին դեպքն է, երբ իրավապահները քրեական գործ են հարուցում ընտրակաշառք բաժանելու համար:
Սա նշանային իրադարձություն է նրանով, որ կարող է նախադեպ լինել: Բանն այն է, որ 2017-ի ընտրությանը համատարած ընտրակաշառք է բաժանվել, որն ապահովել է Սերժ Սարգսյանի ասած անաղմուկ ընտրությունը: Իսկ դրա իրականացման մեխանիզմն էլ եղել է այսպես կոչված ռեյթինգային ընտրակարգը, որտեղ առաջադրվում էին ՀՀԿ-ի փողատերերը՝ ստանալով մանդատ եւ ապահովելով ձայներ ՀՀԿ-ի համար:
Հիշվում է՝ ՀՀԿ-ի այսպես կոչված քաղաքական դեմքերը պարբերաբար կրկնում էին, որ ժողովուրդը ընտրել է իրենց, իշխանությունը լեգիտիմ է, եւ դա ընդունել են բոլորը: Մալիշկայի բացահայտումը ծանր հարված է ՀՀԿ-ին, քանի որ դա իշխանության յուրացման փաստական տվյալ է:
ՀՀԿ-ականները ներկայում ասում են, թե կոռուպցիոն սկանդալների մեջ հայտնված եւ ՀՀԿ-ն լքող փողատերերը կապ չունեն ՀՀԿ-ի հետ: Բայց չէ՞ որ նրանց փողերով, նրանց գնած ձայներով են ՀՀԿ-ականները ստացել մանդատ ու իշխանություն: Մալիշկայի բացահայտումը զրկում է ՀՀԿ-ին այս խղճուկ փաստարկից:
Ի դեպ, սա մի բացահայտում է, որի հիմքով ՀՀԿ-ն կարող է նաեւ արգելվել: