Օրն իսկապես շրջադարձային է ՀՀԿ-ի համար, որը շուրջ քսան տարի կառավարության ղեկին էր ու այսօր իր գործիչների շուրթերով հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին:
Ընդ որում, ՀՀԿ-ն իր քաղաքական կարգավիճակը փոխեց քաղաքական դասական կանոններով` կուսակցական մարմինների որոշումներով:
ՀՀԿ-ն համապատասխան քանակի ձայներով կաջակցի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությանը` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Վերջինս, սակայն, խիստ ուշագրավ հայտարարություն է արել` ցույց տալու համար իրենց թիմի միասնականությունը: Ըստ Շարմազանովի, իրենք են հորդորել, որ մի քանի պատգամավորներ կողմ քվեարկեն։ «Այստեղ որևէ պառակտում չկա, սա մեր կոլեկտիվ որոշումն է։ Կարող է ութ լինել, կարող է 10 կամ 11 ձայն լինել»,- ասել է նա։
Այսպիսով` ստեղծվում է բավականին ուշագրավ իրավիճակ: Հայաստանում` խորհրդարանական կառավարման արշալույսին, ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ:
Խորհրդարանական մեծամասնությունը դառնում է ընդդիմություն` փոքրամասնությանը վերապահելով կառավարություն ձևավորելու իրավունք: Նույնիսկ խորհրդարանական կայացած հսմակարգերում նման իրավիճակները համարվում են ոչ ստանդարտ` կառավարությունից և պետական մյուս մարմիններից պահանջելով ոչ ստանդարտ մոտեցումներ:
Հայաստանը դեռ չէր հասցրել փորձարկել խորհրդարանական կառավարման մոդելը ու փաստորեն միանգամից բախվում է բազմաշերտ իշխանություն ունենալու իրողության հետ: Ինչքան էլ ՀՀԿ-ն հայտարարի ընդդիմություն դառնալու մասին, միևնույն է` գործող կառավարման համակարգում խորհրդարանական մեծամասնությունն իշխանության կարևոր կենտրոններից մեկն է, որի գոյությունը չի կարող անտեսվել գործադիր իշխանության կողմից: Նման իրավիճակը Հայաստանի տիպի երկերում կարող է առաջացնել պատային իրավիճակ` քաղաքական ավանդույթների բացակայության հետևանքով:
Ընդ որում` Շարմազանովի խոսքի կարևոր տողատակն այն էր, որ ՀՀԿ-ն չի կորցնելու իր միասնականությունը: Սա, ըստ էության, մարտահրավեր է նոր ձևավորող կառավարությանը, որովհետև Շարմազանովն առնվազն ակնարկում է, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարությունն այլ դեպքերում հույսը չդնի խորհրդարանական մեծամասնության անգամ մասնակի աջակցության վրա: Սա նշանակում է, որ Փաշինյանի թիմը չի կարող պատրանքներ ունենալ ունենալ, թե հեշտությամբ կարող է բարեփոխել ընտրական կամ հարակից օրենսդրությունը:
ՀՀԿ-ն ակնհայտորեն խաղում է ժամանակի վրա` իր մարտավարությունը կառուցելով այն հաշվարկի վրա, որ փողոցի գործոնի թուլացմանը զուգահեռ որոշակի ռիսկեր են առաջանալու նաև կառավարության համար, մանավանդ, որ երկրում կուտակված խնդիրները կայծակնային լուծում չեն ստանալու:
Վաղվանից երկրում փոխվում է քաղաքական ստատուս-քվոն, ընդ որում` բոլոր առումներով: Եթե մինչև այսօր Նիկոլ Փաշինյանն էր հրապարակի միջոցով ճնշում բանեցնում խորհրդարանական մեծամասնության վրա, ապա վաղվանից ՀՀԿ-ն է բանեցնելու քաղաքական ճնշման մարտավարությունը` իր մեծամասնություն լինելու հանգամանքով փորձելով ազդել կառավարության վարքագծի վրա:
Ինչքան ուշանան արտահերթ ընտրություններն, այնքան ժամանակն աշխատելու է ժամանակավոր կառավարության դեմ որովհետև վաղվանից Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն են դառնում պատասխանատու երկրի համար` առանց ամբողջական իշխանություն ունենալու: