loading...

Գյումրիում հրաժեշտ կտան ողբերգական վրաերթի զոհ դարձած երիտասարդ զույգին



Դիտումներ ` 8167
Գյումրիում հրաժեշտ կտան ողբերգական վրաերթի զոհ դարձած երիտասարդ զույգին

Վրաերթի զոհ դարձած երիտասարդ ամուսինների պատմությունը հուզել է բոլորին, քանի որ նրանք ոչ միայն նոր էին ամուսնացել, այլև փոքրիկի էին սպասում:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Վաղը՝ հուլիսի 13-ին, Գյումրիում հրաժեշտ կտան հուլիսի 11-ին վրաերթի զոհ դարձած Արփինե Մանուկյանին և Մելսիկ Ղազարյանին: Նրանք փետրվարին էին ամուսնացել և փոքրիկի էին սպասում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ընտանիքի բարեկամուհին՝ Լուիզա Միլոսլավսկայան, որն ապրում է Կրասնոդարում:

«Շատ լավ, կիրթ ու օրինակելի զույգ էր: Երկու եղբայր են, Մելսիկն ավագն էր: Կրտսեր եղբայրն իմ քրոջ ամուսինն է: Տատիկի կտակած բնակարանում առանձին էին ապրում: Փոքրիկի էին սպասում: Երկուշաբթի գնացել էին բժիշկի մոտ, իսկ այսօր արդեն ուլտրաձայնային հետազոտության համար ժամադրություն ունեին»,- պատմեց Լուիզան:

Նա նշեց, որ դեպքի մասին նույն օրը գիշերն են իմացել:

«Ահավոր է: Աղջկա հայրն իրեն չի գտնում: Երթուղայինից իջել են, ուզել են ճանապարհն անցնել: Մի տղա հազիվ է հասցրել փախչել: Մեքենան նախ ամուսնուն է հարվածել՝ բավական հեռու նետելով Մելսիկին, իսկ կնոջն ահագին երկար հետը տարել է»,- պատմեց Լուիզան:

Նրա կարծիքով՝ պատահարի պատճառն այն է, որ Հայաստանում չեն հետևում երթևեկության կանոններին:

«Հայաստանում մարդկանց ծովը ծնկներից է, մեքենան քշում են այնպես, ինչպես ուզում են: ՌԴ-ում էլ են հայերն այդպես մեքենա վարում. օրենքից չեն վախենում: Մեղավորը թող օրենքի խստությամբ պատիժ ստանա, բայց միևնույն է՝ երիտասարդ ընտանիքն այլևս չկա, նրանց էլ հետ չես բերի»,- ցավով նշեց Լուիզան:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 11-ին, ժամը 21:30-ին Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում: «Օպել» մակնիշի 15 xx 550 պետհամարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչներ` 1994 թվականին ծնված Արփինե Մանուկյանին և 1984 թվականին ծնված Մելսիկ Ղազարյանին: Մելսիկ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ Արփինե Մանուկյանին տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, կնոջ առողջական վիճակը կենտրոն տեղափոխելիս ծայրահեղ ծանր է եղել, վնասվածքները՝ կյանքի հետ անհամատեղելի: Հիվանդանոցում Արփինե Մանուկյանն, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):


 


loading...

Փակել