Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում գտնվող տան դուռը դարձյալ բացվեց: Երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը հառնում է յուրաքանչյուրի աչքի առաջ, երբ բացվում են գյումրեցի ընտանիքի տան դռները: Ներսում դարձյալ ամանորյա զարդարանքներն են, ընտանիքի 7 անդամների նկարները, փոքրիկներին՝ Սերյոժա եւ Հասմիկ Ավետիսյաններին պատկանող իրերը, իսկ պատերին ամենուր փամփուշտների թողած հետքերը…
Ավետիսյանների հարազատները դարձյալ պնդում են, որ սպանությունը բացահայտված չէ: Բազմաթիվ հարցեր ունեն, որոնք պատասխան չեն ստացել առ այսօր: Ամեն ինչ կապում են գործող իշխանությունների թուլության հետ՝ շեշտելով, որ եթե լիներ քաղաքական կամք, 7 հոգանոց ընտանիքի սպանությունը բացահայտված կլիներ: