Գտնվել է մարդու կյանքը երկարացնելու գաղտնիքը
Բրիտանացի գիտնականները աշխատում են մի սարքավորման վրա, որը կարող է երկարացնել մարդու կյանքի տևողությունը: Նրանք կարծում են, որ այդպիսով կարող են մարդու կյանքը երկարեցնել մինչև 150 տարեկանը:
Իհարկե մի խումբ թերահավատներ պնդում են, որ դա ոչ այլ ինչ է, քան գիտական ավանտյուրա և գիտնականներին դժվար թե հաջողվի իրենց նոր սարքի միջոցով էականորեն երկարեցնել մարդու կյանքը:
Այնուհանդերձ Հարվորդի համալսարանի գենետիկայի պրոֆեսոր Դևիդ Սինկլերն այլ կերպ է կարծում: «Այդ ամենը շատ խոստումնալից է թվում: Մենք տեսնում ենք, որ ծերացումն անդառնալի երևույթ չէ, այն կարելի է դանդաղեցնել: Մեզանից շատերը կարող են ապրել մինչև 150 տարի և այդ նպատակը կյանքում իրականացնելու համար պետք է շարունակել հետազոտությունները», -ասում է բժիշկը:
Պատրաստուկի գաղտնիքը հետևյալն է. նախ այն ռեսվերատրոլ է, որը առանձնացվում է կարմիր գինուց: Գիտնականները հայտարարում են, որ այն խանգարում էբջիջների ծերացմանը` դրանով իսկ երկարեցնելով մարդու կյանքը:
Ռեսվերատրոլը մի տարր է, որը արտադրվում է մի քանի բույսերից` որպես պաշտպանիչ միջոց վնասակար բակտերիաներից: Կրծողների վրա անցկացված կլինիկական փորձերը ցույց են տվել, որ ռեսվերատրոլն ունի հակաբորբոքիչ, հակաուռուցքային հատկություն, ինչպես նաև իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Դրանից բացի պարզվել է, որ այն ազդում է որոշ տեսակի ձկների կյանքի տևողության երկարացման վրա:
Մինչև վերջերս ռեսվերատրոլը չէին փորձարկել մարդու վրա: Russia Today-ը հաղորդել է, որ առաջին անգամ նման փորձ կատարել է բրիտանական GSK դեղագործական կազմակերպությունը: Նրանք այն փորձարկեցին շաքարախտով և մաշկային հիվանդություններով տառապող մարդկանց վրա:
Պատրաստուկի հաջորդ կարևոր բաղադրիչը SIRT 1 պրոտեինն է, որը խթանում է բջիջների աշխատանքը և թույլ չի տալիս օրգանիզմում ուռուցքների առաջացում: Փորձի միջոցով ապացուցվել է, որ այն երկարեցնում է մկների, մեղուների և ճանճերի կյանքը: