loading...

Գործուղման մեջ եմ եղել. առողջապահության նախարարը՝ Էրեբունի ԲԿ-ում մահացած ծննդկանի մասին



Դիտումներ ` 1394
Գործուղման մեջ եմ եղել. առողջապահության նախարարը՝ Էրեբունի ԲԿ-ում մահացած ծննդկանի մասին

Խորհրդարանում լրագրողներն առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանից հետաքրքրվեցին օրերս Էրեբունի ԲԿ-ում 19-ամյա ծննդկանի մահվան հանգամանքներից: Նախարարը հակված չէր պատասխանել հարցերին. նա նշեց, որ դեպքի ընթացքում երկօրյա գործուղման մեջ է եղել, չի կարող որեւէ բան ասել եւ լրագրողներին առաջարկեց, որ եթե գրավոր դիմեն նախարարություն, իրենք կպարզաբանեն:

Դիտարկմանը` մահացածի հարազատները պնդում են, որ ամեն ինչ արվում է, որ դեպքը կոծկվի, նա ասաց. «Նման բան չի կարող տեղի ունենալ, գիտեք, որ քննություն է ընթանում բոլոր իր կանոններով»:

Նա նաեւ խուսափեց պատասխանել այն հարցին` արդյո՞ք օրենքը թույլ տալիս է երեխային դուրս գրել հիվանդանոցից առանց ծննդյան վկայականի, իսկ այս դեպքում հարազատները պնդում են, որ հենց առանց վկայականի էլ դուրս են գրել:



«Եկեք ես օրենք չմեկնաբանեմ: Ես չեմ կարող հիմա օրենք մեկնաբանել այստեղ, առանձին դեպքը կքննենք, ձեզ պատասխանը կտանք»,- ասաց նա:

Ալթունյանը հավելեց, որ քննությունը գնում է, կքննվի բոլոր սխալները, բոլոր քայլերը քննության են առնված եւ բոլոր պատասխանները կտրվեն: Հարցին` ընդհանրապես օրենքը թույլ տալի՞ս է առանց ծննդյան վկայականի երեխային դուրս գրել, նախարարը կրկին տվեց խուսափողական պատասխան եւ նշեց, որ այդ հարցին գրավոր կպատասխանի: Նա ասաց, որ տեղյակ է բոլոր մահվան միջադեպերից, քննությունը գնում է:

Մինչեւ քննության ավարտը, այս դեպքի հետ կապված նախարարը ոչ մի մեկնաբանություն չի անի: Նա նաեւ նշեց, որ տեղյակ չէ` հարազատներն ինչ դիրքորոշում ունեն, ինքը տեղյակ է միջադեպից եւ սկսված քննությունից:

«Պատշաճ մարմինները փորձում են պարզել, ես որպես առողջապահության նախարար, վերահսկում եմ այդ քննության ճշգրտությունը»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է հարցին` ի՞նչ է կարծում այստեղ բժշկի մեղավորություն կա՞, Ալթունյանը պատասխանեց, որ մինչեւ քննության ավարտը ոչ մի բան չի կարծում: Դիտարկմանը` Դավիթ Աբովյանն է բուժել հղի կնոջը, իսկ նախարարություն հասած թղթերի մեջ արդեն չի եղել այս բժշկի անունը, նա ասաց.

«Եկեք չպատասխանեմ այդ հարցին, ես ոչ մի բան չեմ կոծկում, գնում է քննություն, ես տեղյակ չեմ` ով է բուժել, այնքանով տեղյակ չեմ, ինչքանով որ հրապարակային հիմա հայտարարեմ»:

Նախարարը իր ցավակցությունները հայտնեց մահացածի բարեկամներին եւ խորը վիշտը՝ կատարվածի կապակցությամբ: «Ինչ վերաբերում է փաստաթղթերին` համոզված եղեք, որ ամենայն օբյեկտիվությամբ քննություն կկատարվի, ոչ մի բան չի կոծկվի, ամեն ինչ բաց կդրվի ձեր աչքի առջեւ»,- եզրափակեց նա:

http://armtimes.com/hy/article/130801


loading...

Փակել