loading...

Գոռ Հակոբյանի և կնոջ երկարատև բաժանումն ու Գոռի հրապարակային սիրո խոստովանությունը Հրանուշի տարեդարձի առթիվ



Դիտումներ ` 1596
Գոռ Հակոբյանի և կնոջ երկարատև բաժանումն ու Գոռի հրապարակային սիրո խոստովանությունը Հրանուշի տարեդարձի առթիվ

Երգիչ, դերասան Գոռ Հակոբյանի կինը` Հրանուշը, այսօր նշում է 28–ամյակը։ 12 տարվա համատեղ կյանքի ընթացքում առաջին անգամ նա տարեդարձը Գոռի հետ չի նշելու։ Դերասանն այս օրերին համերգային շրջագայության է։ Tert.am Life–ի հետ զրույցում Հրանուշը պատմեց իր և ամուսնու երկարատև բաժանման, նրա` առաջին հրապարակային սիրո խոստովանության և շնորհավորանքի մասին։

 

Պարզվում է` Գոռն այսօր ոչ միայն Հրանուշի կողքին չէ, այլև չի կարողացել առաջինը շնորհավորել կնոջը, քանի որ ուղիղ կեսգիշերին ինքնաթիռի մեջ է եղել։ «Գոռը միշտ առաջինն է շնորհավորում ինձ, այս տարի չկարողացավ։ Ես էլ քնել էի, առավոտյան արթնացա, տեսա` հենց ինքնաթիռը վայրէջք է կատարել, նամակ է գրել։  Դրանից հետո նաև հրապարակային գրառում էր արել Ֆեյսբուքում»,– ասաց Հրանուշը։

 

Գոռը սիրելիի էջում հետևյալ շնորհավորանք–սիրո խոստովանությունն է գրել. «Այսօր իր ծնունդն է։ Իմ սիրուն, իմ խելացի, իմ լավ ընկեր ու խորհրդատու, իմ 12 տարվա անբաժան մասնիկ, իմ ամեն ինչ։ Շնորհավոր ծնունդդ գանձս»։



Հրանուշը նշեց, որ շատ է շոյվել գրառումից, հատկապես, որ Գոռը նման խոսքեր հրապարակային գրելու սովորություն չունի։ «Առհասարակ, նա չի սիրում հրապարակային նման բաներ գրել, այս անգամ, երևի, հեռավորությունն էր ունեցել  իր ազդեցությունը։ Ես շատ եմ շոյվել, սակայն դա ինձ համար հուզվելու առիթ չէր, քանի որ իր կողմից միշտ սեր ու ուշադրություն եմ ստանում։ Պարտադիր չէ, տոն լինի, նոր հիշի, որ պետք է  հաճելի անակնկալ մատուցի։ Առանց առիթի էլ հաճախ է, օրինակ, ծաղիկներ  նվիրում ինձ, քանի որ ես պաշտում եմ ծաղիկները»,– նշեց Հրանուշը։

 

Այսօր դերասանը կնոջը նվեր չի ուղարկել, քանի որ Հրանուշի նվերը, սովորաբար, լինում է գումարի տեսքով, որպեսզի գնի այն, ինչ ինքն է ուզում։

 


 

Դերասանի կինը նկատեց, որ այս տարի մի փոքր տխուր է, այդ իսկ պատճառով ոչինչ չէր կազմակերպել, սակայն օրվա ընթացքում հասկացել է, որ հյուրեր է ունենալու և այս պահին փորձում է երեկույթ կազմակերպել. «Եթե Գոռն այստեղ լիներ, վստահ եմ, հետաքրքիր ինչ–որ բան կկազմակերպեր։ 12 տարի ես չեմ իմացել` իմ տարեդարձին ինչ է ինձ սպասվում։ Դրա համար այս տարի էլ ոչինչ չէի նախաձեռնել։ Չէի ուզում հավաքույթ անել, որովհետև որքան էլ սիրելի ու հարազատ մարդիկ գան, ինձ համար Գոռն  է ուրախություն, բայց օրվա ընթացքում հասկացա, որ հյուրեր եմ ունենալու»։

 

Հրանուշը նշեց, որ այս անգամ իրենց բաժանումը շատ երկար տևեց։ Մի անգամ ինքն ու Գոռը մեկ ամիս երեխաներից էին հեռու, երբ մեկնել էին ԱՄՆ, սակայն իրարից երբևէ այսքան երկար հեռու չեն եղել։ «Մեր սահմանը 10-15 օրն էր, այն էլ` մեծ դժվարությամբ։ Այս անգամ սահմանեցինք մեկ ամիսը։ 20 օրն անցել է, մնացել է 9–ը։ Թվում է` 9 օր է, բայց ինձ համար դա շատ երկար է։ Մեզ համար դա, իսկապես, երկարատև բաժանում է։ Շատ բարդ է։ Նույնիսկ չեմ ուզում ինչ–որ բան անել, սակայն հասկանում եմ, որ դա իր աշխատանքն է, պիտի հարմարվենք»,– եզրափակեց նա։

 


loading...

Փակել