Մյուս կողմից, եթե Ծառուկյանը գա այդ եզրահանգման, առաջանալու է կուսակցության ճակատագրի հարցը, ինչպես օրինակ 2015-ի փետրվարին: Իսկ ներկայում այդ ուժի գոյությունը կարող է պետք լինել շատերին, բացի թերեւս հենց Գագիկ Ծառուկյանից: Ի վերջո, դա երաշխիք կամ միջոց էր նախկին համակարգի կանոնների եւ տրամաբանության շրջանակում: Նոր իրավիճակում այն ժամանակի ընթացքում դառնալու է լիովին ավելորդ ծախս:
Ընդ որում, ծախս, որը Գագիկ Ծառուկյանին ոչ միայն չի օգնի ավելացնել, կամ թեկուզ պահել հանրային վարկանիշը կամ հեղինակությունը՝ ինչը ցույց տվեց Երեւանի արդյունքը, այլ նույնիսկ կտանի դրա էական նվազմանը:
Ծառուկյանն օբյեկտիվորեն ստիպված էր նախորդ համակարգում մտնել քաղաքականություն: Ներկայում նա ստիպված չէ մնալ քաղաքականության մեջ, ու թեեւ նաեւ չունի հեռանալու պարտադրանք, այդուհանդերձ պահը բաց թողնելու դեպքում նա կարող է ստիպված լինել հեռանալ: Ոչ թե իշխանության, այլ արդեն հանրության ու հանգամանքների ճնշման տակ:
Մինչդեռ, քաղաքականության վրա ծախսվող փողը Գագիկ Ծառուկյանը կարող է ծախսել հանրային ամենատարբեր նախագծերի վրա, կուսակցական թրենդից զերծ, ու ստանալ թե անձնական, թե հանրային շատ ավելի մեծ էֆեկտ: Տասը տարի քաղաքականության մեջ նա կատարել է որոշակի դեր, թե հարաբերական արդյունավետությամբ, թե նաեւ դրականի ու բացասականի հարաբերական համամասնությամբ: Նոր իրավիճակում նա քաղաքականության մեջ դեր չունի, ըստ այդմ չունի նույնիսկ հարաբերական դրականության ու բացասականության հեռանկար: Փոխարենը նա ունի քաղաքականությունից դուրս միարժեք դրական գերակշռությամբ հորիզոն: